«Աստված, Սիրիա, Բաշար և վերջ» . երեկ Սիրիայի նախագահին դիմավորեցին հայաստանաբնակ սիրիահայերը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 18, 2009 17:53

Բաշար ալ-ԱսադինՈչ ոք չէր ստիպել հայաստանաբնակ սիրիահայերին դիմավորել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին. նրանք կամովի երեկ հավաքվել էին Հաղթանակ զբոսայգուն կից «Գոլդեն Փալաս» հյուրանոցի արևոտ ու շքեղազարդ բակում, որ դիմավորեն իրենց նախկին նախագահին…շատերի համար նա դեռ նախկին էլ չի դարձել…

Գույնզգույն շորերով, հատուկ նախագահի համար հարդարված կանանց աչքերը ժպտում էին. «մեր Բաշարը»` ասում էին նրանք ու սրտատրոփ սպասում…անգամ գրկի երեխաները ձեռքին`երիտասարդ մայրերն էին եկել ու մյուսներին հավասար ծածանում էին Սիրիայի դրոշը:

«Արյունով ու հոգով կզոհաբերվենք քեզ համար, Բաշար». գոչում էին հավաքվածները, որոնց Հայաստանում Սիրիայի դեսպանատան աշխատակիցները սաստեցին, թե «այս խոսքերը Սիրիայի հողի վրա է կարելի վանկարկել, գոչեք` «սիրում ենք քեզ, Բաշար»»:

Հավաքվել էին նաև արաբները…կարոտել էին իրենց երկրի Ավետող Առյուծին (Ասադ ազգանունը թարգմանաբար նշանակում է առյուծ, իսկ Բաշար անունը` ավետող):

Իսկ հայերը` ավելի ճիշտ սիրիահայերը, որոնք եկել, հաստատվել են հայրենիքում` Հայաստանում` իրենց սեփական «առյուծը» գտնելու, նրան փառաբանելու, «արյունով ու հոգով նրան զոհաբերվելու» պատրաստակամությունը հայտնելու, կարծես թե չեն գտել ու նախկին «առյուծի» հետևից են գնում:

Տարածքը հսկող հայ ոստիկանները զարմացած նայում էին մարդկանց բազմությանը, ովքեր պատրաստ էին թեկուզ ոտքի տակ անցնել, մենակ թե նախագահին մի վայրկյանով տեսնեն:

«Աստված, Սիրիա, Բաշար և վերջ». գոչեց ժողովուրդը, հենց Սիրիայի նախագահը տիկնոջ հետ հայտնվեց հյուրանոցի բակում: «Հասակը նայեք, կնոջ գեղեցկությունը»,-ասում էին սիրիահայերը: Ոմանք միանգամից մտաբերում էին նրանց ամուսնության պատմությունը, թե «Անգլիայում ակնաբուժություն սովորելու տարիներին Բաշարը սիրահարվել է, առաջարկել ամուսնանալ, բայց աղջիկը ժամանակ է խնդրել մտածելու»: Սիրիահայերն էլ վրդովվել են, թե «այդ ով եղավ այդ աղջիկը, որ մեր նախագահին մերժում է»:

Ընտանեկան սիրո պես մի բան է կապում հայերին ու Սիրիայի նախագահական տոհմին: Նրանք ասում են, որ ցեղասպանության տարիներին այս տոհմն ատամներով է պահել հայերին ու հնարավորություն տվել ոտքի կանգնելու:

Սիրիահայերը հպարտանում են, որ Սիրիայի նախագահի 3 երեխաների դայակը քրիստոնյա է: Պատմում են, որ մի անգամ Բաշարի տիկնոջը` Ասմա ալ-Ասադին սկեսրոջ` նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կնոջ հետ եկեղեցում` Աստվածամոր արձանի առաջ ծնկի եկած աղոթելիս են տեսել անգամ:

Սիրիացիներն ասում են` Ասադի ընտանիքը միշտ աչքի է ընկել քաղաքավարությամբ, կրթվածությամբ, հեզությամբ ու համեստությամբ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարդիկ հաճախ են փողոցում կամ պատահական մի սրճարանում տեսնում Բաշարին` կնոջ ու երեխաների հետ` պարզ, սպորտային հագուստով:

Պատմում են, որ մի անգամ ընտանիքը մտել է մի ռեստորան, բայց սպասարկողն ասել է` բոլոր տեղերը զբաղված են, նախագահն էլ, առանց մի խոսք ասելու, շնորհակալություն է հայտնել ու դուրս եկել` փնտրելու մեկ ուրիշ տեղ:

Երբեմն նախագահն ինքն է նստում մեքենայի ղեկին, ընտանիքին պտտում քաղաքում: Իսկ մի անգամ նրան տեսել են ավտոտեխսպասարկման մի կետում. արհեստավորները պատմում են, թե կարծել են` նմանեցնում են նախագահին, բայց իրականում հենց ինքն էլ եղել է. պարզապես տարել է մեքենան սարքելու: Իսկ երբ ժողովուրդը զարմացած հարցրել է, թե ինչ գործ ունի նախագահը նման վայրում, Բաշարն ասել է, թե «ես էլ ձեզ նման մեկն եմ, ինչ է եղել, որ…»

Ասադ ընտանիքի հանդեպ սիրիահայության սերն ու համակրանքն անուրանալի փաստ է: Բաշարի հոր` Հաֆեզ ալ-Ասադի մասին(ով 71 տարեկանում արյան քաղցկեղից մահացավ 2000 թ.-ին) ասում են` «ճիշտ է, խիստ մարդ էր, բայց նրա նմանը չկար` ազնիվ ու հայասեր». Սիրիայում պաշտոնյաների նկատմամբ համակրանքը սիրիահայերի համար նախևառաջ պայմանավարված է նրանց հայասիրությամբ:

Հաֆեզի երջանկահիշատակ անդրանիկ որդին` Բասելը (մահացել է 1994-ին` 32 տարեկան հասակում` պաշտոնական տվյալներով` ավտովթարից, բայց ժողովուրդը համոզված է, թե սպանել են), ում նախապատրաստում էին հոր մահից հետո գահը ստանձնելուն, ձիասպորտի համաշխարհային վարպետ էր և սիրիական բանակի օդուժի սպա, հայերի ամենաջերմ բարեկամն էր: Նա իր կենդանության տարիներին հանգստանում էր իր ծննդավայր Լաթաքիայից 50 կմ հեռավորության վրա գտնվող հայաբնակ Քեսաբ գյուղում և նրա ամենամոտիկ ընկերը հայ էր` Թութունջյան ազգանունով: Բասելը` առանց շքախմբի, մենակ ավտոմեքենայի ղեկին, գալիս- կայանում էր հայ ընկերոջ տան մոտ և մի քանի օր առանց թիկնապահների հանգստանում հարազատ միջավայրում:

Հիշեցի Ասադի տոհմին ու մոռացա երեկվա հանդիպումը, որի ժամանակ նախագահը հոժարակամ ձեռնվեց երիտասարդության հետ, երկու բառ փոխանակեց ու ժպիտով հեռացավ. ուշանում էր. դեռ երեկոյան Սերժ Սարգսյանի ու տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ ընթրիքի պետք է գնար:

Նախագահը հեռացավ…ետևից դեռ գոչում էին` «Աստված, Սիրիա, Բաշար և վերջ»….

Դիտվել է 2728 անգամ:
Print Friendly

Leave a Reply