Մանկագիր-երգիծաբանի կյանքի հայելին

ԷՍՍԵ | | January 12, 2013 16:43

Լավ գիրքը նման է մարդու աշխարհ գալուն: Գրքի ծնունդը ոչ միայն պիտի ողջունել այլև փայփայել երեխայի պես, անընդհատ առնչվել նրա հետ, վերընթերցել, գտնել նրա մեջ թաքնված լույսը, նրա մեջ փնտրել ինքդ քեզ: Եվ եթե քո սիրտը ջերմացավ գրքի մեջ առկայծող լույսից, կրակից, ուրեմն գրողը հասել է իր նպատակին:

Ես ընթերցում եմ անվանի բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանի «Մի երկար լուսարար ճանապարհ» հուշամատյանը, ու իմ մեջ խլրտում են այս զգացումները: Ստվարածավալ ժողովածուն հեղինակի 107-րդ գիրքն է, նրա օրագրային գրառումները և տպավորությունները, ճամփորդական նոթերն ու հուշերը, բացառիկ լուսանկարներ և ընծայագրեր` ամփոփված մի ժողովածուի մեջ:

Գրքի յուրաքանչյուր էջից ճառագում է կյանքի ճշմարտությունը` մերկ ու բաց, ուժեղ  ու հաղթական, և սա գալիս է գրողի անկեղծությունից ու անմիջականությունից: Դա բնածին տաղանդի արտահայտություն է: Դա սեր է` հասցեագրված ընտանիքին, ընթերցողին, հայրենի բնաշխարհին: Դա ընկերություն է, հայրենասիրություն է:

Գրքի էջերում բազում շտրիխներ են հայ և այլազգի գրողների և մշակույթի ներկայացուցիչների դիմանկարներին, մուրադյանական կյանքի ճանապարհի բազում հանգրվաններ:

…Ես ողջ կյանքում ականջիս օղ արեցի`

Ապրել շիտակ, սերմանել սեր, բարություն,

Ագահության ու չարի դեմ կռվեցի

Եվ ժպիտներ բաժանեցի միշտ մարդուն…

Այս տողերն է ընտրել հեղինակը որպես բնաբան իր հուշամատյանի, ինչպես ինքն է որակում, իր 80-ամյա կյանքի թափանցիկ հայելու համար` առաջինից մինչև վերջին էջերն ընթերցողին ներկայացնելով 1954 թ. սկսվող իր կյանքի օրագիրը: Այնուհետև նա ճամփորդական նոթերով ընթերցողին տանում է Եգիպտոսի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի, նախկին խորհրդային երկրի ամենատարբեր ճամփաներով, պտտեցնում Միջերկրական ծովի շուրջը ու հայերիս համար սրբացած էրգրի ճամփաներով բերում հասցնում անկախ Հայաստան: Հետո գալիս են լուսանկարները` Սուրեն Մուրադյանը տարբեր հասակներում, Սուրեն Մուրադյանը գրողների հետ, ընտանիքի  ու թոռների հետ… Ծաղիկներ, ժպիտներ, հանդիպումներ, երջանիկ պահեր: Սուրեն Մուրադյանը ներկայանում է նաև Լոռվա գրկում ու ներկայացնում ընտանեկան ակնթարթներ իր ծննդավայր Ակներում:

Շարունակության մեջ տարբեր լեզուներով մի քանի հարյուր ընծայագրեր են, որոնցից ամեն մեկը յուրովի է բացում մեծանուն Համո Սահյանի «Սեզամ բացվիր» ժողովածուին 1974 թ. արված ընծայագրի փակագծերը` «Սիրելի Սուրեն Մուրադյանին 7-70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծին»: Գրքի էջերում նաև արվեստագետների խոսք- գնահատականներն են Սուրեն Մուրադյանի մասին: Ներկայացվում են նաև նրա հրատարակված գրքերը, բեմականացված պիեսների ցանկը, երգերի տեքստեր: Իր տեսակի մեջ եզակի այս գիրքը հազվագյուտ նվեր է բոլոր տարիքի ընթերցողների համար, ուսանելի դասագիրք նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում գրական ճանապարհին:

Ուշագրավ է,  որ գրողի ճանապարհը ներկայացնող այս աշխատությունը լույս աշխարհ է եկել հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարում: Կարծում եմ` հիշատակման արժանի է այն, որ գրքի 353-354-րդ էջերում Սուրեն Մուրադյանի և Մարտին Վարդազարյանի հերթական համագործակցության ծննունդն է` «Մայրիկը, գիրքը, իմ հայրենիքը» երգը նոտագրումով: Երգ, որ նվիրվել է հենց այդ հոբելյաններին:

Ընթերցողը գրքի բոլոր էջերում տեսնում է Սուրեն Մուրադյանի ժպիտը, խոհն ու երգը: Ուրեմն թող դեռ երկար ձգվի նրա լուսարար ճանապարհը ու երջանկաբեր մնա նրա կյանքի ուղին:

 

Վաղարշակ Ղորխմազյան

Դիտվել է 2489 անգամ:
Print Friendly

Leave a Reply