«Դեպի ապահով Հայաստան». Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեկնարկը տրված է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 24, 2013 13:20

Հունվարի 21-ին ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավը մեկնարկեց կառավարության շենքի միջնասրահում՝ նախընտրական «Մենք ենք տղերքը հանրապետական» երգի ներկայացմամբ։

Երգի հեղինակը իրավաբան Ալբերտ Աբգարյանն է, որը դժբախտ պատահարի հետևանքով տարիներ առաջ կորցրել է տեսողությունը։ Ալբերտն այժմ աշխատում է նախագահի վերահսկողության ծառայությունում՝ որպես իրավաբան։

Նրա համար անակնկալ է եղել իր ստեղծագործությունը ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի երգ դառնալու փաստը: Ալբերտը վստահ է, որ երգը Սերժ Սարգսյանին հաջողություն ու հաղթանակ կբերի, քանի որ ծնվել է նախագահի հանդեպ ունեցած հարգանքի և երախտագիտության զգացումից:

«Ալբերտ ջան, ես եմ շնորհակալ, երգիդ մեջ հույս կա, հավատ և շատ դրական էմոցիաներ: Ուզում եմ հավատալ, որ մի ողջ ամիս մեզ հետ շրջելով ողջ Հայաստանում՝ այն մեզ հաջողություն կբերի»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը։

Քարոզարշավի մեկնարկին նվիրված երեկոյի ժամանակ ելույթ ունենալով՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Հիշեք, որ մեր նախընտրական պայքարը որևէ մեկի դեմ չէ, մեր ժողովրդի քվեի համար է, մեր ծրագրերի շուրջ հասարակական աջակցության շերտն ավելացնելու համար է, ոգևորության ու հավատի ամրապնդման համար է. սրանք իսկապես էական են ապագա տարիների կարևոր գործերի համար: Մեր երկիրը միասին պիտի փոխենք, այդ միասնականության աստիճանը բարձրացնելու համար է նաև մեր նախընտրական արշավը»:

Նա իր թիմակիցներին նաև հիշեցրել է, որ իրենք երբեք չեն ընդունել և այսօր էլ չեն ընդունում հասարակության ներսում հակառակորդներ առանձնացնելու կամ թիրախավորելու, որևէ անձի, խմբի կամ քաղաքական ուժի պիտակավորելու գործելաոճը, որևէ բան քանդելու կոչեր չեն անում, եթե դրանք մեր զարգացումը խոչընդոտող, արմատացած արատավոր երևույթներ չեն:

«Հիշեք, որ մենք միշտ պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, մեր գաղափարները վերջին ատյանի ճշմարտություններ չեն, մենք էլ անսխալական չենք: Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում մեր դիրքորոշման հետ. չի բացառվում, որ այդ քննադատության մեջ է հենց այն թեզը, որը վաղը որևէ հարցի շուրջ մեր աշխատանքը էապես արդյունավետ է դարձնելու»,- շարունակել է նա,- մենք քննարկում ենք, ոչ թե նյարդայնանում հակառակ կարծիքից, մենք առաջարկում ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի վերելք և դեպի մեր ժողովրդի բարեկեցության բարձրացում, ոչ թե սևացնում ենք մեր մրցակիցներին: Մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաև չարվածի համար ու սկսածն ավարտելու քվե խնդրում մեր ընտրողներից, ոչ թե լեզվակռվի բռնվում մեզ հանիրավի պիտակավորողների հետ…»:

Ամփոփելով ելույթը՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այս ընտրապայքարով նաև սկսում են հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին տուն վերադարձնելու հնգամյա արշավը:

Հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը սկսեց բուն քարոզարշավը Սյունիքի մարզից:

«Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո նա հանդիպումներ ունեցավ մարզի մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը կարևորեց անմիջականորեն տեղում ճշտելը, թե անցած ժամանակահատվածում որքանով է մարդկանց պահանջներին, ծրագրերին, կարծիքներին համահունչ աշխատել, որքանով է այդ պահանջներն արտահայտած մարդկանց հետ համաքայլ ընթանում, արդյոք բոլորի ժամացույցի սլաքները համընթա՞ց են շարժվում:

Նա նշեց, որ պետական կառավարման համակարգում աշխատելու իր փորձից համոզվել է, որ ղեկավարը, ինչ մակարդակի էլ լինի, պետք է քայլի մարդկանց պահանջներին համընթաց՝ բնականաբար մշտապես իմանալով, ճշտելով նրանց կարծիքը:

Սերժ Սարգսյանը սյունեցիներին վստահեցրել է, որ նախորդ հանդիպմանը տված իր ամենակարևոր խոստումը, այն է՝ աշխատել օրնիբուն, առավոտից մինչ ուշ երեկո և աշխատել նվիրումով՝ փորձելով իր գործունեությամբ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, կատարել է:

Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները, իհարկե, միանգամից հնարավոր չէ լուծել և ապագայի ծրագրեր չունենալ: Եվ ընդգծել է, որ իր թիկունքին կազմակերպված քաղաքական ուժ ունեցող ցանկացած ղեկավար պարտավոր է մշտապես նշաձողը բարձր դնել, և եթե այս ընթացքում բոլոր խոստումները չէ, որ ամբողջությամբ կատարվել են, ապա տարին եզրափակվել է ոչ վատ ցուցանիշներով: «Անցած ժամանակահատվածում շատ լավ հիմքեր են ստեղծվել, որպեսզի մեր երկրի առաջընթացն ավելի արագ լինի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ կրկին խնդրելով սյունեցիների աջակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում և  վստահեցնելով, որ համատեղ ուժերով յուրաքանչյուր տարի նոր և ավելի մեծ ձեռքբերումներ են ունենալու:

 

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply