Հմայակ Հովհաննիսյանն՝ արդեն ամբաստանյալ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 19, 2013 15:33

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 21-ին տեղի կունենա ՀՀ քաղաքագետների միության նախագահ, նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի գործով առաջին դատական նիստը: Ի տարբերություն նախորդ դատական գործի, որը քաղաքացիական էր, իսկ Հ.Հովհաննիսյանը՝ պատասխանող, այս անգամ գործը քրեական է, իսկ քաղաքական գործիչը՝ ամբաստանյալ:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլի 21-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևանի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց, վիճաբանության ժամանակ, «հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ», հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա կորցնելով հավասարակշռությունը գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից: Դրա հետևանքով Ս.Ջուլհակյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝ ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ և 5-րդ մատների հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձևով։

Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, հոդվածը նախատեսում է պատիժ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանքի կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքի տեսքով:

Հայաստանի քաղաքագետների միությունը համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ ու գտնում է, որ դատավարությունը «իշխող վարչախմբի պատվերով հարուցված», «սուտ մատնության վրա հիմնվող քրեական գործ» է: Քաղաքագետները կոչ են անում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպություններին, քաղաքական ակտիվիստներին, միջազգային կազմակերպությունների հումանիտար ծրագրերի իրականացման համար պատասխանատուներին, Հայաստանում իրավական հասարակարգի ձևավորմամբ հետաքրքրված բարեկամ պետությունների դեսպաններին ուշադիր հետևել Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրականացվող դատավարություններին, որոնք «ակնհայտորեն բացահայտելու են ավտորիտար վարչախմբից դատաիրավական համակարգի կախվածության հրեշավոր անատոմիան»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ քննվում է նաև քաղաքացիական հայց Սենիկ Ջուլհակյանն ընդդեմ Հմայակ Հովհաննիսյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, իսկ զրպարտության համար` հրապարակայնորեն տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու փոխհատուցման գումար բռնագանձելու հայցապահանջով:

Փաստինֆո

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply