Վաղը Շենգավիթի դատարանում ցուցմունք կտա Նարեկ Հարթունյանը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 21, 2013 11:49

Վաղը՝ հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Շենգավիթի դատարանում, ուր շարունակվում է Հարթունյան ընտանիքին պատկանող  «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հարկային պարտավորությունների գործով դատավարությունը, ցուցմունք կտա  սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանը: Հիշեցնենք, որ, ըստ գործի, ընկերությունն ունի ավելի քան 64 մլն դրամի հարկային պարտավորություն:

Իսկ մինչ այդ, նախորդ դատական նիստում հարցաքննվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե.Զադոյանը:

«Ես ոչ մի ելակետային թիվ ինքս չեմ հայտնաբերել: Բոլոր ելակետային տվյալները հիմք եմ ընդունել քրեական գործի շրջանակներում քննիչի կողմից ինձ տրամադրված, արդեն իսկ գնահատված թվերից»,- պատասխանելով փաստաբաններ Հայկ Ալումյանի և Գևորգ Չաքմիշյանի հարցերին՝ նշել էր փորձագետը:

«Բայց քննիչը տեղեկություններ հավաքելու գործառույթ ունի, ոչ թե գնահատականներ տալու: Միգուցե ցանկանում եք ասել՝ պարզապես քննիչի տրամադրած ելակետային թվերի հիման վրա եք կազմել եզրակացությունը»,- փորձեց հարցն ավելի մանրամասնել պաշտպանական կողմի փաստաբաններից Գևորգ Չաքմիշյանը: Փորձագետը, սակայն, կրկնեց, որ քննիչն իր «Պարզեցի» մասում հստակ նշել է՝ գնահատված տվյալներ:

Փորձել է փորձագետը ստուգել քննիչի կողմից ներկայացված տվյալների մաթեմատիկական ճշտությունը հարցին՝ հետևեց փորձագետի պատասխանը. «Մենք իրավունք չունենք ստուգելու այդ թվերը: Փորձագետը իրավական գնահատական անելու իրավասություն չունի: Չունեմ նաև մոնիթորինգի իրավասություն: Նախաձեռնողը քննչական մարմինն է, որը ինձ գնահատված տվել է: Ես հղում եմ արել հենց այդ մարմնի տված ելակետային թվերին: Կրկնում եմ՝ ինձ քննչական մարմինը տվել է գնահատված տվյալներ»:

Փորձգետը նաև ներկայացրեց, որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը ոչ ճիշտ տվյալներ մուտքագրելու  հետևանքով գոյացրել է հարկային պարտավորություններ, որն, ըստ նախաքննության մարմնի, հասնում է ավելի քան 64 մլն դրամի: «Այդ սխալներն ամենատարբեր բնույթի են եղել՝ սկսած իրացման իրական ծավալների պակաս ներկայացմամբ, վերջացրած՝ շահութահարկի ոչ ճիշտ հաշվարկով: Ես իմ 48 էջում մանրամասն նկարագրել եմ»,-նշեց փորձագետ Զադոյանը: Իսկ սխալները արդյոք դիտավորության հետևանք են, թե այլ պատճառ կա հարցին փորձագետը նշեց. «Դիտավորություն պարզելն իմ խնդիրը չի»:

«Մի՞թե հնարավոր չէր ավելի ճշգրիտ հաշվարկել թվերը՝ կասկածի տակ դնելով ելակետային թվերը». Հայկ Ալումյանի այս հարցին փորձագետը պատասխանեց այսպես.  «Ես տրամադրված տվյալներին չէի կարող հակաճառել: Բայց եղել եմ ընկերությունում, նայել նաև գրքային մնացորդները, առաքման գիրքը նայել եմ: Դրանք համապատասխանել են փաստաթղթերի հետ: Իսկ եթե չհամապատասխաներ, ապա կարձանագրեի:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ ամեն դեպքում պարզ դարձավ, որ ընկերության երկու աշխատակիցների և մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանի դեմ հարուցված քրեական գործի, ստուգման ակտի և փորձագետի եզրակացության համար հիմք են հանդիսացել նախաքննության մարմնի կողմից տրամադրված տվյալները:  Իսկ քննիչի ստացած երկու հիմնական թվերը՝ իրացման շրջանառությունը 20 տոկոսով ավելի ցածր ցույց տալն, ՀԴՄ-ների թվերի հարցը վիճարկվում է դտական կարգով, և հարց է, թե ինչ իրավական գնահատական կտա դատարանը:

 Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

 Հ.Գ. Ի դեպ, Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ Ե.Զադոյանը փորձաքննության ստաժի մասում նշել է, որ 25 տարի աշխատել է հարկային համակարգում և միայն 2010 թ-ից է աշխատում որպես փորձագետ:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply