ԵԽԽՎ-ում Հայաստանի ներկայացուցիչը ցնցված է ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 20, 2013 10:02

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը ցնցված է նախագահական ընտրությունների նախաշեմին ԵԽ դիտորդների հայտարարությունից: «Ես ցնցված եմ ընտրություններից առաջ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության մամլո հաղորդագրության ձեւից եւ բովանադակությունից եւ պարտավորված եմ զգում անդրադառնալ բոլոր երեք բացասական գնահատականներին»,-նշվում է Դ. Հարությունյանի` ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Կարին Ուոլդսետին եւ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին ուղղված նամակում:

Պատվիրակության առաջին բացասական գնահատականը վերաբերում է ընտրությունների նախաշեմին ընտրացուցակներում առկա ենթադրյալ էական անճշտություններին:«Այս բացասական գնահատականը նախապես պատրաստվել է մինչեւ պատվիրակության հանդիպումը ցուցակների մշակման համար պատասխանատու կառույցի` Ոստիկանության հետ, եւ գրավոր հաղորդագրությունը հայերենով եւ անգլերենով տարածվել է այդ հանդիպումից անմիջապես հետո»,-նշվում է նամակում:Իրականում, ավելացնում է Դ. Հարությունյանը, այդ բացասական գնահատականը վերցվել է 2012թ. մայիսին խորհրդարանական ընտրություններին բարոնուհի Նիկոլսոնի ղեկավարած դիտորդական առաքելության զեկույցից:

«Քանի որ մենք այդ զեկույցի պնդումները դիտում ենք որպես կեղծ եւ ցանկացած ողջամիտ բացատրություն անտեսող, խորհրդարանական ընտրություններից հետո մենք ԵԽԽՎ –ին հրավիրեցինք անցկացնել հետընտրական գնահատական` ստուգելու համար ընտրացուցակների ճշգրտությունը: Ցավոք, մեր հրավերը չընդունվեց, փոխարենը որոշվեց շարունակել ընտրացուցակների որակի վերաբերյալ անհիմն եւ կեղծ մեղադրանքները»,-հայտարարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:Դիտարկելով եվրոպական դիտորդների մտահոգության հիմնական պատճառները, Հարությունյանը հիշեցնում է.

1. 2011-2012թթ. մեծ քանակով անձնագրերի տրամադրումը կապված է այն բանի հետ, որ Հայաստանն ազգային անձնագրերն սկսել է տրամադրել երկու տասնամյակ առաջ` դեռ 1992 թ-ին` 10-ամյա ժամկետով:

2. Երկու նախորդ ընտրությունների միջեւ ընկած հատվածում ընտրողների թվի 157 հազարով ավելացումը, ժողովրդագրական ցուցանիշի նվազման համապատկերում, պայմանավորված է երեք հիմանկան գործոնով. 1990-1994թթ. ծնվածների մեծ թվով, որոնք արդեն ընտրելու իրավունք ունեն, երկքաղաքացիների թվի կտրուկ ավելացմամբ (43,800) եւ անձնագրերի տերերի նկատմամբ նոր, առավել խիստ պահանջով` կապված բնակության մշտական հասցեն նշելու հետ:«Իհարկե, ցանկացած երկրի համար տեսականորեն անհնար է վերացնել ընտրացուցակներում առկա բացարձակապես բոլոր անճշտությունները: Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները դրանք վերացրեցին առավելագույն չափով, որքան հնարավոր է»,-նշվում է նամակում:

Բացի այդ, Հարությունյանի խոսքով, Հայաստանի օրենսդրությունը բավարար երաշխիքներ է պարունակում դրա համար: Այսպես, ցանկացած քաղաքացի կարող է ցանկացած ժամանակ ստուգել` գտնվում է ընտրողների ռեգիստրում, թե ոչ: Ընտրացուցակներն ընտրատեղամասերում փակցվում են ընտրություններից 40 օր առաջ: Ցանկացած անձ, կուսակցություն, ՀԿ եւ այլ կազմակերպություն հնարավորություն ունի 35 օրվա ընթացքում վարչական ընթացակարգ սկսել անճշտությունների վերացման համար: Վերջնական ցուցակները հրապարակվում են ընտրություններից երկու օր առաջ եւ նույնպես հասանելի են համացանցում:«Ցանկացած օբյեկտիվ դիտորդ որոշակիորեն կարող է եզրակացնել, որ ընտրողների ճշգրիտ ռեգիստրի կազմման հարցում Հայաստանը հասել է հաջողությունների ` Վենտեիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների համաձայն: Ես առանց որեւէ կասկածի կարող եմ պնդել, որ ԵԽ անդամ-երկրների շարքում Հայաստանում ընտրացուցակներն ամենաճշգրիտն են»,-նշվում է Դ. Հարությունյանի նամակում:

Անդրադառնալով եվրոպական դիտորդների մյուս մտահոգությանը, թե հիմնական քաղաքական կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրել ընտրությունների նակատմամբ վստահության բացակայության, ինչպես նաեւ հասարակության մեջ ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության պատճառով, Դ.Հարությունյանը հիշեցրել է, որ որոշ միջազգային դիտորդներ, որոնք ներկա են գտնվել խորհրդարանական ընտրություններին, նշել են նմանատիպ խնդիրների առկայության մասին, սակայն խորհրդարանական ընտրություններին բնակչության աննախադեպ մասնակցությունը (62,8%) ցույց է տվել այդ եզրահանգումների չհիմնավորված լինելը: Բացի այդ, թեկնածուներից երեքը` Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ են, այնպես որ, այս ընտրությունները բավականին մրցակցային են:«Ցավոք, պատվիրակությունը կամ չի ստուգել, կամ նախընտրել է չդիմել «նախագահի ակնկալվող թեկնածուներին»` իմանալու համար չառաջադրվելու նրանց պատճառները: Օրինակ, Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերին պաշտոնապես հայտարարեց չառաջադրվելու մասին` իր տարիքի պատճառով»,-նշվում է նամակում:

Ինչ վերաբերում է երրորդ բացասական գնահատականին`արտերկրում բնակվող հայերի քվերակության իրավունքի հետ կապված խառնաշփոթի առնչությամբ, Դ. Հարությունյանը նշում է, որ այդ գնահատականը «դուրս է գալիս դիտորդական առաքելության շրջանակից»:Հայաստանը բավարար հիմքեր ունի` իրականացնելու համար ազգային ընտրական իրավունքը միայն ներքին տարածքում: Դա ոչ մի կերպ ընտարական իրավունքի խախտում չէ, նշվում է նամակում:«Հավատացած եմ, որ դիտորդական առաքելությունը պետք է իրականացվի երկու կարեւոր սկզբունքների` արդարության եւ փաստական ապացույցների, պահպանմամբ: Ցավոք, ներկայիս հաղորդագրությունը չի ապահովում այդ սկզբունքներից եւ ոչ մեկը: Խաղաքարտին դրված է ԵԽԽՎ դիտորդական առաքելության հեղինակության հարցը: Ցավալի է, երբ առաքելությունը, որը կոչված է պաշտպանել եւ աջակցել ժողովրդավարությունը, իրականում խաթարում է այն»,-ընդգծել է Դ. Հարությունյանը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply