Պատգամավորների Նոր տարին, նրանց հիշողություններն ու սպասելիքները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 30, 2012 20:44

Հեղինե Բիշարյանը սողուն չի սիրում, սողունի նմանվել՝ առավել ևս

Ազգային ժողովի «Օրինաց երկրի» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տարով Ցուլ է, օձերի և սողունների նկատմամբ էլ բավականին զգուշավոր է. «Oձը վտանգավոր կենդանի է, ես ընդհանրապես սողուն չեմ սիրում, իսկ սողունին նմանվել՝ առավել ևս, որովհետև նման ոճով ապրելը ծայրահեղ ծանր բան է»:

Նրա ամանորյա բարեմաղթանքը հետևյալն է. թող ոչ մի մարդ օձի տարում չնմանվի այդ կենդանուն:

Պարզվում է՝ արդեն 15 տարի Հեղինե Բիշարյանը «քաղաքական» Նոր տարի է նշում: «Մենք Նոր տարին դիմավորում ենք մեր մեծ քաղաքական թիմով՝ կուսակցության ղեկավարի գլխավորությամբ, որին միանում են նաև մեր ընտանիքները: Ամբողջ գիշեր խնջույք ենք անում, լուսադեմին նոր տուն գնում: Առաջ, երբ երեխաներս փոքր էին, նրանց ձեռքն էի բռնած գնում, հիմա արդեն՝ թոռնիկներիս»:

Խնջույքին մասնակցում է մոտ հարյուր ՕԵԿ-ական:

 Արմեն Ռուստամյանը կենդանակերպերին չի հավատում, հավատում է Աստծուն

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ դեմ է տարիներն այս կամ այն կենդանու տարի համարելուն, քանի որ արարիչն Աստված է և տարու տերն էլ նա է: «Այդ ամենը կռապաշտության դրսևորում է»,- կարծում է նա:

Ուստի, ի տարբերություն շատերի, նրա սպասելիքները ոչ թե օձից են, այլ Աստծուց. «Աստված բոլորիս համար նախատեսել է փրկություն և ուզում է, որ մենք հայտնվենք իր արքայության մեջ: Միայն մենք ենք, որ արհամարհում ենք նրա մատնանշած ճանապարհը, սխալ գործեր ենք անում, մեղքերի մեջ թաղվում և հեռանում Աստծուց»:

Ռուստամյանը Նոր տարին գրեթե միշտ դիմավորում է տանը:

«Պատահել է, որ բանտում եմ դիմավորել կամ էլ արտերկրում, երբ այնտեղ եմ գտնվել սովորելու նպատակով: Բայց եթե Հայաստանում եմ, ապա միայն տանը, ընտանիքիս հետ»:

Արմեն Ռուստամյանը Ամանորի գիշերը շատ հյուրեր է ունենում, հետո ինքն է հյուր գնում: «Իրար տուն գնալ-գալը լավ է, չնայած մի քիչ երկար է տևում և բառիս բուն իմաստով դժվարամարս պրոցես է՝ ճոխ սեղաններ և գրեթե ամեն տեղ նույն ուտելիքը: Բայց ես ոչ թե ուտելիքի վրա եմ կենտրոնանում, այլ մարդկային հարաբերությունների»:

Արմեն Ռուստամյանի Ամանորյա բարեմաղթանքը բոլոր տարիների համար է՝ ապրել ճիշտ, չշեղվել պատվիրաններից, որքան հնարավոր է մեղքերից ազատվել և բարին գործել: «Երբ դա անում ես, մնացածն ինքնիրեն ստացվում է»:

Դժվար է նման սկզբունքներով ապրելը, բայց նա համոզված է, որ դա է ճիշտը: Այդպես ապրելով` հետագայում ավելի մեծ խնդիրներից ես ազատվում: «Հեշտ ճանապարհը կործանման ճանապարհն է, դժվար ընթացքն է, որ մարդուն ամրապնդում է և արդյունք տալիս: Բոլոր նվաճումներն էլ դժվար ճանապարհով են ձեռք բերվում»:

«Ուտելխմելը միշտ էլ կա, մարդկանց հետ շփումն է կարևորը». Էդմոն Մարուքյան

Վանաձորցի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն օձից՝ որպես խայթող կենդանուց, զգուշանում է, իսկ կենդանակերպի օձերից որևէ վախ չունի:

«Չնայած չգիտեմ, օձերի հետ շփում առանձնապես չի եղել»,- կատակում է նա:

Պատգամավորը Նոր տարին դիմավորում է Վանաձորում՝ հայրական տանը: Երեք եղբայրների ընտանիքներով միավորվում են և ծնողների հետ նշում: Դեռ չի եղել դեպք, որ տնից կամ երկրից դուրս դիմավորի:

«Ընդհանրապես Նոր տարին ինձ համար և՛ հանգստի, և՛ պարտականությունների կատարման միջոց է»,-ասում է նա:

Ամանորի ամենաարժեքավոր բանը պատգամավորի համար այն մարդկանց հետ շփումն է, որոնց տարվա ընթացքում հնարավորություն չունի հանդիպելու: «Ուտել-խմելը միշտ էլ կա, մարդկանց հետ շփումն ինձ համար ամենակարևորն է»:

Շիրակ Թորոսյանը կարոտով է հիշում ջավախքյան Նոր տարիները

Ջավախքցի Շիրակ Թորոսյանը հպարտանում է հարազատ Ջավախքի Ամանորյա ավանդույթներով, որոնց կարոտել է, բայց, ցավոք, հնարավորություն չունի տեսնելու. նրա մուտքը Ջավախք արգելված է. «Առաջ միշտ ծննդավայրումս` Գանձայում էի Նոր տարին դիմավորում. գյուղական միջավայր, հարազատ մթնոլորտ… Այս տարի նույնպես կանցկացնենք Երևանում»:

Պատգամավորը չի մոռանում ծննդավայրի հետաքրքիր սովորույթները, օրինակ, որ Նոր տարվա գիշերը երիտասարդները խմբով շրջում են այն տներում, որտեղ սիրած աղջիկ ունեն և արժանանում հյուրասիրության. «Եթե ուրիշ անգամ աղջկա ավանդապահ ծնողը կարող էր մատ թափ տալ երիտասարդի վրա, ապա այդ օրը շատ սիրով հրավիրում է ներս, հյուրասիրում»:

Մի գեղեցիկ սովորույթ էլ կապված է պատանիների հետ. «Գյուղի անչափահաս տղաները` դիմակավորված և զգեստափոխված, որ անճանաչելի լինեն, երաժշտական գործիքներ են վերցնում և խումբ կազմած` գնում իրենց հարազատ-բարեկամների տները, սկսում նվագել, երգել, պարել, ուրախացնել տան անդամներին»:

Փոխարենը պատանի երաժիշտներին տանտերերը քաղցրավենիք են նվիրում, միրգ կամ գումար: Ամենահետաքրքիրն այն է, որ տանտերերն ամեն ինչ անում են իմանալու համար, թե ովքեր են երեխաները, բայց վերջիններս պետք է  ամեն ինչ անեն անճանաչելի մնալու համար:

«Երևանյան Նոր տարին ջավախքյան պարզությունն ու անմիջականությունը չունի,-ցավով նշում է պատգամավորը և հույս հայտնում, որ Վրաստանի ներկա իշխանությունները կվերականգնեն Վրաստան մուտք գործելու իր իրավունքը,  և ինքը կրկին հնարավորություն կունենա զգալու Ջավախքի Ամանորի համուհոտը:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply