«Մոտ երկու հազար դոլար կարող ես աշխատել, բայց քթերիցդ գալիս է էդ փողը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 19, 2013 7:09

Ստրիպտիզ բառն առաջացել է անգլերեն «strip» բառից, որը հայերեն նշանակում է մերկանալ: Երաժշտության ներքո պարելով` աղջիկները մերկացել են դեռ Հին Արևելքում: Իսկ Ասորեստանում և Բաբելոնում սովորույթ կար` տաճարում ծառայող քրմերը տոներին պետք է հատուկ էրոտիկ պար ներկայացնեին` դանդաղ և գեղեցիկ հանվելով երաժշտության ներքո:

Ստրիպտիզը` որպես էրոտիկ պար, հանրային դարձավ XIX դարում: Փարիզցի մի խումբ ուսանողներ 1883 թ. փետրվարի 9-ին «Մուլեն Ռուժի» բեմում առաջին մերկապարը կազմակերպեցին: Գեղեցկության մրցույթի ժամանակ Մոնա անունով մի օրիորդ ամբողջովին մերկացավ, ինչի  հետևանքով ձերբակալվեց և տուգանվեց 100 ֆրանկով:

Մեր օրերում մերկապարուհիներին չեն ձերբակալում կամ տուգանում, «տուգանվում» են հաճախորդները, որոնք ցանկանում են ակտիվացնել գիշերային միապաղաղ թվացող ժամանակը:

Այս վտանգավոր բիզնեսը ծաղկում է գրեթե բոլոր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ դժոխքի միջով են անցում մերկապարուհիները: Գիշերային ակումբների շլացուցիչ լույսերի ներքո կախարդական ժպիտներով այցելուներին դիմավորողն իրական կյանքում այնքան էլ ժպտերես չէ:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՏ ԱՂՋԻԿԸ

 

Մեր հերոսուհին արդեն 10 տարուց ավելի է, ինչ աշխատում է գիշերային ակումբում: Երկար-բարակ մտածելուց հետո որոշեց որոշ բաներ պատմել իր մասին:

Անժելան (անունը փոխված է) ասում է, որ դառը մանկությունից դրդված է այսօր աշխատում գիշերային ակումբում, մերկանում յուրաքանչյուր հաճախորդի առաջ:

– Կհավատաք թե չէ, բայց շատ ծանր մանկություն եմ ունեցել: Դեռ մանուկ հասակում ճաշակեցի խորթ հորս դաժանությունն ու մորս կատարյալ անտարբերությունը: Մի քանի անգամ նույնիսկ տնից փախա` նրանց ուշադրությունը գրավելու համար, բայց ապարդյուն էր: 9-րդ դասարանում էի, երբ մայրս ինձ վռնդեց տնից, կապվեցի մի երիտասարդի հետ, հավատացի նրան, տրվեցի ու զրկվեցի կուսությունից:

Անժելան ասում է, որ 18 տարեկանից զբաղվել է մարմնավաճառությամբ` օրվա հացի խնդիրը լուծելու համար: Այդ ընթացքում իրեն թևութիկունք է տվել հասակակից ընկերուհին, որը կարծես նույն ճակատագրին է արժանացել:

– Մեզ ուղղակի այլ բան չէր մնում անել, քան վաճառել մեր մարմինը: Ես չեմ թաքցնում դա: Հավատա, ես կարծում եմ` ավելի բարոյական եմ, քան այսօրվա այն աղջիկները, որոնք իրենց հրեշտակի տեղ են դրել,- ասում է նա:

Անժելայի բախտը մի օր բերում է, ու նա անսպասելի հայտնվում է ստրիպտիզ ակումբում:

– Կլիենտ կար, երկու օր անընդմեջ եկավ: Հետո ստիպեց, որ պատմեմ ամեն ինչ իմ մասին, ես էլ պատմեցի: Հետո ասաց, թե ինձ համար ավելի լավ աշխատանք կարող է գտնել,  հարցրեց` կցանկանա՞ս ստրիպտիզում աշխատել: Ես այդ ժամանակ անգամ չգիտեի, թե ինչ է ասում: Պատմեց ինձ, թե ինչ պետք է անեմ, ու այդ գիշեր ինձ տարավ երևանյան գիշերային ակումբներից մեկը:

Հաճախորդը լավ էր գիտակցել, որ Անժելան լավ մարմին ունի ու կկարողանա գրավել այցելուներին:  Եվ չէր սխալվել: Անժելան մի քանի ամիս «վետերան» մերկապարուհիների մոտ վերապատրաստում է անցնում ու սկսում  աշխատել:

– Ես հասկացա, որ ավելի լավ աշխատանք չեմ էլ կարող գտնել: Սկի ատեստատ չունեմ: Ինձ ո՞վ պետք ա աշխատանքի վերցներ: Ու մինչև այսօր աշխատում եմ,- ասում է նա:

Բարի հաճախորդը, որը կարողացավ 180 աստիճանով փոխել Անժելայի կյանքը, այսօր երկրում չէ: Անժելայի պատմելով` կլուբը ձեռքից վերցրին:

Անժելան լավ է հիշում այդ հաճախորդին ու խոստովանում.

– Արդեն 3-րդ թե 4-րդ ամիսն էի աշխատում, նոր իմացա, որ գիշերային ակումբի տերը իմ այդ հաճախորդն է: Ինձ ասել էր, թե ընկերոջս ակումբն ա, բարեխոսել եմ… Ես ամենաշատը նրան եմ պարտական:

Մեր այն դիտարկմանը, թե քչերը կարող են նախանձել այդ աշխատանքին, պատասխանում է.

– Գիտես, ես էլ չէի ցանկանա, բայց կյանքս արդեն չեմ կարող փոխել: Երեկվա 18 տարեկանը չեմ, որ ինչ-որ նոր բան ցանկանամ անել: Հայաստանյան ստրիպտիզի կուլտուրան մնացել ա նույնը, ինչ 98 թվին էր. քիչ, շատ քիչ բան ա փոխվել: Մասսան նույնն ա: Փողատեր շփացածներ են, որոնք ցանկանում են իրանց նյարդայնությունը մեր վրա բարդել: Օրինակ` մի քանի օր առաջ 30-նն անց տղամարդիկ էին եկել, մեկը ինձ կանչեց, քաշքշեցին, ու մյուս ընկերը պիվայով լիքը շիշը լցրեց մեջքիս: Ճիշտ ա, անվտանգության աշխատողները նրանց պատժեցին ու հեռացրին, բայց էդ ամեն ինչը հո չի՞ վերջանա: Ավելի վատ բաներ էլ կան, չեմ ուզում պատմել:

Հարցինք.

– Չմտածես` ուրիշի փողերը հաշվելու սովորություն ունենք, ուղղակի ուզում ենք իմանալ` ինչքա՞ն գումար կարող է վաստակել երևանյան գիշերային ակումբի մերկապարուհին:

– Մոտ երկու հազար դոլար ամսական կարող ա աշխատել, բայց քթերիցդ գալիս ա էդ փողը, հավատա: «Պրիվատ» են կանչում, ու ինչ ասես ասում են, հեռախոսահամար են ուզում, բռնաբարությունների փորձեր են անում և այլն: Ամբողջովին մերկ պարելու համար մեր մոտ հստակ գին կա` 25000 դրամ մեկ երգը, այսինքն` 4-5 րոպեն:

Մեր այն հարցին էլ, թե հիմնականում ովքեր են գիշերային ակումբի հաճախորդները, ասում է.

– Գիտեք, շատ տարբեր են: Տես, էսքան տարի աշխատում եմ, բայց դեռ շատ բաներ իմ համար մութ ա: Օրինակ` գիշերը երկուսին կարող ա գան ինտիլիգենտ դեմքով ջահել տղաներ, հանգիստ զվարճանան` առանց որևէ մեկին նեղացնելու ու վիրավորելու, ու հնարավոր ա` գան չոբաններ, որ իրանց թույլ տան նաև կրակել ակումբում: Ասենք, իրանց ինչ-որ բան  դուր չի եկել: Հաճախորդները շատ տարբեր են` դպրոցականներից մինչև պապիկներ:

– Անժելա, իսկ մի օր կթողնե՞ս այս աշխատանքը:

– Եթե հարցնեիք մի քանի տարի առաջ, հաստատ կասեի` հա՛: Որովհետև շատ դաժան աշխարհ ա սա: Բայց հիմա կասեմ` չէ՛: Կաշխատեմ երևի էնքան, ինչքան տարիքս կթողնի: Ծնողներ չունեմ, ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ: Մենակ աղջիկ եմ, ապրում եմ ընկերուհուս հետ ու ուզում եմ վայելել կյանքը: Ուզում եմ մոռանալ իմ անցած դառը ճանապարհը ու շարունակելով մի քիչ փորձել լավ ապրել: Իմ միակ հույսը դա ա,- եզրափակում է Անժելան:

ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՈՒԿՐԱԻՆՈՒՀԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ  

 

Մոտ երեք-չորս տարի առաջ Ուկրաինայից Հայաստան ժամանեց ուկրաինուհի մերկապարուհի Լյուդմիլա Սիդորովան, որը ցանկացավ հայ ու օտարազգի գիշերային ակումբի պարուհիներին մերկապար սովորեցնել: Նախաձեռնությունը հետաքրքիր էր, այնուամենայնիվ, ասում են՝ առաջին փորձերն այնքան էլ հաջող չէին:

– Ի տարբերություն սովորական ստրիպտիզի` ստրիպ պլաստիկայի դեպքում, որը նոր ուղղություն է, ավանդական ձողի շուրջ աղջիկները պարում են հագնված,- ասում էր Լյուդմիլան:

Նա հատուկ  ընտրել էր հենց այս ուղղությունը` հաշվի առնելով հայկական պահպանողական մտածելակերպը: Բայց փորձը ձախողվեց, քանի որ հայերը ցանկանում էին տեսնել մերկ գեղեցկուհիների:

Մենք կփորձենք գտնել Լյուդմիլային ու հարցազրույցը կներկայացնենք «Անկախի» հաջորդ համարներում:

Ավելացնենք, որ առաջին ստրիպտիզ դպրոցը հիմնվել է Ամստերդամում 13 տարի առաջ: Այժմ աշխարհի շատ երկրներում գոյություն ունեն նման դպրոցներ, որտեղ սովորեցնում են մերկապար պարել:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀԱՃԱԽՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ ԱԿՈՒՄԲՆԵՐ

 

Մեր մյուս զրուցակիցը հոգեբանական գիտությունների թեկնածու Արթուր Սարգսյանն է: Հիշում է, որ ժամանակին հետաքրքրվել է ստրիպտիզ ակումբներ հաճախողների հոգեբանությամբ: Առանձնակի խորություն չի տվել նյութին, որովհետև հասկացել է, որ գրեթե բոլոր առողջ տղամարդիկ էլ ցանկություն ունեն երբեմն-երբեմն այցելելու մերկապարի ակումբ:

– Երևի հինգ տարի առաջ էր, մի տղամարդու այս նույն հարցը տվեցի: Երկար մտածելուց հետո ասաց. «Ուշ գիշերին, երբ տանը քեզանից բացի ոչ ոք չկա, միայնությունն անտանելի ա դառնում, իսկ գիշերվա ժամերին քիչ վայրեր կան, ուր կարելի է գնալ ու չձանձրանալ»: Երկու հոգեբանական գիծ կարող եմ առանձնացնել. առաջին խմբում մարդիկ են, որոնք ցանկանում են մերկ մարմին տեսնել, շփվել, իսկ երկրորդ խմբում այն մարդիկ են, որոնց միավորում է միայնությունը, ինչն էլ վերջիններս հաղթահարում են գիշերային ակումբներում՝ մերկապարուհիների գրկում,- ասում է Արթուր Սարգսյանը:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 2867 անգամ:
Print Friendly

Leave a Reply