Թուրքական Ամանորն ու ստամբուլահայերի Կաղանդը

ԷՍՍԵ | | December 28, 2012 11:00

Ըստ մուսուլմանական օրացույցի`Հիջրայի, տարվա առաջին ամիսը մուհարեմն է: 622 թվականին հենց այդ օրը Մուհամեդ մարգարեն Մեքքայից տեղափոխվեց Մեդինա`սկիզբ դնելով մուսուլմանական նոր թվարկությանը: Սակայն մուսուլմանական երկրներում սովորաբար Ամանորը որպես այդպիսին չի նշվում և մուհարեմ ամսվա առաջին օրը մզկիթներում պարզապես քարոզ է հնչում հավատացյալների համար: Ասում են`ինչպես անցկացնես նոր տարվա առաջին օրը, այնպես էլ կանցնի ամբողջ տարին: Սակայն մուսուլմանական որոշ երկրներում Ամանոր տոնելը խստիվ արգելվում է, իսկ Սաուդյան Արաբիայում դա նույնիսկ պատժելի քայլ է համարվում:
Իսլամական երկրների շարքում առանձնանում է Թուրքիան, որտեղ բնակչության աշխարհիկ հատվածը իր եվրոպական ապրելակերպից ելնելով, շատերի նման Ամանորը նշում է դեկտեմբերի 31-ի կեսգիշերին: 1926 թվականից Թուրքիան անցում է կատարել գրիգորյան օրացույցի, իսկ 1935 թվականին երկրի երկրորդ նախագահ Իսմեթ Ինենյուն հունվարի 1-ը հայտարարել է պաշտոնական տոն`Յըլբաշը: 1981 թվականից հունվարի առաջին օրը Թուրքիայում համարվում է հանգստյան օր:
Ամանորը Թուրքիայում, ինչպես և շատ երկրներում, ընտանեկան տոն է համարվում և նշվում է արևմտյան մի շարք սովորույթներով: Սակայն այս տոնը նշում են միայն մեծ քաղաքներում`Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, իսկ մյուս շրջաններում մարդիկ նախընտրում են փոխարենը մարտ ամսին նշել մուսուլմանական ավանդական տոնը`Նովռուզը:
Թուրքական մեծ քաղաքներում Ամանորի նախաշեմին զարդարում են քաղաքի փողոցները, խանութների ցուցափեղկերը, տները: Սակայն տոնածառ սովորաբար չեն զարդարում, քանի որ դա չի ողջունվում մուսուլմանների առաջնորդի կողմից: Այնուհանդերձ վերջին տարիներին սա ևս անտեսվում է և քաղաքի մի շարք վայրերում, հատկապես առևտրի կենտրոններում և հյուրանոցներում,  տոնածառ անպայման տեղադրում են, քանի որ այս շրջանում երկրում շատ են եվրոպացի հյուրերը: Տոնական օրերին քաղաքում մեծ զեղջեր են սկսվում, և մարդիկ երկրի տարբեր տեղերից գալիս են Ստամբուլ, որպեսզի գնումներ կատարեն աշխարհի ամենահին շուկաներից մեկից`Փակ շուկայից:
Ինչ վերաբերում է Նոր տարվա սպասված հյուրին`Ձմեռ պապին, որին թուրքերը Նոել բաբա են կոչում, ապա նա Թուրքիա չի այցելում: Սակայն մարդիկ սովորաբար իրար նվերներ են գնում և Ամանորի գիշերը միմյանց շնորհավորում: Տոնական սեղանին թուրքերը դնում են տարբեր խորտիկներ, միրգ, խմիչք, հատկապես նրանց սիրելի անիսոնի օղին`ռաքըն և իհարկե թուրքական քաղցրավենիք: Եվրոպական սովորույթների ազդեցությամբ թուրք կանայք պատրաստում են նաև հնդկահավ, որը  համեմված է թուրքական հատուկ համեմունքներով և խավարտով:
Ամանորի գիշերը երիտասարդները հավաքվում են քաղաքի ակումբներում, մասնավորապես Թաքսիմի հրապարակում, մինչև լուսաբաց պարում և ուրախանում են: Թուրքական Նոր տարվա յուրահատուկ ավանդույթներից է ամենամյա ամանորյա վիճակախաղը, որը անցկացվում է ամբողջ երկրով մեկ: Վիճակախայի ազգային վարչությունը ամեն տարի միլիոնավոր տոմսեր է վաճառում և ամանորյա գիշերը մրցանակներ է խաղարկում: Երկրի բնակիչները աշխատում են գոնե մեկ տոմս գնել և մասնակցել խաղարկությանը, քանի որ մրցանակային ֆոնդը բավականին մեծ է`մոտ 15 մլն դոլար:
Իսկ ինչպե՞ս է Ամանորը նշում ստամբուլահայ համայնքը: Հետաքրքրական է, որ նրանց մոտ այս տոնը պահպանել է իր հին հայկական անվանումը`Կաղանդ: Ամանորից մոտ երկու շաբաթ առաջ հայկական ընտանիքներում զարդարվում է տոնածառը, և բոլորը սկսում են պատրասվել տոներին: Պոլսահայերը մի շարք հետաքրքիր կերակուրներ են պատրաստում, որոնցից շատերը, իրենց հավաստմամբ հայկական են, սակայն հայաստանիցները դրանց այնքան էլ ծանոթ չեն:
Ամանորից երկու օր առաջ հայուհիները ձիթայուղով կերակուրներ են պատրաստում`ձիթայուղով և խաղողի տերևով դոլմա, հնդկահավ`լցոնված բրինձով, սամիթով դդմիկ, չերքեզական ձևով պատրաստված հավ, ամերիկյան աղցաններ, անուշապուր և թոփիկ:
Անուշապուրը պատրաստում են խաշված ցորենից, բրինձից, սիսեռից և լոբուց, վրան ավելացնում են ընկույզ, պիստակ, պնդուկ, ինչպես նաև կիտրոն, շաքար և չամիչ: Ուտեստը զարդարվում է նռան հատիկներով և դարչինով:
Թոփիկը հումուսի պես մի կերակուր է, որը պատրաստում են խաշած և աղացած սիսեռից`ավելացնելով սոխ, կարտոֆիլ, պիստակ, չամիչ, աղ, սև պղպեղ, դարչին և թահին կամ քունջութի մածուկ:
Կաղանդի գիշերը մտերիմ ընտանքիները միասին հավաքվում են սեղանի շուրջ, համտեսում են համեղ կերակուրները, թղթախաղ են խաղում, ինչպես նաև ստուգում նախապես գնված վիճակախաղի տոմսերը: Կեսգիշերին բոլորը իրար շնորհավորում են նոր տարվա կապակցությամբ, խմում հաջողակ և ուրախ տարվա համար, իրար նվերներ են տալիս: Երիտասարդները շուտով դուրս են գալիս տնից, միանում իրենց ընկերներին և ամանորյա ուրախությունը շարունակում ակումբներում և նմանատիպ վայրերում: Ի տարբերություն հայաստանյան Նոր տարուն, այստեղ այս տոնը մեկ օրով է սահմանափակվում`հունվարի մեկին: Հաջորդ օրը բոլորն արդեն աշխատանքի են գնում:
Աշխարհի բոլոր ծայրերում  բնակվող հայերի համար Ամանորը ընտանեկան տոն է, երբ բոլորը միասին հավաքվում և նշում են տարեմուտը`միմյանց մաղթելով, որ Նոր տարին բոլորին նոր հաջողություններ և երջանկություն բերի:

Տաթևիկ Սարգսյան

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply