Փրկչին սպասելիս. ի՞նչ են հուշում աստղերը և «աստղերը»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 31, 2012 15:25

Ավարտին է մոտենում 2012 օրացուցային տարին: Սակայն նրա հետ ավարտվում է նաև քաղաքական տարին: Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք անցնող 2012 քաղաքական տարին, ապա անվարան պետք է նշել, որ այն հագեցած էր: Այս տարի տեղի ունեցան ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ էլ ուրվագծվեց երկրի քաղաքական խճանկարը: Բայց ընտրություններով առատ տարին հատկանշական ու կարևոր էր նաև ՀՀ նախագահական ընտրություններին նախորդելու առումով, քանի որ հաջոդ տարվա քաղաքական ուրվագծերը տրվեցին հենց այս տարի:

 Մի խոսքով` դեկտեմբերի 25-ից պաշտոնապես մեկնարկել է ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման ժամանակը, և Հայաստանս պատրաստվում է նախագահական ընտրությունների: Ուստի 2013 թվականի հենց սկզբից Հայաստանի  քաղաքական երկնակամարը  թեժ է լինելու:

Այս օրերին ինտերնետում հանդիպեցի մի հետաքրքիր հրապարակման` 2013 թվականի քաղաքական հորոսկոպի: Ու քանի որ եկող տարեսկզբին մոտենում ենք լուրջ իրադարձությունների սպասումով, փորձեցի համեմատել այն հայաստանյան քաղաքական իրականության հետ:

Այսպիսով, հորոսկոպը հուշում է, թե քաղաքականության տեսանկյունից` 2013-ը` Օձի տարին, անհանգիստ է լինելու: Տարվա հենց սկզբից հայտնի կդառնան քաղաքական վերադասավորումները, որոնք խառնաշփոթ հիմնագույն կհաղորդեն քաղաքական իրավիճակին ամբողջ աշխարհում: Բոլոր երկրների կառավարությունների խնդիրը գալիք տարում կլինի իրավիճակի կարգավորումը, սոցիալական հարցերի լուծումը, ժամանակակից հասարակությանը հետաքրքրող հարցերի լուծումը բոլոր զանգվածային և ոչ զանգվածային մեթոդներով:

Չգիտենք, թե ինչպես կլինի ամբողջ աշխարհում, սակայն մեր երկրում սոցիալական, հասարակական  և տնտեսական հարցերը վաղուց արդեն լուծում են պահանջում, բայց հարց է ծագում` արդյոք հայ հասարակությունը մի նոր բողոքի դեմարշ կազմակերպելու և իրականացնելու ուժ և կամք ունի՞:

Այնուհետև աստղագուշակները նշում են. «2013 թվականի սկզբից արդեն շատ հնարավոր է` որոշ երկրներում քաղաքական առաջնորդների փոփոխություններ տեղի ունենան: Քաղաքական կրքերի գլխավոր խողովակը չի անցնի երկրների միջով, ինչն այս տարին դարձնում է ավելի հանգիստ` արտաքին ներխուժումների ու ռեպրեսիաների տեսանկյունից: Սակայն առանձին վերցրած երկրներում հասարակության բոլոր դժգոհություններն ու կոնֆլիկտային իրավիճակները կարող են հանգեցնել ներպետական ցույցերի, ինչը կարող է կառավարությունների դեմ հասարակական լայն շարժումների նախապայման դառնալ»:

Այժմ այս տեսանկյունից նայենք հայաստանյան իրավիճակին. ովքե՞ր կարող են լինել այդ հնարավոր առաջնորդները. դեկտեմբերի 25-ից պաշտոնապես մեկնարկեց ԿԸՀ-ում թեկնածուների գրանցման գործընթացը: Առաջին օրվա դրությամբ` դեռևս ոչ մի թեկնածու չէր շտապել առաջադրվել: Սակայն դեկտեմբերի 26-ի դրությամբ արդեն ՀՀ 10 քաղաքացիներ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք են ստացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից: Սույն տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Այսպիսով, այս տեղեկանքից ստացել են Մամուլի ազգային ակումբի (ՄՄԱ) նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը, ՍԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը, բժիշկ Զարուհի Հարությունյանը և ոմն Գարեգին Ղազարյան:

Ավելի վաղ` դեկտեմբերի 14-ին, նախագահի թեկնածու առաջադրվելու իր ցանկության մասին հայտարարել էին նաև նախկին ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանն ու «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, որը, առաջադրվելու դեպքում, 3-րդ անգամ հանդես կգա որպես ՀՀ նախագահի թեկնածու:

ՀՀԿ-ն էլ հայտարարել էր, որ կառաջադրի ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Թե այս մարդկանցից ով պաշտոնապես կառաջադրվի որպես թեկնածու և, առավել ևս, ով կարող է ստանձնել  աստղագուշակների հիշատակած` նոր ու հոգևոր ներուժ ունեցող առաջնորդի դերը, բնականաբար, մնում է անորոշ: Ճիշտն ասած` մի քիչ դժվար է պատկերացնել, թե ով այնքան ռեսուրս ունի, որ կարողանա պայքարել ոչ միայն գործող նախագահ և նախագահության թեկնածու Սարգսյանի, այլև երկրի ամբողջ իշխանական և կառավարական ռեսուրսի դեմ:

Ամեն դեպքում աստղագուշակները շարունակում են. «2013 թվականի երկրորդ կեսից մեծ հեղինակություն ձեռք կբերեն այն լիդերները, որոնք ավելի ուժեղ հոգևոր ներաշխարհ ունեն, որոնք կարող են ոչ միայն պաշտպանել իրենց հետաքրքրությունները, այլև սովորեցնել, հանգստացնել, խելքի բերել ժողովրդական մասսաներին: Դրանք կլինեն իրենց ազգի ճակատագրով իրոք մտահոգ, գործունյա մարդիկ: Հենց նրանք առաջ կանցնեն տարվա առավել հանգիստ` երկրորդ կեսին և հետագայում կազդեն ամբողջ համաշխարհային քաղաքականության վրա»:

Սակայն աստղագուշակները չեն էլ գուշակում, որ չեն կարող գուշակել, թե Հայաստանում որը որից հետո կլինի, և ինչը ինչին կփոխարինի: Հայաստանը հակադարձ օրինաչափությունների երկիր է:

 Իսկ հորոսկոպները հնուց ի վեր մարդկանց սնոտիապաշտության վրա հիմնված ձեռնարկներ են եղել, որով իշխողները կարողացել են, իրենց հպատակների հավատալիքների և վախերի նուրբ ու զգայուն լարերի վրա խաղալով, ընդունելի դարձնել իրենց  մտադրություններն ու ցանկությունները, որ հպատակները դա համարեն «երկնքի ցանկությունը»: Այն, կարծում ենք, մինչ օրս էլ արդյունավետ գործիք է ու դեռևս շարունակում է նույն նպատակին ծառայել, ուղղակի այժմ, ավելի գլոբալ իմաստով, աշխարհի հզորներն են հորոսկոպների միջոցով «ի վերուստ որոշված» ու սպասելի դարձնում իրենց ծրագրերն ու նպատակները:

 

 

 

Դիտվել է 1951 անգամ:
Print Friendly

Leave a Reply