«Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացում է ապրում». Վազգեն Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2012 16:03

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ու Հանրային խորհրդի դերին: Մանուկյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացում է ապրում, և պետք չէ անտեսել դա:

Որպես վառ օրինակներ, նա նշում է Մաշտոցի պուրակի հարցը, Հարսնաքարդի դեպքին հաջորդող իրադարձությունները և այլն. «Սա աննախադեպ է, նախկինում այդպիսի հարցերը չէին լուծվում»:

Քաղաքացիական հասարակության զարգացման պատճառներն, ըստ Մանուկյանի երեքն են` նախ, որ տարեցտարի Հայաստանն առավել խորն է ներգրավվում միջազգային կառույցների մեջ, երկրորդը, որ հասարակությունը` մասնավորապես երիտասարդություն այսօր առավել զարգացած է և երրորդը` ներկա իշխանություններ որոշակի տոլեռանդությունն են դրսևորում:

Սակայն կան խնդիրներ, որոնց լուծումն, ըստ նրա, մինչ օրս չի տրվում` արդարության պակաս, արդարադատության համակարգի ոչ պատշաճ աշխատանք, ընտրությունների կեղծում, տնտեսության զարգացման խնդիր և այլն:

Մանուկյանը գտնում է, որ բոլոր այդ խնդիրների լուծման բանալին մեկ խնդրի լուծման մեջ է` Հայաստանում քաղաքացիական հասարակություն ստեղծումը:

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ապա կառույցի ամենամեծ բաղադրիչը հենց քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելն է: Պատահական չէ, որ Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովում մշակվել է քաղաքացիական հասարակության վերաբերյալ հայեցակարգ. «Շատ խնդիրներ կան, որ Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են, քննարկվում են, լուծում են գտնում կամ ոչ, բայց հասարկության լայն շերտերը դրանց մասին տեղյակ չեն»,-ասաց նա:

Մանուկյանը հիշեցնում է, որ Հանրային խորհուրդը ոչ կառավարությանը կարող է փոխարինել, ոչ Ազգային ժողովին, ոչ էլ հասարակական կազմակերպություններին: «Մենք կարող ենք միայն գործընկերներ ու դաշնակիցներ լինել»,-նշեց նա`  լրագրողներին էլ, որպես Հանրային խորհրդի կարևորագույն դաշնակիցներ, կոչ անելով համատեղ աշխատել Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացնելու նպատակով:

«Հանրային խորհուրդը գտնվում է իշխանությունների և հասարակության արանքում: Կառույցը բաղկացած է հազարից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և մասնակցում է հասարակական բոլոր երևույթներին, մյուս կողմից` կապված է նաև իշխանությունների հետ` ոչ թե որ իրականացնի նրանց քաղաքականությունը, այլ որպեսզի նրանց տեղյակ պահի, թե հասարակության մեջ ինչ պրոցեսներ կան և ինչպես կարելի է խնդիրները լուծել»:

Հանրային խորհուրդը քննարկել է հարցեր, որ լուծվել են և հարցեր, որ լուծում չեն ստացել, աակայն Մանուկյանը հորդորում է զերծ մնալ այն մտքից, թե որևրէ խնդիր լուծվել է միայն մեկ հոգու կամ մեկ կառույցի ջանքերով. «Ոչ ոք թող չասի, որ դա իր շնորհիվ է իրականացել: Խնդիրների լուծումը միշտ տարբեր կողմերի գումարային ջանքերի շնորհիվ է եղել»:

 

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply