Հօգուտ ՀՀ-ի կբռնագրավվի… հյութաքամիչը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 14, 2013 12:15

Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արտաշես Մկոյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով՝ զրկվելով կազմակերպական-տնօրինչական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով: Այսպիսով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, դոկտոր-պրոֆեսորին հանցավոր է ճանաչել կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը միաժամանակ վճռել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

Գործով իրեղեն ապացույց ճանաչված, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող 13 հատ 5000 և 2 հատ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները և «Վիտեկ» ապրանքանիշի «ՎՏ-1600» մոդելի հյութաքամիչը դատարանը վճռել է բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության:

70-ամյա պաշտոնատար անձի դեմ առաջադրված մեղադրանքի համաձայն, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Կարապետ Խաչատրյանին առանց դասաժամերին մասնակցելու կիսամյակային քննություններին թույլ տալու և առանց վերջինիս ներկայանալու թվով 7 առարկաներից քննությունների ու ստուգարքների գնահատականները դրական ստանալուն նպաստելու համար, նրանից նախօրոք պահանջել և 2012թ-ի հունվարի 29-ին անձամբ ստացել է 150.000 ՀՀ դրամ կաշառք: Գործը հարուցվել է ուսանողի հաղորդման հիման վրա:

Դատարանը մեղադրական դատավճիռ կայացնելիս հիմք է ընդունել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, մասնավորապես, անձնական խուզարկության մասին արձանագրությունը, ըստ որի Արտաշես Մկոյանի մոտից հայտնաբերվել է 67.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: Այդ կապակցությամբ Ա.Մկոյանը հայտարարել էր, որ «այդ գումարը այն 150.000 ՀՀ դրամ գումարի մի մասն է, որը ինքն այսօր առավոտյան ժամը 11-ի սահմաններում վերցրել է իրենց ֆակուլտետի մագիստրանտ Կարապետ Խաչատրյանից»:

Ա.Մկոյանի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել է «Վիտեկ» տեսակի հյութաքամիչ, ինչի վերաբերյալ Ա.Մկոյանի կինը՝ Թ.Հարությունյանը, հայտարարել էր, որ այն գնել է Ա.Մկոյանը հինգ օր առաջ:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել դոկտոր-պրոֆեսորի նախկինում արատավորված չլինելը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը, բնակության և աշխատանքի վայրերից դրական բնութագրվելը, «սրտամկանի կծկողականության խանգարում» հիպերտոնիկ սիրտ» ախտորոշմամբ տառապելը, գիտության ոլորտում ունեցած նշանակալի ներդրումը:

Գործն ամբաստանյալ Ա.Մկոյանի միջնորդությամբ քննվել է արագացված դատաքննության կարգով՝ մեղադրանքն ընդունելու հիման վրա, ուստի կարող է բողոքարկվել միայն պատժաչափի մասով մինչև հունվարի 27-ը:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply