2013-ի կենդանակերպի նշանների առողջությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 3, 2013 7:53

Օձի տարին էներգիայով լեցուն է: Այս տարվա հովանավորը մեզ կդարձնի զգուշավոր ու   մենք ավելի շատ ժամանակ կհատկացնենք մեր առողջությանը, ինչի շնորհիվ էլ կազատվենք բազում խնդիրներից:

Եկող տարի պետք է ուշադրություն դարձնել հատկապես նյարդային համակարգին: Էմոցիոնալ վիճակն անկայուն է, դեպրեսիաների, հիսթերիկ վիճակների հավանականություն կա, որն անկանխատեսելի արարքների կհանգեցնի: Հարկավոր է հետևել հոգեկանին, հանգստացնող խոտաբույսերով թուրմեր խմել: Բարերար ազդեցություն ունեն ադամաթուզը, ցիտրուսները, իսկ սուրճն ու սպիրտային խմիչքները հարկավոր է հնարավորինս փոխարինել կանաչ թեյով ու հանքային ջրերով:

Թիկունքը, գոտկատեղն ու հոդերը  վտանգի տակ  են: Կհաճախանան օսթեոխոնդրոզի ու ռևմատիզմի նոպաները: Հիմնականում դա կապված կլինի միջանցիկ քամիների ու բարձր խոնավության հետ: Դրա համար փորձեք տանն ու աշխատավայրում ստեղծել հարմարավետ պայմաններ օդափոխիչների կամ էլ ջեռուցման համակարգերի միջոցով: Իսկ գարնանն ու աշնանն առողջարարական պրոցեդուրաներ ընդունեք:

Ընդհանրապես 2013-ին հնարավորության դեպքում շատ ժամանակ անցկացրեք արևի տակ ու տաքության մեջ, փորձեք խուսափել սառչելուց ու սառեցնելուց:  Այդուհանդերձ, խորհուրդ է տրվում հաճախել լողավազաններ ու առողջարարական կենտրոններ: Իսկ ուժային վարժություններն ու վազքն այս տարի նախընտրելի մարզաձևեր չեն:

Ուշադրության կենտրոնում կլինի աղեստամոքսային ու մարսողական  տրակտն ամբողջությամբ: Դրա համար փորձեք զսպվածություն դրսևորել և ուտելուց չափը չանցնել:

Օգտակար կլինի այն ամենը, ինչ աճում է ջրի մոտ, ջրի մեջ ու անտառում:

Մի ճշտում էլ.

«Մաքուր» են համարվում այն նշանները, որոնք ծնվել են ամսվա 1-18-ը, իսկ մյուսները  նախորդ  կամ հաջորդ ամսվա ազդեցությունն են կրում, ինչպես  անձի բնութագրումներով, այնպես էլ աստղաբանական գուշակություններում:

Խոյ (21.03-20.04)

Խորհուրդ է տրվում զսպել բռնկվելու հատկությունը, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել նյարդային նոպայի, որը կարող է վերջույթների վնասվածքների պատճառ դառնալ: Ընդհանրապես այս նշանը պետք է պասիվ հանգստի ժամանակ գտնի ու չշտապի: Դա ոչ միայն առողջական խնդիրներից կպաշտպանի, այլև սխալներ կատարելուց: Խոյը պետք է զգուշանա ջրից. մի մեկնեք երկրներ, որտեղ ջրհեղեղների վտանգ կա կամ էլ պարբերաբար արևադարձային հորդառատ տեղումներ են լինում (տենդի վտանգ կա): Հարկավոր է զգուշություն ցուցաբերել նույնիսկ լողափին:

Ցուլ (21.04-20.05)

Ուշադրություն դարձրեք թիկունքին: Հրաժարվեք բարձր կրունկներից ու ծանր պայուսակներից: Իսկ եթե շատ ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև կամ ոտքի վրա, ապա լավ կլինի` ցեխի ու կավի լոգանքներ ընդունեք, ու մերսում կատարեք: Հնարավոր է, որ հոդերի  ու միակցող հյուսվածքների հետ կապված խնդիրներ առաջանան. ռևմատիզմը շատ է «երիտասարդացել»,  ուստի չարժե անտեսել անգամ աննշան թվացող ցավերը: Դիմեք մասնագետին ու խուսափեք միջանցիկ քամիներից:

Դրա փոխարեն նյարդային  համակարգի խնդիրներ չեն  լինի, քանի որ  նախ` խիստ ապրումների պատճառ չի լինի, երկրորդ` դուք չափազանց «անխոցելի» եք, որպեսզի տառապեք սթրեսից: Այնուամենայնիվ, դրական զգացումները չեն վնասի, այցելեք ցուցահանդեսներ, գնացեք բնության գիրկ` հանգստանալու:

Երկվորյակներ (21.05-21.06)

Երկվորյակների համար 2013-ին ամենամեծ խնդիրը հնարավոր է` նյարդային համակարգի  գերլարվածությունը լինի: Օդի այս նշանի ներկայացուցիչներն ամեն ինչ իրենցով են անցկացնում, ասես մաղ լինեն, իսկ Օձի տարում դա կարող է  հասցնել անգամ կաթվածի ու նյարդային   նոպաների:

Փորձեք սովորել աշխարհին կողքից նայել: Գալիք  տարում  հաճախակի հանդիպումներ ունեցեք ընդհանուր հետաքրքրություն ունեցող ընկերների հետ, դա ձեր դեպքում գերազանց թերապիա է:

Չեն բացառվում նաև անոթային խնդիրները: Հնարավորինս հրաժարվեք վատ սովորություններից:

Խեցգետին (21.06-21.07)

Խեցգետնի  դեպքում վտանգի գոտում է էմոցիոնալ ոլորտը: Չի կարելի ամեն ինչ ներս գցել, հնարավորություն գտեք սթրեսը դուրս թողնելու, հակառակ դեպքում կուտակվածը կհանգեցնի ճակատագրական հետևանքների:

Ընդհանրապես խեցգետինները հակված են ոչ  միայն դեպրեսիաների, այլև լուրջ հոգեկան հիվանդությունների, ու պատճառը` ամեն բացասական բան կուտակելն է: Եթե վատ են, ապա փակվում են ու միայնակ տառապում: Իսկ դա գալիք տարում բոլորովին պետք չէ անել: Իսկ եթե չեք ցանկանում կուտակվածն արցունքներով դուրս բերել, ապա զբաղվեք բոքսով կամ, գուցե տարօրինակ թվա,  երգեցողությամբ: Հաճախակի լողավազան հաճախեք, հանքային ջրով (առողջարան) լոգանք ընդունեք: Լավ տրամադրությունն ու կյանքի նկատմամբ լավատեսական վերաբերմունքը առողջության երաշխիք են:

Առյուծ ( 23.07- 22.08)

Առյուծները պետք է խուսափեն աշխատամոլության նոպաներից: Հակառակ դեպքում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական լուրջ խնդիրներ կառաջանան: Փորձեք պլանավորել ձեր գործերը, որպեսզի ազատ ժամանակ ու լիարժեք հանգստյան օրեր, առողջ քուն ունենաք: Եթե ստեղծագործ կերպար եք ու գերադասում եք «բուի» կյանքը, ապա հաճախակի դուրս եկեք թարմ օդին զբոսանքի:

Գալիք տարում վտանգի տակ կարող են հայտնվել նաև ողնաշարն ու թիկունքը: Ձեր կեցվածքն ուշադրության ու խնամքի կարիք ունի: Նույն դիրքով երկար աշխատանքը փորձեք վարժությունների համակարգով թուլացնել կամ հաճախակի փոխեք այն: Իսկ էքստրեմալ սպորտաձևով զբաղվելու գաղափարից առժամանակ հրաժարվեք, դա իսկապես վտանգավոր է:

Կույսեր(23.08- 22.09)

Այս տարի, ինչպես և միշտ, խնայեք մարսողական համակարգը: Վտանգավոր են ինչպես շատակերությունը, արագ սնունդը, այնպես էլ խիստ սննդակարգերը: Գալիք տարում սննդային սահմանափակումները նույնպես կարող են վնասել: Կանոնակարգված սննդի պակասն է, որ հիմնականում  բացասական ազդեցություն է ունենում բոլոր կենսականորեն անհրաժեշտ պրոցեսների վրա: Իսկ նյարդային համակարգին դա կարող է անդառնալի վնաս պատճառել: Փորձեք հաճույք ստանալ ճիշտ սննդից ու առավելագույնս այն հավասարակշռել:

Ուշադրություն դարձրեք վերարտադրողական օրգաններին: Մի մրսեք ու մի սառեցրեք, հակառակ պարագայում դա երեխածնության վրա կանդրադառնա : Իսկ տոնուսի համար երկարատև հետիոտն զբոսանքներ կատարեք:

Կշեռք (23.09 -22.10)

Կշեռքները պետք է փորձեն  կասկածամտությունը վերացնել: Նյարդային համակարգն առանց այդ էլ վտանգի տակ է, իսկ եթե ինքնաձաղկմամբ զբաղվեք, ապա դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Մաշկի հետ կապված խնդիրների վտանգ կա, որոնք նյարդային ցնցումներով են պայմանավորված. նեյրոդերմիտ, դերմատիտ, փսորիազ: Կիրառեք բնական հակադեպրեսանտներ ու փորձեք լավատես լինել անգամ ամենադժվար իրավիճակներում:

2013-ին ձեզ ցուցված են օդային լոգանքները, արժե փորձել էկոլոգիապես մաքուր տեղանքներ այցելել, ասենք` լեռներ:

Ուշադրություն դարձրեք ստամոքսին, հրաժարվեք ծանր սննդից, օգտագործեք կաթնամթերք ու թարմ կանաչի: Ամառը պահեստավորեք  խոտեր, պրոցեսն ինքնին հանգստացնող է, իսկ հավաքած խոտաբույսերը ողջ տարին կօգնեն կարգին վիճակում պահելու ստամոքսը: Նախապատվությունը տվեք արևքուրիկին (զվերոբոյ) ու երիցուկին:

Կարիճ(23.10 -21.11)

Կարիճին գործնականում ոչինչ չի սպառնում: Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ հոգ տանել առողջությանն ու կարելի է  ծանրաբեռնել օրգանիզմը: Կանխարգելիչ պրոցեդուրաներ կատարեք, լողավազան հաճախեք և ուրախացեք ամեն Աստծո օրով, առավել ևս, որ առիթներ դրա համար բավականաչափ կլինեն: 2013-ին ռիսկի դիմելը ձեզ հակացուցված է: Էքստրեմալ մարզաձևերը` նույնպես: Հանգիստ ու հավասարաչափ, ստեղծագործական ժամանց, սա ձեզ համար է:

Տոնուսի համար զբաղվեք ձեռքի աշխատանքով, գեղանկարչությամբ: Դա սթրեսների նկատմամբ ձեզ կդարձնի ավելի հանգիստ, դիմացկուն: Մեդիտացիաները իսկն են ձեզ համար:

Աղեղնավոր (22 .11 -21.12)

Արժե խուսափել սթրեսային ու հիսթերիկ իրավիճակներից : Նյարդայնությունն ու դժգոհությունը սեփական անձից այն չէ, որ պետք է թույլ տաք այս տարի: Փորձեք հանգիստ լինել:

Գալիք տարում հարկավոր է կանխարգելիչ պրոցեդուրաներ կատարել մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների դեմ: Գարնանը բարդ գրիպի վտանգ կա կամ` ուժեղ անգինայի:  Հետևաբար, փորձեք հեռու մնալ հասարակական վայրերից: Պաշտպանեք իմունիտետը: Վերանայեք ձեր կենսակերպն ու շփման ոլորտը: Ձեր շրջապատում վտանգավոր մարդիկ կան, փորձեք նրանց հետ շփումը հասցնել նվազագույնի` ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական: Իսկ վնասակար սովորություններից արժե հրաժարվել:

Այծեղջյուր (22.12 – 19.01)

Այծեղջյուրին 2013-ը խոստանում է ամուր առողջություն ու էմոցիոնալ կայունություն: Միակ բանը, որը կարող է անհանգստացնել, անձնական կյանքն է:

Այդուհանդերձ,  խնամեք ոտքերը, հատկապես թաթերն ու ծնկները: Չափազանց ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել երակների վարիկոզ լայնացման: Եթե ունեք նման խնդիր, ապա ընտրեք հարմարավետ կոշիկ:

Ընդհանրապես այս տարում քայլվածքը պետք է օձագալար լինի: Մի չարաշահեք նաև հեծանիվը, եթե նման թուլություն ունեք: Իսկ ընդհանրապես այս նշանին ևս խորհուրդ է տրվում շատ զբոսնել ու «շփվել» ծառերի հետ:

Ջրհոս (20.01-18.02)

Ջրհոսները պետք է ուշադրություն դարձնեն մաշկի վիճակին ու ենթաստամոքսագեղձին:  Հետևեք ձեր օրաբաժնին, մի չարաշահեք յուղոտն ու քաղցրը: Եթե մանուկ հասակում ունեցել եք դիաթեզ կամ դիսբակտերիոզ, ապա սննդից բացառեք այն մթերքը, որը կարող է նպաստել այդ հիվանդությունների գլուխ բարձրացնելուն, որն այս անգամ կարող է ալերգիայի տեսքով հայտնվել:

Բոլոր նշաններին, ձեզ ևս խորհուրդ է տրվում խնայել նյարդերը : Որքան էլ տարին լարված լինի, փորձեք էմոցիոնալ լիցքաթափման ժամանակ գտնել: Զբաղվեք մեդիտացիայով կամ այնպիսի մի մարզաձևով, որը գիտեք` հաստատ հանգստացնում է նյարդերը: Իսկ աշնանն առողջարան մեկնեք,:

Ձկներ (19.02-20.03)

Ձկները պետք է շատ ուշադիր լինեն առողջության հարցում: Չնայած Օձը բարեհաճ է ձեր նկատմամբ, այնուամենայնիվ, քրոնիկ հիվանդություններից փորձեք պաշտպանվել: Սրացումներ հազվադեպ, սակայն կարող են լինել, կատարեք բժշկի բոլոր ցուցումները ու ոչինչ ինքնահոսի մի թողեք:

Խուսափեք քամուց ու օդորակիչներ մոտ ժամանակ անցկացնելուց. թուլացած օրգանիզմն իսկույն վրեժ է լուծում այդ անփութության համար տիկնակլոնձով ու նման մանր-մունր անհարմարություններով:

Սիրեք ձեզ, հոգ ու խնամք տարեք, այնժամ հիվանդություններն էլ ձեզանից խույս կտան: Ուշադրություն դարձրեք կենտրոնական նյարդային համակարգին: Հետևեք, թե ինչ ազդեցություն են թողնում ձեզ վրա գերլարվածությունն ու բարդ իրավիճակները: Արցունքները բոլոր իրավիճակներում էլ գերադասելի են: Ուրեմն մի զսպեք ձեզ: Դա կազատի դեպրեսիաներից:

Դիտվել է 4644 անգամ:
Print Friendly

Leave a Reply