Սերժ Սարգսյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի սահմանած Հայկյան մրցանակաբաշխությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2013 21:04

Ամենամյա այս մրցանակաբաշխությունը, կազմակերպիչների հավաստմամբ, նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ու պետական երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները։

Այսօր տեղի ունեցած Հայկյան 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակների են արժանացել 2012թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը: Դրանցից մի քանիսը՝ հատուկ մրցանակները, մրցանակակիրներին հանձնել է անձամբ ՀՀ նախագահը: Հանրապետության ղեկավարից իրենց մրցանակներն են ստացել մասնավորապես «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ «Երիտասարդության շրջանում մշակութային արժեքները լավագույնս ներկայացրած կազմակերպություն» անվանակարգում, Արարատյան Հայրապետական Թեմի «ԱՐԱՐԱՏ» հոգևոր միությունը՝ «Երիտասարդության շրջանում հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» անվանակարգում և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը՝ «Հայաստանի Հանրապետությունում ուսանողական շարժման կազմավորման ակունքներում կանգնած կառույց» անվանակարգում:

Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, շնորհավորել բոլոր մրցանակակիրներին և կարևորել այս նախաձեռնությունը՝ մաղթելով հետագա հաջողություններ: Հանրապետության ղեկավարը երիտասարդներին հորդորել է արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը, ակտիվ կենսակերպ վարել և իրենց գործունեությամբ փորձել հնարավորինս օգտակար լինել մեր հասարակությանն ու պետությանը:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply