Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես Գրացում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 21, 2013 16:19

ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման և Հայ հնատիպ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունվարի 17-ին, Գրացի Հոգևոր սեմինարիայի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատկերը Գրացի համալսարանի գրադարանի հավաքածուներում պահվող ձեռագիր և տպագիր գրքերում. Հայկական տպագրության 500-ամյակը» գրքույկի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայում գործող PRO ORIENTE կրոնական իրավունքի հիմնադրամը` օժանդակությամբ Ավստրիայի Շթայերմարկ երկրամասի կառավարության, Գրացի Կարլ Ֆրանց համալսարանի, Կաթոլիկական կրթության հաստատության և Գրացի հայ եկեղեցական համայնքի:
Գրքի հղացման մասին խոսք ասաց և նրա բովանդակությունը ներկայացրեց Գրացի համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի վարիչ, համալսարանի կազմում գործող VESTIGIA հետազոտական կենտրոնի ղեկավար դր. Պրոֆ. Էրիխ Ռենհարտը, ով նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործի կազմակերպիչներից է:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Մատենադարանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ հայագիտության մարզում Գրացի համալսարանի արդյունավետ համագործակցության խնդրին, կարևորեց և բարձր գնահատեց Մատենադարանի ձեռագիր հավաքածուների թվայնացման գործում համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի և նրա վարիչ Էրիխ Ռենհարտի բերած մասնագիտական ու անձնական նպաստը:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply