Բռնության ենթարկված 4 կնոջ պատմություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | January 10, 2013 14:35

Անցել է արդեն քսան տարի, բայց

«Ամուսնացել եմ 19 տարեկան հասակում: Ինձ համար շատ անսովոր և տարօրինակ էր ամուսնուս ընտանիքում կնոջ նկատմամբ եղած վերաբերմունքը: Ըստ նրանց` կինը չի կարող լիարժեք մարդ հավարվել, զուրկ է ամենատարրական իրավունքներից: Չնայած դրան` նրանք ինձ լավ ընդունեցին: Ամուսինս ինձ շատ էր սիրում, սկեսրայրս նույնպես ուշադիր էր և հարգալից իմ հանդեպ: Թվում էր, թե երջանիկ եմ:

Շուտով հղիացա: Հղիությունս շատ ծանր էի տանում, շատ դյուրագրգիռ էի դարձել: Սակայն սկեսուրս ինձ բժշկի տանելու ու իմ առողջական վիճակով անհանգստանալու փոխարեն սկսեց` լուրեր տարածել, թե հիվանդ եմ, հոգեկան շեղումներ ունեմ:

Իմ հանդեպ նրանց վերաբերմունքն ավելի վատացավ, երբ երկու անգամ ուշաթափություն ունեցա: Նրանք ինձ արգելում էին այդ մասին ծնողներիս պատմել: Առերես ինձ լավ էին վերաբերվում, հատկապես ամուսինս, բայց զգում էի, որ դա դուր չէր գալիս նրա մորը: Միշտ սառնություն ու թշնամանք էի նկատում:

Մոտեցավ ծննդաբերության օրը: Ինձ տարան հիվանդանոց: Ես շատ նորմալ ծննդաբերեցի և տղա ունեցա: Ինձ այցելում էին ամուսինս, սկեսուրս: Նրանք շատ հոգատար էին իմ հանդեպ: Երկու օր երեխայիս կերակրելուց հետո` երրորդ օրը հիվանդասենյակ մտավ բժիշկը և հայտնեց, որ երեխաս մահացել է:

Կարծես աշխարհը մթնեց աչքիս: Ես կորցրեցի ինքնատիրապետումս: Շուտով եկավ սկեսուրս և ասաց, որ երեխան ինձ նման հիվանդոտ էր, իսկ իրենց հիվանդոտ հարս ու երեխա պետք չեն: Ես նրանց այդ օրը տեսա վերջին անգամ: Հիվանդանոցից ինձ տարան իմ հայրական տուն, որտեղ ինձ շրջապատեցին ջերմությամբ և հոգատարությամբ:

Անցել է արդեն քսան տարի, բայց իմ վերքը չի սպիանում, ես դեռ չեմ գտել իմ երջանկությունը»:

 

Պայքարելն անհնար է…

«Ամուսնացել եմ 18 տարեկանում: Նրանց ընտանիքում արտաքուստ գոյություն ուներ փոխադարձ սեր, հարգանք, պահպանվում էին հայկական ավանդույթները: Հետո պարզվեց, որ այդ ամենը միայն թվում էր: Սկեսուրս խանդի հողի վրա միշտ կռիվներ, վեճեր էր սարքում: Վերջապես ամուսինս չդիմացավ և մեկնեց Ռուսաստան արտագնա աշխատանքի: Առաջին երկու տարին չնչի գումարներ էր ուղարկում, որ սովից չմեռնենք: Ապրում էինք մի կերպ: Սկեսուրս ամուսնուս ուղարկած փողը պահում էր, իսկ երեխաներս տկլոր ու բոբիկ լինելու պատճառով դասի չէին հաճախում: Իմ հանդեպ գլխավոր արհամարհանքի պատճառն այն էր, որ օժիտ չէի տարել: Փաստորեն, մեր ընտանիքի քայքայման հիմնական պատճառը դա էր:

Արդեն հինգ տարի է` ամուսնուցս լուր չունեմ: Հասկացել եմ, որ պայքարելն անհնար է»:

Զրկված էի երեխայիս դաստիարակելու իրավունքից

«Ամուսնացել եմ 16 տարի առաջ` 16 տարեկան հասակում: Մեր ամուսնությունը զագսում չի գրանցվել: Ունեցել ենք մեկ տղա, որի հայրությունը ճանաչված չէր: Մենք բնակվում էինք Չելյաբինսկ քաղաքում: Ես` որպես մայր, զրկված էի երեխայիս դաստիարակելու իրավունքից: Ավելին, ամուսինս երեխային դրամով կաշառում էր: Համատեղ կյանքի ընթացքում ամուսինս պարբերաբար ծեծի էր ենթարկում ինձ, նույնիսկ կանգնեցնում էր պատուհանի մոտ և ստիպում, որ դուրս նետվեմ: Մի անգամ երեխայի աչքի առաջ այնպես ծեծեց ինձ, որ երբ տասն օր անց գնացի բժշկի, վերջինս ցանկացավ դիմել ոստիկանություն, սակայն ես թույլ չտվեցի, քանի որ դրանով ինձ մահվան կդատապարտեի:

Ծեծերի հետևանքով կանացի հիվանդություն ձեռք բերեցի: Մի օր ամուսինս ասաց, որ պետք է վերադառնամ Հայաստան, բայց առանց երեխայի, և եթե ձայն հանեմ, կսպանի ինձ: Ես եկա Երևան` ծնողներիս մոտ և սկսեցի բուժումս, որը տևեց վեց ամիս:

Երկու տարի պայքարեցի, որպեսզի որդիս գա ինձ մոտ: Վերջապես ամուսինս քրեական գործ հարուցվելուց խուսափելու համար երեխային ուղարկեց: Հետագայում դատական կարգով հայրությունը ճանաչեց և խաբելով ինձ` կրկին տարավ իր մոտ` Չելյաբինսկ:

Արդեն չորս տարի է` որդիս մոտս չէ: Մի օր նա զանգեց ինձ Մոսկվայից և ասաց, որ անհրաժեշտ է իմ համաձայնությունը Երևան գալու համար: Երբ հարցրեցի, թե ինչու Չելյաբինսկից չէր զանգում և զգուշացնում, շատ սառը պատասխանեց, թե ինչ մայր եմ, որ չեմ ցանկանում որդուս տեսնել»:

 

Համբերության բաժակը լցվեց…

«Ամուսնուս հետ ծանոթացել եմ պատահաբար: Մի անգամ գնացել էի եղբորս ընկերոջ տուն` գիրք տալու, այնտեղ էլ հանդիպեցի նրան: Տանը մարդ չկար: Մեկ թե երկու ժամ սպասելուց հետո չեմ էլ հիշում, թե ինչպես եղավ, նա բռնաբարեց ինձ: Ամոթն ու վիրավորանքը խեղդում էին ինձ:

Թողեցի-գնացի Ռուսաստան: Վերադարձա հորաքրոջս աղջկա մոտ և ծննդաբերեցի առաջնեկիս: Այդ ընթացքում ամուսինս իմացավ, եկավ ինձ ու երեխայիս բերեց Բյուրական: Ապրում էինք Աշտարակում` հողաշեն տանը, որտեղ չկային ամենատարրական պայմաններ: Հանուն երեխաներիս դիմանում էի: Ծեծն ու վիրավորանքն էլ մի կողմից էին խեղդում, բայց այս ամենին այնքան էլ դժվար չէր դիմանալ, ավելի դժվար էր հարազատներիս կողմից լքված լինելը:

Տարիներ շարունակ ապրում էի այդպես, սակայն համբերության բաժակը լցվեց, երբ մի օր ամուսինս շիկացած վառարանի երկաթով երեխաներիս աչքի առաջ հարվածեց ինձ:

Ես ամուսնալուծվեցի, իսկ ծնողներս, տեսնելով դեմքիս կապտուկներն ու այրվածքները, ինձ հետ ընդունեցին: Այժմ ապրում եմ ծնողներիս տանը: Աշխատանք եմ գտել և կարողանում եմ պահել երեխաներիս»:

Պատմությունները տրամադրել է 

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Դիտվել է 2600 անգամ:
Print Friendly

Leave a Reply