Խորհրդարանի 4 «օձերը»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 28, 2012 15:00

«Անկախի»  ջանքերով հայտնաբերվեցին խորհրդարանի 4 օձ պատգամավորները, որոնցից երկուսը կին են, երկուսը՝ տղամարդ: Ովքե՞ր են նրանք:

Նաիրա Զոհրաբյան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար: Ծնվել է 1965 թվականին Երևանում:

Պատգամավորն առանձնապես սնահավատ չէ, նշանների և հորոսկոպների էլ չի հավատում, բայց իր երջանիկ ու հաջողակ լինելու գործում կարևորում է նաև Օձին: «Օձն իմ սիրած կենդանիներից է: Անգամ լուսանկարներ ունեմ օձերի հետ»:

Նաիրա Զոհրաբյանն ամսով էլ Ցուլ է, և այս համադրությունը համարում է շատ օգտակար. «Ինձ հաջողություն են բերել օձի իմաստնությունն ու ցուլի համառությունը»,- խոստովանում է նա:

Ինչպե՞ս է դիմավորում Նոր տարին

«Միշտ տանը: Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք տնից կամ երկրից դուրս են դիմավորում Նոր տարին»:

Նաիրա Զոհրաբյանը նշում է ավանդական Նոր տարի, բայց ոչ ավանդական սեղանով. «Մեր տանն աշխատում ենք՝ազգային ազատագրական բդեր  չլինեն, որովհետև ցանկացած կնոջ և նորմալ մարդու թիվ մեկ թշնամին խոզի բուդն է: Ավելի հակակրելի, հակահիգիենիկ տեսարան, քան ճարպոտ, յուղոտ միս ուտող կինն է, ուղղակի չեմ կարող պատկերացնել: Ամանորյա սնունդը ես եմ գնում և աշխատում եմ նվազագույնի հասցնել կալորիաների քանակը»:

Նաիրա Զոհրաբյանը խիստ հետևում է իր սննդակարգին և դրանից չի շեղվում անգամ տոնական օրերին. «Ես այնքան հաց չեմ ուտում, որ երբեմն երազիս մեջ եմ հաց ու պանիր տեսնում: Բայց հասկանում եմ, որ դա է նորմալ տեսք ունենալու գինը»:

Գեղեցիկ կազմվածք և երիտասարդ տեսք ունենալու նրա բաղադրատոմսը

«Եթե որևէ մեկը երկիր մուտք գործելիս օդանավակայանում ստուգի իմ ճամպրուկը, ապա կտեսնի, որ դրա կեսը ցորենի թեփն է: Ես այն հիմնականում բերում եմ Ֆրանսիայից, որովհետև էստեղ կեղծված է»:

Նրա ամենօրյա նախաճաշն է՝ 3 թեյի գդալ ցորենի թեփ, 0,5 թեյի գդալ քնջութ մածունի հետ խառնած. «Ամբողջ օրգանիզմի շլակները հանում է»,- ասում է նա:

Բացի դրանից, պատգամավորն օրական տասը բաժակ կանաչ թեյ է խմում, բայց խորհուրդ է տալիս դա էլ արտերկրից գնել: Մյուս պարտադիր սնունդն ամեն առավոտ մեկ կանաչ խնձորով, կես լիմոնով և մեկ գդալ անարատ մեղրով ֆրեշն է: «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այդ ամենն օգտագործելով ո՛չ դեմքը ձգելու կարիք կունենաք, ո՛չ կազմվածքի, ո՛չ էլ առողջության խնդիր»:

Ամանորյա բարեմաղթանքը

«2013 թվականին թող մեզանից յուրաքանչյուրն իր հոգու և խղճի հետ խաղաղ լինի: Չանենք մի բան, որ մեր բանականությունը թելադրում է, բայց մեր սիրտը դեմ է և հակառակը: Թող լինի այն, ինչ ուզում է մեր սիրտը և ինչի հետ համաձայն է մեր բանականությունը»:

 Հովհաննես Սահակյան՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ծնվել է 1977 թվականին Սպիտակում

«Օձերի հետ էնքան էլ մտերիմ չեմ,- կատակում է նա, ապա ավելի լուրջ ավելացնում,- հենց որ երազումս օձ եմ տեսնում, շատ հաջողակ օր է լինում: Հիմնականում գեղեցիկ, գունավոր, իգական սեռի օձեր եմ տեսնում, բայց, ցավոք սրտի, հաճախ չեմ տեսնում»:

Օձը բնութագրելիս նշում է՝ իմաստուն է, խելացի և ամենակարևորը՝ եթե դու նրան վնաս չես տալիս, նա էլ քեզ չի վնասում: Այդ առումով օձին և իրեն շատ է նմանեցնում:

Վերհիշելով տասներկու տարի առաջ՝  2001 թվականի օձի տարին` Հովհաննես Սահակյանը խոստովանում է, որ դա իր կյանքում հաջողակ տարի է եղել, մասնավորապես,  համալրել է Հանրապետական կուսակցության շարքերը: «Հա, էլի փաստորեն, շատ էլ լավ տարի է եղել: Աստված չանի, բա որ անդամագրվեինք այլ քաղաքական թիմի՞: Չնայած դժվար թե նման բան լիներ»:

Ինչպե՞ս է դիմավորում Նոր տարին

Նոր տարին դիմավորում է հայրական տանը՝ Սպիտակում, իր և եղբայրների ընտանիքներով: «Չեմ ուզում թերագնահատել այլ մոտեցումները, բայց էս նոր ավանդույթներից՝ դուրսը նշել, դես-դեն, մենք զերծ ենք: Իմ պատկերացմամբ՝ Նոր տարին ընտանեկան-ավանդական տոն է և պետք է նշել տանը»:

Հովհաննես Սահակյանի տղան ու աղջիկն այն տարիքում են, որ դեռ հավատում են Ձմեռ պապին: «Այս տարի առաջին ձյունը դիմավորեցի Մոսկվայի օդանավակայանում: Զանգահարեցի կնոջս և ասացի, որ հենց նոր հանդիպել եմ Ձմեռ պապին և թող երեխաներին հարցնի, թե ինչ են ուզում: Գիշերը հասա տուն և սեղանին տեսա թղթի վրա գրված ցանկությունները. աղջիկը՝ տիկնիկ, տղան՝ ավտոմեքենա»:

Հիշում է, երբ Նոր տարվա գիշերը գնում էին պապիկի տուն, մայրը միշտ իբր ինչ-որ բան էր մոռանում և ճանապարհից հետ էր դառնում: Հետո, երբ բոլորը տուն էին գնում, տոնածառի տակ տեսնում էին նվերներ, որը Ձմեռ պապն էր թաքուն բերել:

Ամանորյա բարեմաղթանքը

«Կուզենայի, որ էն մանկությունը, որ մենք ենք ապրել, մեր երեխաներն էլ ապրեին: Դա ուրիշ բան էր՝ պայծառ էր, անհոգ… »:

Նաիրա Կարապետյան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր: Ծնվել է 1977 թվականին Գյումրիում:

Պատգամավորն օձի նկատմամբ համակրանքով է լցված և նրա մեջ խորհրդավոր ինչ-որ բան է տեսնում: «Օձի թե՛ լրջությունը, թե՛ իմաստնությունը, թե՛ դանդաղ քայերն ինձ դուր են գալիս: Օձը քայլում է սահուն ու անձայն, բայց հարվածը հասցնում է միանգամից և անսպասելի»:

Նաիրա Կարապետյանը ոչ միայն  Օձ է, այլև Կարիճ: «Հայրիկս միշտ կատակով ասում է, որ ինչքան թույն ու թարախ կա, իմ մեջ է կուտակված»:

Թույնն ու թարախը մի կողմ, բայց Նաիրա Կարապետյանն իր մեջ տեսնում է նաև  օձի դրական հատկանիշներ՝ իմաստուն, կշռադատող: «Այ, տեսնում եք, խորհրդարանի չորս Օձ պատգամավորներն էլ աչքի են ընկնում իրենց խելքով և ակտիվությամբ… Միգուցե Վահե Հակոբյանն ավելի լուռ պատգամավոր է, բայց շատ հաջողակ բիզնեսմեն է, դա էլ է, չէ՞, խելքի նշան»,- անկեղծանում է Նաիրա Կարապետյանն ու հավանաբար շատ արագ էլ փոշմանում իր անկեղծության համար:

Ինչպե՞ս է դիմավորում Նոր տարին

«Տանը՝ Գյումրիում, ծնողներիս, պապիկիս հետ: Տոնածառի տակ նվերներ ենք դնում, իրար տուն գնալ-գալուց հնարավորինս խուսափում ենք, քանի որ մարդուն մեկ անգամ պետք է տեսնել, շնորհավորել, և կարևոր չէ՝ ում տանը»:

Ամանորյա ամենասիրած ուտելիքը բլինչիկն է, այն էլ՝ մոր պատրաստածը:

Ամանորյա բարեմաղթանքը

«Քանի որ ես կատաստրոֆիկ և ֆանտաստիկ հայրենասեր եմ, ուզում եմ, որ Օձը հաջողություն բերի հենց իմ հայրենիքին»:

Վահե Հակոբյան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնվել է 1977 թվականին Քաջարանում:

Ցավոք, մեզ չհաջողվեց զրուցել այս «օձ» պատգամավորի հետ: Նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Ենթադրում ենք, որ Վահե Հակոբյանը, լինելով շատ հաջողակ բիզնեսմեն (ինչպես իր գործընկեր Նաիրա Կարապետյանը բնորոշեց), ոտքից գլուխ խրված է գործերի մեջ: Ուստի նրան մաղթում ենք գործերի բարեհաջող ամփոփում` հիշեցնելով, որ օձը չի սիրում «գլուխը խառը» վիճակ և խառնաշփոթ:

Դիտվել է 2037 անգամ:
Print Friendly

Leave a Reply