5 խորհուրդ, թե ինչպես ճիշտ դիմավորել Օձի տարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 30, 2012 15:07

1.       Պատրաստվում ենք տոնին նախապես

Օձը չի սիրում հապճեպություն և խառնաշփոթ, ուստի բոլոր գործերը պետք է անել նախապես և Նոր տարին դիմավորել խաղաղ ու հանգիստ պայմաններում:

2.       Դիմավորեք Ամանորը տանը` ընտանիքի հետ

 

Քանի որ օձն ավանդապահ է և հավատարիմ, նրան դուր գալու համար անհրաժեշտ է լինել հենց այդպիսին: Իհարկե, երիտասարդների համար դժվար է ընտրություն կատարել աղմկոտ ու աշխույժ ընկերական շրջապատի և ընտանեկան առավել զուսպ միջավայրի միջև, սակայն ձեր զոհողությունն օձն անպայման կգնահատի:

3.       Կարևորեք որակը

Սա վերաբերում է բացառապես ամեն ինչին` սկսած սննդից, վերջացրած ձևավորմամբ: Եվ ամենակարևորը` ամեն ինչ պետք է լինի հնարավորինս բնական, այդ թվում և մարդկային հարաբերությունները:

4.       Ջուր` լավագույն նվերն օձին

Քանի որ ջրային օձի տարի է, այդ փաստը չի կարելի հաշվի չառնել Ամանորը դիմավորելիս: Այլ կերպ ասած` ինչպես յուղը չի փչացնի փլավը, այնպես էլ ջուրը` Ամանորը: Սեղանին դրեք ջրով լի թափանցիկ բաժակներ կամ տարաներ, որոնց մեջ կլողան մոմեր, վարդի թերթեր և օձեր (բնականաբար` ոչ իսկական):

5.       Ճիշտ երազանք պահեք

Իմաստուն օձը չի սիրում անիմաստ ու երևակայական երազանքներ: Փոխարենը հարգանքով է վերաբերվում այն մարդկանց, որոնք գիտեն, թե ինչ են ուզում և ինչպես հասնել դրան: Ահա թե ինչու երազանք պահելիս աշխատեք, որ այն չնմանվի վարդագույն երազի, այլ միտված լինի կոնկրետ ծրագրի:

Եվս մեկ կարևոր բան. եթե ուզում եք օձի տարին բարեբեր լինի, ապա պետք է լինեք խստապահանջ և մեծահոգի,  այլ կերպ ասած՝ շատ պահանջեք, բայց փոխհատուցեք ավելին: Միաժամանակ մի մոռացեք, որ օձը տանել չի կարողանում տաքարյուն և արկածախնդիր բնավորությունը, որը խնդիրներ է առաջացնում շրջապատի համար:   Օձի տարին հավասարակշռված և խորը դատող մարդկանց տարին է:

Ամանորյա զարդարանք, որը դուր կգա օձին

Պետք է հիշել, որ օձն ավելորդություններ չի սիրում, նա հանգստի և հարմարավետության կողմնակից է, ուստի տունը զարդարելիս, հագուստ ընտրելիս, սեղան գցելիս պետք է հաշվի առնել դա:

Քանի որ ոչ թե սովորական, այլ ջրային օձի տարի է, ապա ամանորյա զարդարանքը կարելի է ընտրել ծովային թեմատիկայից: Օրինակ` լվացարանն ու բաղնիքը խորհուրդ է տրվում զարդարել զանազան խխունջներով, ծովային աստղիկներով, քարերով և թափանցիկ տարաների մեջ լցված ավազով:

Զանազան ժապավեններով, փայլուն թելերով կարելի է տան տարբեր հատվածներ զարդարել՝ ստանալով օձի գալարուն մարմնի տեսք: Իսկ եթե ժամանակ տրամադրեք և ձեր ձեռքով պատրաստեք օձեր, ապա դա առավել յուրօրինակ կլինի: Մի հետաքրքիր գաղափար. կարող եք մանկական գունավոր, խայտաբղետ ու երկար գուլպաների մեջ լցնել բամբակ կամ որևէ այլ բան և օձի տեսք տալով` դնել տան տարբեր հատվածներում:

Օձը սիրում է ջերմություն և մեղմ լուսավորություն, ինչը կարելի է ստանալ մոմերով: Դժվար չէ գուշակել, որ օձին դուր կգան նաև մոմերով պատրաստած կոմպոզիցիաները: Մոմեր ընտրելիս հաշվի առեք, որ դրանք նույնպես օձի պես նուրբ, երկար  ու գալարուն լինեն:

Եղևնու արհեստական կամ բնական ճյուղերից պատրաստված ամանորյա կլոր պսակը, որն ամեն տարի փակցնում եք դռանը, այս տարի զարդարեք նաև օձով:  Խոհանոցի վարագույրին փակցրեք մետաքսյա  ժապավեններ, սառնարանին՝ օձի խորհրդանիշով մագնիսներ:

Առավել համարձակներին առաջարկում ենք հատուկ ներկերով տան լուսամուտներին օձեր պատկերել: Եթե տանը երեխաներ կան, ապա առավել հետաքրքիր կլինի դա հանձնարարել հենց նրանց:

Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը

Այս հարցում մի քանի տեսակետներ կան. որոշ աստղաբաններ կարծում են, որ Ամանորը պետք է դիմավորել սևի ու կարմիրի համադրությամբ  զգեստով, մյուս մասը՝ կանաչի և կապույտի: Ի դեպ, վերջին տարբերակը կարող է անճաշակ թվալ, բայց եթե համադրեք մուգ կապույտն ու խակ կանաչը, ապա շատ գեղեցիկ կլինի:

Աստղաբանները, սակայն, մի հարցում համակարծիք են. այս տարվա Ամանորի զգեստը պետք է լինի փայլուն՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով:

Եթե Ամանորը դիմավորելու եք ռեստորանում, ապա ընտրեք երկար և փայլուն երեկոյան զգեստ, որն ամուր կգրկի մարմինը: Իսկ եթե զգեստն օձի կաշվի տեսք ունենա, ապա դուք կլինեք ուշադրության կիզակետում ոչ միայն շրջապատի, այլև տարվա հերոսի կողմից:

Բայց հիշեք՝ պետք է խուսափել օձի բնական կաշվից պատրաստված կոշիկներից, պայուսակներից և աքսեսուարներից:

Քանի որ օձերը համարվում են նաև գանձերի պահապան, նշանակում է՝ նրանք այնքան էլ   չեն ուզենա Ձեզ տեսնել թանկարժեք զարդերով զարդարված: Այնպես որ այս տարի կարող եք կրել շքեղ, բայց ոչ թանկարժեք զարդեր:

Հետաքրքիր գուշակություն երիտասարդների համար

Ուզո՞ւմ եք իմանալ՝ դուք և ձեր ընտրյալը ողջ կյանքում միասի՞ն լինելու եք, թե՞ ոչ: Եթե այո, ապա Ամանորի գիշերը որևէ տարայի մեջ ջուր լցրեք, լավ թափահարեք և երբ ջուրը «հանգստանա», մեջը գցեք երկու հատիկ մազ՝ մեկը ձերը, մյուսը՝ ձեր ընտրյալինը: Տարան դրեք որևէ տեղ մինչև առավոտ: Առավոտյան, երբ տեսնեք, որ մազերը միախառնվել են, ապա Ձեզ սպասվում է համատեղ, երջանիկ կյանք, իսկ եթե մազերն իրարից հեռու են, ապա հնարավոր է բաժանում կամ ոչ երկարատև միություն:

Սա, իհարկե, ընդամենը հետաքրքիր սովորույթ է, և չարժե դրան լուրջ վերաբերվել:

 

Դիտվել է 2197 անգամ:
Print Friendly

Leave a Reply