Որո՞նք են ամուսնության դադարման հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 31, 2013 7:11

Ամուսնության դադարումն ամուսնության հետևանքով ամուսինների` տղամարդու և կնոջ միջև առաջացած հարաբերությունների դադարումն է: Ամուսնությունը դադարում է միայն օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով: Ամուսնության դադարում է համարվում իրավաբանորեն ձևակերպված ամուսնության հետևանքով ամուսինների միջև առաջացած որոշակի իրավահարաբերությունների դադարումն օրենքով սահմանված կարգով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 4-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ամուսնության դադարմանը: Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով: Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա: Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում` ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

Ամուսինների միջև ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում: Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում է կատարվում, եթե մյուս ամուսինը`

ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող,

բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ,

գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

3. Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե`

ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,

բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց,

գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:

Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև 3-ամսյա ժամկետ:

Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (կամ նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:

Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply