Քանդել թե՞ չքանդել. սա է խնդիրը

ԷՍՍԵ | | March 26, 2010 10:12

Կինո Մոսկվայի ամառային դահլիճի քանդել-չքանդելու հարցը դուրս է եկել նեղ շրջանակներից ու դարձել համընդհանուր քննարկման առարկա: Ընդհանուր գաղափարից ածանցված` ծնվում են նոր խմբեր: Ուրիշ խոսքով` հասարակությունը աշխուժացել է: Ու այդ քննարկման բզզոցից երևակվում է մարդկային էությունն իր բոլոր դրսևորումներով հանդերձ:

Իսկ ին՞չ էր եղել իրականում: Իսկ եղել է այն, որ եկեղեցին ու պետությունը` հասարակությունից գաղտուկ, իրար հետ համաձայնության են եկել ու նույն հասարակությանը կանգնեցրել են կատարված ու արձանագրված փաստի առաջ: Ճիշտ ու ճիշտ 2009թ.-ի ապրիլի 22-ի Ճանապարհային քարտեզի կամ էլ դրանից մի 10 օր հետո մարտի 3-ի դրամի փոխարժեքի անկման պես:

Դե համաձայնության մասով չեմ ուզում խորանալ, որովհետև ենթադրություններիս աղբյուրը թևածում է մարդկային երևակայությունն ընդգրկող ամենատարբեր թեմաների շուրջը, որոնցից մեկը կարող է լինել. «դու` ինձ, ես` քեզ» տարբերակը, իսկ մյուսն էլ այն, որ մեր վարչապետը հավատացյալ է, և եկեղեցին օգտվում է նրա բարեհահաճությունից:

Դե մոտիվացիան, արդեն, այնքան էլ կարևոր չէ, որովհետև կարևորը արդյունքն է: Ընթացակարգը ինչ-որ ձևի մեջ պահվել է: Մշակույթի նախարարի ստորագրությունը կա: Փորձագետների եզրակացությունն այնքան էլ կարևոր չէ: Մանավանդ որ, ցանկում ընդգրկված լինել-չլինելու` օրենքի սահմանած չափորոշիչները լղոզված են և ցանկության դեպքում վարիացիայի հնարավորություն են ընձեռում:

Իսկ ցանկությունը տվյալ դեպքում մեծ է: Իսկ քաղաքի կենտրոնում` մի կտոր ավել պատառը ոչ ոքի փորն էլ չի ծակում, և տվյալ դեպքում, ցանկությունները ամբողջությամբ պատճառաբանված են:

Իսկ ցանկության դեպքում ինչ պատճառաբանություն ասես. կարելի է հորինել: Օրինակ, որ, կինո Մոսկվայի սեփականատերերը` լինելով չափազանց աստվածավախ ու եկեղեցու հոտի նվիրական անդամներ, իրենք են խնդրել ընդունել այդ նվերը` Աստծո տան նկատմամբ ունեցած իրենց անմնացորդ նվիրվածությունն ապացուցելու համար:

Ու այստեղ նույնիսկ սա չէ կարևորը: Կարևորն այստեղ դեմագոգիան է, որով առաջնորդվում է եկեղեցին` հավիտենական նիրհից արթնացած ու իր նկատմամբ բացարձակ արհամարհանքը հանկարծ գիտակցած հանրությանը մեկնաբանություններ տալիս:

Դահլիճի քանդելուն դեմ քաղաքացիական նախաձեռնության կողմնակիցները ամեն խոսքի պոչին ու սկզբին կպցնում են, որ իրենք բոլորովին էլ դեմ չեն եկեղեցուն ու եկեղեցաշինությանը, իրենք դեմ են քաղաքը քանդելուն ու քանդված շերտի հաշվին նոր շերտ սարքելուն:

Բայց այդ փաստարկները սին են եկեղեցու համար: Նա` իր հոտի անվերապահ առաջնորդը համարվելու գիտակցությամբ, բազմած է գահին ու շատ լավ էլ գիտի, որ վայելում է նրանց վստահությունը, իսկ  եկեղեցաշինության հետապնդող ճարատարապետների մղումները ելակետային առումով ազնիվ են:Սակայն եկեղեցին ունի իր առաջնահերթությունները և ամերիկացի բարերարը մատն ուղղել է դեպի կոնկրետ այդ հողակտորը:

Իսկ եկեղեցին հանրային քննարկումների ուղարկում է այնպիսի հոգևորականների, որոնք մեղմ ասած հակաեկեղեցականություն են քարոզում: Չգիտես ինչի` վստահ եմ, որ դահլիճի հարցը հենց եկեղեցու  ներսում էլ բազմաթիվ սուր քննարկումների ու անհամաձայնությունների պատճառ դարձած կլինի: Հո՞ բոլոր հոգևորականները ղասաբի արտաքինով ու ցեխավիկի մտածողությամբ չեն:

ՀԽ խորհրդակցությանը ներկա կառավարության ներկայացուցիչը իր բերանով խոստովանեց, որ ոչինչ չունի  ընդդիմադիրների փաստարկների դեմ որպես մարդ, ու շատ կոռեկտ ներկայացրեց կառավարության այն  գործողությունները, որոնք հիմք են ծառայել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում կատարված այդ տխրահռչակ փոփոխության համար:

Իսկ Կենտրոնի եթերում Կոմիտաս վարդապետը` ձեռքերը երկինք պարզած ու իր հոտի անդամներին անաստվածների հանրություն որակելով` աղաղակում էր, թե Աստված. եկ հայ ժողովրդին փրկի այս անաստվածներից, որ ելել  են ընդդեմ սրբությունների:

Ի՞նչ է  սա նշանակում: Սա նշանակում է հետևյալը. եթե դու իմ որոշումների դեմ ես, ուրեմն իմ դեմ ես: Եթե ես որոշել եմ, որ դահլիճի տեղը պիտի եկեղեցի կառուցվի, ուրեմն պիտի կառուցվի: Որովհետև ես ներկայացնում եմ Աստծո խոսքը երկրում ու ինձ դեմ գնալը նշանակում է դեմ գնալ Աստծուն: Եթե դու դրան դեմ ես, ուրեմն սրբությունների դեմ ես: Ու հասարակության լայն շետերի միահամուռ դիրքորոշումը որակում է որպես պատվեր: Համենայն դեպս, այդպես ասաց տեր Մխիթար Ալոյանը:

Ի միջայլոց, սա շատ վտանգավոր նախադրյալներ է պարունակում, որովհետև նշանակում է, որ եկեղեցին երկրիս մեջ սկսում է ավատատիրական նախկին գործունեությունը` թեկուզ փոքր մասշտաբով: Ուշադրություն. ինքն ասում է, որ  մենք ընդամենը պահանջում ենք այն, ինչն իրավամբ եղել է մերը: Ծիծաղ… Դարերով երկիրս պետություն չի ունեցել, ու եկեղեցին է կառավարել երկիրը, տիրապետել է հսկայական հողերի:

Ուրմեն ինչ՞.  կարող է  մի օր էլ իշխանություն պահանջի՞: Հը՞:  Լավ մտածենք: Ծանոթ պատմություն չի՞: Դե չեմ ասում, որ դրա գործնական կիրառման հնարավորությունը կա, ուղղակի այս դեպքը նախկին տիրապետության հուշերի նկատմամբ կարոտախտի արդյունք է:  Ինչն էլ հաստատեց Արշակ սրբազանը. «դարերով հայ ժողովրդի իղձերը, ապագան ու հույսերը կապված են եղել եկեղեցու հետ»:Ու նա  մեկ հարթության մեջ չի ցանկանում դիտարկել ընդամենը մեկ սերունդի` ներկա ու կղերականության` նախկին հիշողությունները:

Դառնանք մեդալի մյուս կողմին: Քաղաքացիական նախաձեռնությունը սկսող մարդիկ առաջնորդվում են լրիվ խանդավառ մղումներով ու չեն ուզում, որ դահլիճը քանդվի: Ու այստեղ  խնդիրը կոնկրետ կառույցն է, այլ ոչ թե այն, որ դահլիճը նաև եղել է պատմամշակութային հուշարձանների ցանկում: Ու ընդհանուր գաղափարախոսությունն այն է, որ մարդիկ դեմ են քանդելուն, ու դրա դեմ որպես հաղթաթուղթ գործածում են այն, որ շենքն ընդգրկված է եղել ցանկում:

Մարդիկ ասում են մի 50 մետր այն կողմը ազատ տեղ կա. ինչ՞ու բարերարին այդ տեղը չեք ցուցադրում: Ինչու՞ կանգնած կառույցը քանդենք: Ու դեռ մի կողմ դնենքայն հարցը, որ շենք քանդելը փող լվալու նույնպիսի արդյունավետ միջոց է, ինչպիսին շինություն, մասնավորապես, եկեղեցի սարքելը: Մենք արդեն մեդալի մյուս կողմում ենք:

Ինչպես ցանկացած հասարակական նախաձեռնության, այնպես էլ այստեղ, հայտնվում են  մարդիկ, որոնք համընդհանուր գաղափարը օգտագործում են անձնական նպատակների ու անձնական շահերի համար: Լինի դա սեփական անվան փիառ, այլ անձի նկատմամբ հաշիվների մաքրում, թե կոնկրետ չորրորդ կարգի նպատակ:

Մարդ կա, որ չափազանց զարմանում է, թե ինչպե՞ս է, որ հենց այս գաղափարի շուրջ այսքան ճարտարապետ ու մարդիկ են միավորվել: «Ուրեմն այստեղ մի բան այնպես չէ»,- բարձրաձայն մտածում է մարդն ու սկսում տողատակերում այլ մոտիվներ փնտրել: Ճիշտ նույն կերպ, ինչպես արձանագրությունների տակ մի ուրիշ մարդ տեսնում է չգրված ենթատեքստ: Իսկ երբ մարդը սկսում է մոգոնել, ինչ ասես կարող է մոգոնել: Մանավանդ որ դրա համար պարարտ հող կա:

Այսինքն, իրոք որ, կան մարդիկ, որ ինչ-ինչ նպատակների համար են գործ անում: Եվ բնական է, որ այդ  մտքերի շուրջ լիքը ուրիշ մարդիկ էլ կարող են հավաքվել: Իսկ մի ուրիշ մարդ էլ կարող է մի օր վերցնի ու այդ մարդուն` իր բարձրաձայն մտքերի հետ այնպես օգտագործի ընդհանուր գաղափարի դեմ, որ նա նույնսիկ չզգա էլ, թե որտեղից էր փչում քամին:

Նախաձեռնությանն այսօր միացել է մոտ 23 000 քաղաքացի: Նրանք դեմ են քանդելուն: Նրանց մեջ, բնականաբար, կլինեն մարդիկ, որոնք միացել են, որովհետև դեմ են եկեղեցուն, կամ ունեն ինչ-ինչ նպատակներ: Սակայն քննել կամ քննարկել նրանց մոտիվացիան նույնպես  դեմագոգիա է: Ի՞նչ կարևոր է, թե ով` ինչ նկատառումներից ելենելով է գործին միացել: Կարևորը գործը առաջ գնա. թող երևացողը երևա, կարիերա կանի, թե նախկին սխալները կսրբի. ի՞նչ կարևոր է:

Գործ անելու համար բոլորովին էլ կարևոր չի, որ մարդու սիրտը ցավա այդ գործի համար: Ավելին: Էմոցիոնալ դրսևորումները գործին միայն խանգարում են: Ցանկացած միտք կյանքի կոչելու համար պահանջում է սառը միտք ու կազմակերպչական ձիրք: Ուրիշ խոսքով` մենեջմենտ:

Իսկ  խոչընդոտը հաղթահարելու համար չի կարելի անըհդհատ ծաղրել կառավարության որոշումն ու  քննադատել եկեղեցուն: Դրանից գործը չի շահի: Պետք է ծանրակշիռ  մարդկանց խմբով հասնել նրան, որ մի սեղանի շուրջ բանակցությունների նստեն կառավարության ու եկեղեցու հետ, փորձեն հասկանալ, թե ինչպե՞ս խնդիրը լուծել, որ հասարակություն-եկեղեցի-պետություն եռանկյունու բոլոր անկյուններն էլ գոհ մնան գտնված լուծումից: Հո՞ իրար թշնամի չեն: Այդ երեքն իրար հետ են կազմում Հայաստան երկիրը:

Դիտվել է 6478 անգամ:
Print Friendly

Leave a Reply