Հանցագործությունների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 19, 2013 11:37
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
2012 թ. ոստիկանության գործունեության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:
Նշվեց,  որ 2012 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 4,8 տոկոսով կամ 796 դեպքով, ինչը հիմնականում պայմանավորված է սպանության և սպանության փորձի, գողության, ավազակության, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների զգալի նվազումով:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում աճել է բացահայտման արդյունավետությունը:
Անցյալ տարվա ընթացքում պատշաճ հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես և զանգվածային միջոցառումների ընթացքում:
2012 թվականին կարևորվել է համայնքային ոստիկանության գործընթացը: Երևան քաղաքում արդեն գործում է 11 հենակետ, իսկ այս տարվա նոյեմբերից համայնքային ոստիկաությունը կներդրվի նաև հանրապետության մարզերում:
Հետևողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գրծընթացը. կարգապահական տույժի է ենթարկվել 1129 ծառայող, որոնցից 73-ն ազատվել է ոստիկանությունից, իջեցվել է 10 ծառայողի պաշտոնը: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 42 քրեական գործ, դատապարտվել է 16 ծառայող:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր ելույթում դրական գնահատեց անցած տարում ոստիկանության կատարած աշխատանքը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները և հույս հայտնեց, որ աշխատանքները կշարունակվեն նույն ոգով և ուղղությամբ:
2012 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության կենտրոնական ապարատի, տարածքային ստորաբաժանումների, մարզային վարչությունների ղեկավարները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անդրադառնալով համակարգի գործունեության սկզբունքներին՝ վերլուծեց ստորաբաժանումների աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անդրադառնալով համակարգի գործունեության սկզբունքներին՝ վերլուծեց ստորաբաժանումների աշխատանքը, ձեռքբերումներն ու թերացումները:
Ոստիկանւթյան պետը գոհունակություն հայտնեց, որ հաղթահարվում են հանցագործությունը գրանցումից թաքցնելու, խորթ մեթոդներով քննություն վարելու արատավոր պրակտիկան և մի շարք այլ բացասական երևույթներ, որոնք խախտում են հասարակության հավատը ոստիկանության հանդեպ:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանն իր գնահատականը տվեց 2012 թվականի արդյունքներին և նախանշեց առաջիկա անելիքները:
Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply