ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը հարցերին տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 24, 2013 17:01

Մարիամ Լևինա, Նյուզ.ամ –  Հարցս վերաբերվում է Ստեփանակերտի օդանավակայանին։ Օրերս Ադրբեջանում որոշում ընդունվեց, որը իբր ուղղված է այդ երկրի օդային սահմանների պաշտպանությանը, բայց իրականում փորձ է արվում օրենքի ուժ տալ Ադրբեջանի կողմից արված սպառնալիքներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ամենը։

Էդվարդ Նալբանդյան։ Ադրբեջանը աղմկում է և աղմկելով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը։ Եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել այս հարցը։ Ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ Հայաստանը որևէ քայլ չեն ձեռնարկել և չեն ձեռնարկելու օդանավակայանի գործարկումը քաղաքականացնելու նպատակով։

Ադրբեջանական կողմը խոստում էր տվել, պարտավորություն էր վերցրել եռանախագահների հետ հանդիպման ժամանակ, որ զերծ է մնալու քաղաքացիական ինքնաթիռների դեմ ուժի գործադրումից և ուժի գործադրման սպառնալիքից: Չնայած դրան, ամենաբարձր մակարդակով ադրբեջանական ղեկավարությունը կոպտորեն խախտելով այդ պարտավորությունները՝ սպառնում է ուժ գործադրել քաղաքացիական ավիացիայի դեմ։ Եռանախագահները բազմիցս կոչ էին արել զերծ մնալ դրանից։ Եվ պարզ էր, թե այդ կոչը ում էր ուղղված՝ հենց Ադրբեջանին։

Պարզ է նաև, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը չի կապակցված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ասպեկտների հետ: Եռանախագահները ասել էին, որ դա չպետք է որևէ ձևով կանխորոշի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Ոչ Լեռնային Ղարաբաղը, ոչ Հայաստանը երբևէ չեն կապակցել Ստեփանակերտում օդանավակայանի բացումը այլ հարցերի հետ։ Բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը միայն քաղաքացիական և հումանիտար նպատակներ ունի։ Ադրբեջանը չի թաքցնում և դրա մասին բացեիբաց ասում է, որ իրենց նպատակն է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը և ստիպել ժողովրդին լքել Արցախը։ Դա մինչ այսօր իրենց չի հաջողվել և չի հաջողվելու:

Հրածին Սաֆարյան, Հ2 հեռուստաընկերություն – Պարոն նախարար 2013թ.-ի արտաքին քաղաքականության գերակայությունները որո՞նք են լինելու։ Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան։ Դուք եթե նայեք 2012թ.-ի մեր ամփոփումը, այդ նույն ուղղություններով ԱԳՆ-ն շարունակելու է աշխատանքները 2013-ին: Ես կցանկանայի հիշատակել, որ 2013-ին Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդում։ Դա շատ պատվավոր առաքելություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն: Մենք պատրաստում ենք մեր առաջնահերթությունները նախագահության ընթացքում, համապատասխան լայնածավալ ծրագիր է մշակվում։  Այն ներկայացվելու է ապրիլ ամսին, որովհետև նախագահությունը ստանձնելու ենք մայիսին։ Ապրիլ ամսին Երևան է այցելելու Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարը և միասին մենք կներկայացնենք ծրագիրը։

Նաև պետք է նկատի ունենալ, որ 2013թ.-ին Հայաստանը նախագահելու է Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում:

Նախատեսվում է նաև տարվա երկրորդ կեսին Արևելյան Գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների և Եվրամիության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը անցկացնել Հայաստանում։ Տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ փոխայցելություններ և Հայաստանի մասնակցությունը տարբեր միջազգային ֆորումներին։ Այդ ամենը պատշաճ ձևով կներկայացվի այդ ծրագրերի համապատասխան ժամկետներում։

Արամ Արարատյան, Մեդիամաքս գործակալություն – Պարոն նախարար նախատեսվում է արդյո՞ք մոտ ապագայում հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների կամ նախագահների միջև և ընդհանուր առմամբ ի՞նչ է կատարվում այսօր բանակցային գործընթացում:

Էդվարդ Նալբանդյան։ Այո, հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է հանդիպում եռանախագահների հետ և եթե անհրաժեշտություն լինի, ապա նաև հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։ Դեռ նախագահների մակարդակով որևէ հանդիպում ծրագրված չէ։

Ի՞նչ է կատարվում բանակցությունների ընթացքում։ Գիտեք, որ Կազանում Ադրբեջանի պատճառով առաջընթաց հնարավոր չեղավ արձանագրել, որովհետև ադրբեջանական կողմը փաստորեն հրաժարվեց՝ առաջ քաշելով տասնյակ փոփոխություններ արդեն համարյա համաձայնեցված տեքստում։ Նույնը նաև արել էր նախորդ հանդիպումների ժամանակ։ Բոլորը սպասում էին, որ Կազանի հանդիպումը շրջադարձային կլինի, բայց այդպես չեղավ։ Ադրբեջանն արեց ամեն ինչ, որպեսզի այս գործընթացն առաջ չգնա։

Պետք է նկատի ունենալ, որ 2012-ին, ինչպես նշեցի իմ ներածական խոսքում, կարևոր հայտարարություններ եղան։  Ինչի՞ մասին էր Սոչիի հունվարյան հայտարարությունը, որի տակ նաև համաձայնվել էր իր անունը դնել Ադրբեջանի նախագահը. որ պետք է արագացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը։ Մի քանի օր անց, եթե չասեմ հաջորդ օրը, Ադրբեջանից հնչեցին իրենց հին երգերը, որ հիմնարար սկզբունքների շուրջ բանակցություններն անիմաստ են, պետք է անցնել պայմանագրի մշակմանը։

Ինչպե՞ս կարելի է պայմանագիր մշակել առանց հիմնարար սկզբունքների շուրջ անգամ համաձայնության գալու։ Եվ դա էր պատճառը, որ Լոս Կաբոսում եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունված հայտարարության մեջ աջակցություն էր հայտնվում Սոչիի հայտարարությանը և կոչ էր արվում արագացնել սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը։

Ադրբեջանը ամբողջ տարվա ընթացքում մերժեց դա։

Դուբլինում դեկտեմբերին ընդունված հայտարարություններում հղում կատարվեց Սոչիի և Լոս Կաբոսի հայտարարություններին: Ադրբեջանը մինչ այսօր փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ձախողի բանակցություններն այն առաջարկների հիման վրա, որոնք եռանախագահների կողմից ներկայացված են։ Բացի դրանից, կան մի քանի այլ խնդիրներ, որոնք քննարկվում են հանդիպումների ժամանակ։ Դուք գիտեք, որ առաջարկներ էին եղել դեռ 2011-ի մարտին, նորից Սոչիում կայացած հանդիպման հայտարարության մեջ, ինչը վերահաստատվեց նաև 2012 հունվարյան հայտարարության մեջ։

Հայտարարությունը, ինչպես նշեցի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից էր արվել։ Ասվում էր միջադեպերի հետաքննության հատուկ մեխանիզմի ստեղծման մասին։ Չնայած Ադրբեջանի նախագահի անունը կա այդ հայտարարության տակ, սակայն Բաքուն ամեն ինչ արեց, որպեսզի ձախողի որևէ քննարկում, բանակցություն այս մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։

Փաստորեն Ադրբեջանը դեմ լինելով այս մեխանիզմի ստեղծմանը՝ իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը բոլոր միջադեպերի՝ շփման գծում և սահմանի վրա, նաև դրանց արդյունքում մարդկային կորուստների համար։

Հիշեցնեմ, որ վերջերս՝ դեկտեմբեր ամսին, Դուբլինում ևս մեկ անգամ եռանախագահները կոչ արեցին համապատասխան քայլեր ձեռնարկել 1994թ.-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը ամրապնդելու համար։ Ադրբեջանի նախարարը, դեմ լինելով, որպեսզի որոշ դրույթներ ներգրավվեն այդ հայտարարության մեջ, խոչընդոտեց, որ այդ հայտարարությունը լինի հնգակողմ ձևաչափով, այսինքն՝ եռանախագահներ պլյուս Հայաստան և Ադրբեջան։

Ադրբեջանը դեմ դուրս եկավ այնպիսի սկզբունքային հարցերի, ինչպիսիք են եռանախագահների կողմից բազմիցս առաջադրվող հայտնի երեք սկզբունքները, վերջին անգամ՝ Լոս Կաբոսում նախագահների մակարդակով հայտարարության մեջ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանն անգամ դրա դեմ հանդես եկավ։ Հայտարարությունն եղավ եռակողմ՝ միայն եռանախագահների կողմից։ Հայաստանը կարող է իր ստորագրությունը դնել այդ հայտարարության տակ։

Պարզ է, որ բանակցություններին այլընտրանք չկա և բանակցությունները պետք է շարունակել։ Ադրբեջանը փորձում է հնարավոր պատրվակ օգտագործել, որպեսզի խոչընդոտել բանակցությունների առաջընթացին։ Իրականում բանակցությունները առաջ չեն գնում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Հայաստանը եռանախագահների հետ համատեղ շարունակելու է ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար։

Աննա Նազարյան, Հանրային ռադիո – Պարոն նախարար, Դուք ամեն հարմար առիթ օգտագործում եք նշելու, որ Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միանգամայն համահունչ է միջնորդների դիրքորոշմանը: Նույնը անում է նաև Ադրբեջանի ղեկավարությունը: Սա համարե՞նք բնական, թե կխնդրենք Ձեր կարծիքը։

Էդվարդ Նալբանդյան։ Ես չեմ լսել, որ Ադրբեջանը երբևէ ասի, որ միջնորդների մոտեցմանը իրենց դիրքորոշումը համահունչ է։

Ինչ են իրենք ասում, որ իբրև թե միջազգային հանրությունը պաշտպանում է Ադրբեջանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում։

Բաքվում այնքան են փորձել խաբել իրենց հանրային կարծիքը, որ հենց խաբողները սկսում են հավատալ իրենց հորինած ստերին։ Ինչի՞ վրա են իրենք հղում կատարում։ Ասում են, որ տեսեք, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Չմիացած երկրների շարժումը հայտարարություններ են ընդունում։ Ոչ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ոչ Չմիացած երկրների շարժումը չեն զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը ընթանում է ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ: Եվ երբ որ մենք ասում ենք, որ մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցմանը, ապա մենք նկատի ունենք բոլոր այն հայտարարությունները, որոնք արվել են ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Եթե մենք վերցնենք Հելսինկիում, Աթենքում, Ալմաթիում, Աստանայում, Վիլնյուսում և նաև Դուբլինում ընդունված հայտարարությունները, եթե մենք վերցնենք չորս հայտարարություն՝ արված եռանախագահ երկրների ղեկավարների կողմից՝ Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս Կաբոսում, ապա այո, մեր մոտեցումներին համահունչ են այդ հայտարարություններին:

Ադրբեջանը ընտրովի, հայտարարությունների միջից ինչ-որ մի կետ է հանում, ասում է մենք էլ ենք սրա հետ համաձայն։ Նույնը անում են բանակցությունների ընթացքում։ Եռանախագահողների կողմից ներկայացված առաջարկների այս կետին մենք համաձայն ենք, եկեք այս համաձայնությունը ձևակերպենք, իսկ մնացածը թողնենք հետագայի համար։ Պարզ է, որ կետերի վրա են համաձայնվում, նոր բան չէ։ Մեկ բանի վրա են շեշտը դնում՝ տարածքների վերադարձ։  Ասում են, տարածքների վերադարձից հետո պատրաստ կլինենք քննարկել այլ հարցեր։

Դրա պատճառով էր, որ Աստանայում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եռանախագահների անունից հայտարարեց, և որը վերահաստատվեց բազմիցս եռանախագահների կողմից, թե Ռուսաստանի և թե Ֆրանսիայի կողմից, որ բոլոր սկզբունքները և դրույթները, որոնք մշակվել են եռանախագահների կողմից և ներկայացվել են կողմերին, կրում են փաթեթային բնույթ և չեն կարող բաժանվել մեկը մյուսից, չի կարող առավելություն տրվել մեկ սկզբունքին կամ մեկ դրույթին։ Սա է ընդհանուր մոտեցումը միջազգային հանրության և մենք միանգամայն համաձայն ենք այդ մոտեցմանը։

Էմմա Գաբրիելյան, Առավոտ օրաթերթ – Պարոն նախարար, անցյալ շաբաթ տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, որի շրջանակներում նա նշեց, որ Աբխազական երկաթուղու վերագործարկումը հնարավոր է, եթե կողմերը կամք դրսևորեն: Այս հայտարարությունը բավական կոշտ արձագանքի արժանացավ Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի կողմից, որը այս հնարավորությունը կապեց Ռուսաստանի շահերի հետ: Ես նախ կուզենայի իմանալ` պաշտոնական Երևանը բարձրացրել է արդյոք   Վրաստանի վարչապետի հետ բանակցություններում երկաթուղիների հարցը, և Ռուսաստանի իշխանությունների կողմից, որքանով որ պաշտոնական Երևանը տեղյակ է, ինչ արձագանքներ կան այս հարցի շուրջ:

Էդվարդ Նալբանդյան: Մինչև Ձեր հարցին պատասխանելը, ես կուզենայի ևս մեկ հավելում անել նախորդ հարցի պատասխանին։ Երբ ադրբեջանցիները հղում են կատարում Չմիացած երկրների շարժման հայտարարությանը, որը ինչ-որ մանրամասն հայտարարություն չէր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, այնտեղ ուղղակի երեք սկզբունքի փոխարեն երկու սկզբունք էր հիշատակվում, այսինքն` չէր հիշատակվում ինքնորոշման իրավունքը:

Եվ դա զարմանալի է, որովհետև Չմիացած երկրների շարժման հիմնարար
սկզբունքներից, հենց Բանդունգի սկզբունքների մեջ գլխավորը ինքնորոշման իրավունքն է: Եվ քանի որ իրենք անդամ երկիր են, իսկ Հայաստանը ոչ, իրենք կարող են առաջարկություններ անել, որ իրենց կողմից ինչ-որ մի փոքրիկ պարբերություն մտնի հայտարարության մեջ։

Հայաստանի արտգործնախարարի ելույթից հետո մի քանի երկրներ հայտնեցին իրենց տարակուսանքը, թե ինչպես է այդպիսի բան մտցվել հայտարարության մեջ։

Ավելին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բազմաթիվ երկրներ, նաև Չմիացած երկրների շարժման անդամ են, իսկ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը հայտարարություն ընդունեց, որտեղ աջակցություն է հայտնվում եռանախագահող երկրների ջանքերին և նրանց կողմից առաջարկված երեք սկզբունքներին:  Նույնը կարելի է ասել Իսլամական երկրների կազմակերպության մասին, որոնք այլ ձևաչափերով, այլ կառույցներում տարբեր դիրքորոշումներ են արտահայտում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այսինքն ադրբեջանցիները իրենք իրենց խաբում են:

Երկաթգծի բացման վերաբերյալ, գիտեք, որ Իվանիշվիլիի այցելության
ժամանակ դրա մասին համապատասխան հայտարարություններ արվել,
մեկնաբանություններ էին տրվել: Այո, Հայաստանը շատ շահագրգիռ է և կարևորում է երկաթգծի բացումը և ինչ-որ հնարավոր է մեր կողմից
այս հարցին դրական և շուտափույթ լուծում տալու համար, իհարկե մեր հնարավորության սահմաններում, մենք անելու ենք: Շնորհակալություն:

Ա 1 պլյուս – Պարոն Նալբանդյան երկու փոքրիկ հարց: Դուք համաձայն եք մեր սպասվելիք ընտրությունների մասին Մեծ Բրիտանաիայի դեսպանի
գնահատականներին, առաջինը, և երկրորդը ինչ է կորցրել Ադրբեջանը, ըստ Ձեզ
Սաֆարովի ազատ արձակումից հետո:
Էդվարդ Նալբանդյան: Մեծ Բրիտանիայի դեսպանը, կարծեմ ինքը տվեց իր մեկնաբանությունը այն արձագանքին, որը հնչել է մամուլում և մեր հանրային կարծիքի կողմից։ Կարծում եմ շատ արձագանքներ միանգամայն տեղին էին:

Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով, ինչ-որ գնահատականներ տալը և կանխատեսումներ անելը չեմ կարծում այդքան կոռեկտ է: Եթե դեսպանը  որոշում է այդպիսի բաներ ասել, ուրեմն` պետք է մտածի, թե  ինչպիսի արձագանքներ կարող են լինել հանրային կարծիքում և ինչպիսի տրամադրություններ կարող են լինել դրա վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Սաֆարովի գործարքին: Դժվար է պատկերացնել, որ  Ադրբեջանի ղեկավարությունը այդ աստիճանի  չէր կարող հաշվարկել, թե ինչպիսի արձագանք, ինչպիսի հետևանքեր կարող  է  ունենալ այդ գործարքը։  Ամբողջ աշխարհը միանշանակ դատապարտեց, իր դժգոհությունը հայտնեց: Դա  խայտառակություն դարձավ Ադրբեջանի համար։:

Միգուցե Բաքուն այլ  պատճառ էր հետապնդում, միգուցե սա փորձ էր  ձախողել  բանակցային գործընթացը:

Այո, դա անընդունելի էր, դա խայտառակություն էր, դա ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի սկզբունքները և արժեքները: Բայց այլընտրանք չկա բանակցություններին և Հայաստանը հայտարարեց, որ շարունակելու ենք բանակցությունները:

Միգուցե ադրբեջանցիները  տրամաբանությունից դուրս այլ պատճառներ էլ ունեին: Միգուցե  իրենց  յուրահատուկ տրամաբանությունն ունեն, շատ տարբերվող ամբողջ աշխարհի տրամաբանությունից:  Տեսնենք հետագա քայլերը:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply