Սիրային նամակներ Մորզեի այբուբենով…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 14, 2013 12:30

«Մորզեի այբուբենը մի անգամ սովորեցիր` էլ մոռանալ չկա. մինչև կյանքի վերջը կհիշես: 20 տարվա ընդմիջումից հետո էլ ականջս անմիջապես որսում է ազդանշանները»,- ասում է 62-ամյա Ելենա Միկոյանը:

Երբ պատահաբար ֆիլմերում Մորզեի այբուբենով հաղորդագրություն են փոխանցում, այլոց ականջի համար անիմաստ ճտպտոցից տիկին Ելենան անմիջապես զգաստանում է, ու մինչ ֆիլմում հաղորդագրությունը կբարձրաձայնեն, Մորզեի այբուբենի մասնագետն ինքն է ապակոդավորում հաղորդագրությունը:

«Սա միջազգային լեզու է, հաղորդագրությունը նույնությամբ հասկանում եմ թե՛ ես, թե՛ անգլիացին, թե՛ որևէ այլ ազգի ներկայացուցիչը, պետք է ընդամենը Մորզեի այբուբենն իմանալ,- ասում է տիկին Ելենան:- Հիմա մեկին որ տեսնում ենք, թե ինչպես է սահուն օտար լեզվով խոսում, ինչպես ենք հիանում, նա էլ հպարտանում է, նույնը և իմ պարագայում. շրջապատի մարդիկ հիանում էին, որ ես իրենց համար անիմաստ ճտպտոցն իմաստավորում եմ, ես էլ հպարտանում էի, որ գիտեմ լեզու, որին մյուսները չեն տիրապետում»:

Դպրոցն ավարտելուց հետո ուսումնարան է ընդունվում, սակայն հաշվապահի մասնագիտությունը կիսատ է յուրացնում. հայրը դեմ էր դստեր ընտրած մասնագիտությանը: Հենց այդ ժամանակ էլ Մարտունիում պետք է օդանավակայան բացվեր, սակայն մասնագետ աշխատակիցներ չկային: Ելենային Երևան են գործուղում` ռադիստի մասնագիտությունը սովորելու: Նախատեսված 6 ամսվա փոխարեն Ելենան 3 ամսում յուրացնում է Մորզեի այբուբենը և Մարտունի վերադառնում:

Ասում է, որ Մորզեի այբուբենին տիրապետելու համար մարդ պետք է դիմացկուն լինի ու մինչև վերջ գնալու կամքի ուժ ունենա. «Կան չէ, մարդիկ, որ օտար լեզու են ուզում սովորել, բայց համբերությունը չի հերիքում մինչև վերջ հասնելու: Նման մի օտար լեզու էլ Մորզեի այբուբենն է»:

Երբ սիրած տղային բանակ են զորակոչում, վերջինս Ելենային խնդրում է իրեն նամակներ գրել: Սիրահար զույգը միմյանց հետ կապ պահպանելու յուրօրինակ լուծում է գտնում: Ծառայության առաջին ամիսներին Ելենան իր սիրեցյալին սովորեցնում է Մորզեի այբուբենը, ապա միմյանց նամակներ են գրում այդ այբուբենով` իրենց համար իմաստավորված, այլոց համար անիմաստ կետեր ու գծեր:

Ամուսնանալուց հետո, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, Ելենան ցանկանում է թողնել աշխատանքը օդանավակայանում, սակայն ղեկավարությունը չի ցանկանում կորցնել  իր լավագույն աշխատակցին: Ամուսնուն էլ են աշխատանքի ընդունում օդանավակայանում, Մարտունիում էլ ամուսիններին բնակարան են հատկացնում, որպեսզի Ելենան շարունակի աշխատել որպես ռադիստ:

«Միշտ զգոն եմ եղել, որ հանկարծ սխալ բան չհաղորդեմ, անգամ մի փոքր սխալը կարող էր ողբերգության պատճառ դառնալ: Գիտակցությունը, որ քեզանից այլոց կյանքերն են կախված, պարտավորեցնում է»,- ասում է նա:

Եվ նույն զգոնությամբ ու պատրաստակամությամբ տիկին Ելենան 12 տարի շարունակ օրական 10-12 չվերթ է սպասարկել:

«Անփորձանք ծառայություն ենք իրականացրել, բայց մի անգամ դեպք պատահեց,- հիշում է տիկին Ելենան:- Երեկոյան վերջին թռիչքն էր, ինքնաթիռը բարձրացավ, ես էլ հաղորդեցի Երևանին «Всем, всем, следите…» ու կանգ առա. ինքնաթիռը մի քանի մետր բարձրանալուց հետո վայր ընկավ: Անմիջապես SOS հաղորդեցի, մի քանի րոպեից Երևանից 3 ինքնաթիռ ժամանեց: Բարեբախտաբար զոհեր չկային, մի քանի ուղևորներ թեթև վնասվածքներ էին ստացել: Բայց ինքնաթիռը շարքից դուրս էր եկել, 12 տեղանոց թեթև ինքնաթիռ էր: Օդաչուին մեկ տարի հարկադիր աշխատանքի դատապարտեցին, երկրորդ օդաչուին էլ երկու տարով զրկեցին թռչելու իրավունքից»:

Խորհրդային տարիներին աշխատակիցներին խրախուսելու համար պարբերաբար մրցույթներ էին կազմակերպվում` պարզելու, թե ով կարող է րոպեում ավելի շատ թվեր ու տառեր որսալ և հաղորդել:

Տիկին Ելենան բոլոր մրցույթներից մրցանակներով է վերադարձել: «Եթե մրցույթին ես մասնակցում էի, ուրեմն մրցանակային տեղերից մեկն անպայման իմն էր,- հիշում է նա` հավելելով, որ մոտ տասը տարի առաջ` հիասթափության պահին, այրել է բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերը:- Մտածեցի, թե էլ ում է պետք, մասնագիտությունս էլ, աշխատանքս էլ անցյալում են մնացել: Բայց հիմա շատ եմ զղջում»:

80-ականների կեսերին տիկին Ելենային հրավիրում են  դասավանդելու ԴՈՍԱԱՖ-ում: Աշխատանքի 5 տարիների ընթացքում հասցնում է 100 աշակերտի սովորեցնել Մորզեի այբուբենը: Հիշում է, որ շատ էին հատկապես տղաները. վերջիններս բանակում կապավոր էին դառնում, մասնագիտությունը պահանջված էր այն ժամանակ:

«Երեխաների հետ աշխատանքն ավելի հետաքրքիր էր: Հաճույքով էի սովորեցնում. օրական մի քանի հերթ էի պարապում: Հիմա էլ աշակերտներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ, ճանապարհին հանդիպելիս խոսում ենք, հիշում այն օրերը»:

«Միշտ սիրել եմ իմ գործը ու հպարտացել դրանով: Հիմա էլ, եթե հնարավորություն լիներ, մեծ հաճույքով կաշխատեի որպես ռադիստ կամ կդասավանդեի,- ասում է տիկին Ելենան` ափսոսելով, որ իր սարքավորումները չի պահել մինչև մեր օրեր, գոնե թոռներին կսովորեցներ, ինչպես ժամանակին իր 3 երեխաներին է սովորեցրել:- Մասնագիտությունս, ցավոք,  կյանքիցս դուրս մնաց, էլ հետաքրքրվող չկա»:

Վերակառուցումը փոփոխություններ է մտցնում նաև օդանավակայանի աշխատանքում: Նոր օդանավակայան է բացվում Կամոյում (ներկայիս Գավառում), օդային հնարավոր բախումներից խուսափելու համար Մարտունոց իրականացվող չվերթների ուղին փոխվում է, երկարում, ինչի պատճառով տոմսն է թանկանում մինչև 5 ռուբլի, հետևաբար, ուղևորներն էլ քչանում են:

«Այն ժամանակ թե՛ ավտոբուսի, թե՛ ինքնաթիռի տոմսը 2 ռուբլի 50  կոպեկ էր, ուստի մարդիկ նախընտրում էին ինքնաթիռով Երևան գնալ, իրենց գործն ու առևտուրն անել, երեկոյան վերադառնալ: Բայց տոմսի արժեքի թանկանալուց հետո չվերթները նվազեցին կիսով չափ, օրական հազիվ 6 թռիչք էր կատարվում»,- հիշում է տիկին Ելենան: 90-ականներին արդեն օդանավակայանը դադարեցնում է գործունեությունը, մասնավորեցվում, ապա մաս-մաս քանդվում:

ԽՍՀՄ փլուզումից հետո տիկին Ելենան նոր աշխատանքի է անցնում, այժմ ավիատոմսերի վաճառքով է զբաղվում:  Ասում է, որ ռադիստի մասնագիտությունն իրեն համբերատարություն է սովորեցրել, ինչի շնորհիվ էլ հիմա կարողանում է իր գործը հաջողությամբ կատարել:

Դիտվել է 1621 անգամ:
Print Friendly

Leave a Reply