Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ՙԴիփ Փարփլ՚ ռոք խմբի անդամներ Իէն Գիլանին և Ջոն Դիին:

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 27, 2010 17:42

Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն,և նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է:
Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. ՙԲնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում և  ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք՚:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին` ով մեր ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: ՙԴուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք՚,- շեշտել է Նախագահ Սարգսյանը:

ՙՄենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ՚,-ասել են ռոքի աստղերը: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:
Անդրադառնալով երեւանյան համերգին` Իէն Գիլանը ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, և  հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգևորությամբ վայելում են երաժշտությունը:
Հանրապետության Նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաև`  ՙՌոքը օգնում է Հայաստանին՚ ծրագիր շրջանակում կատարվող աշխատանքի մասին:

ՙՄենք մշտապես հպարտ և  ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում՚,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

Դիտվել է 3049 անգամ:
Print Friendly

Leave a Reply to Anonymous