ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի այցը Լատվիայի Հանրապետություն

Պաշտոնական, Օրվա լուր | | January 24, 2013 12:22

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց ԱԳ նախարար Էդգարս Րինկևիչսի հետ: Կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը ստացել է պարբերական, առարկայական և արդյունավետ բնույթ: Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Զոհչաբ Մնացականյանը նախարարին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության ձեռքբերումներն ու իրականացվելիք քայլերը մինչև Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը: Կարևորվեց 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանակներում երկկողմ համագործակցության խորացումը:

Նախարարի հետ հանդիպմանը հաջորդեցին քաղաքական խորհրդակցությունները Լատվիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Անդրեյս Պիլդեգովիչսի հետ: Հանդիպման ընթացքում համաձայնեցվեց 2013թ. երկկողմ համագործակցության  օրակարգը, ինչպես նաև ծավալուն քննարկումներ կայացան բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:

Այցի շրջանակներում քննարկումներ անցկացվեցին Լատվիայի Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ` Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի, ԵՄ-Լատվիա-Հայաստան փոխգործակցության վերաբերյալ: Լատվիական կողմը ներկայացրեց  Լատվիայի և Հայաստանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության վերաբերյալ ուշագրավ առաջարկներ:

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) փոխխոսնակ Անդրեյս Կլեմենտյևսի հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական համագործակցության ժամանակացույցը:

Լատվիայի Սաեյմայում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինշի հետ, ինչպես նաև Լատվիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Իգոր Կլեմենտյևի հետ:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply