Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 26, 2012 17:58

Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով:

Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41 ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաև թվով 6 մանկապարտեզներում, որոնցում ներկառուցվել են թեքահարթակներ ինչպես մուտքերում, այնպես էլ շենքերի ներսում:

Երևանի քաղաքապետարանի և «Յու Քոմ» ընկերության համագործակցության արդյունքում 15 դպրոցներ կկարողանան հեռուստակամուրջներ կազմակերպել արտերկրի տարբեր կրթօջախների հետ: Քաղաքապետարանի աջակցությամբ դպրոցները համալրվել են շախմատի կաբինետներով ու անհրաժեշտ գույքով: ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մինչ օրս ատեստավորվել է շուրջ 10100 ուսուցիչ: Երկու գերատեսչությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են նաև առարկայական օլիմպիադաներ, որոնց  հաղթողներին պարգևատրել է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Յունեսկոյի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով դպրոցներում ուսումնամեթոդական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել:

Կրթության ոլորտում Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի  հետ համագործակցության շրջանակներում  այդ քաղաքներից եկած պատվիրակությունները երևանյան դպրոցներում իրականացրել են մի շարք սեմինարներ և դասընթացներ: Իսկ ֆրանկոֆոն երկրների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից Երևանի 3 դպրոցներում բացվել են լինգոֆոնային կաբինետներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ 270 երեխա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, որտեղ քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ բացվել է  նաև Կիլիկյան վարժարանը, իսկ աշակերտները մասնակից են դարձել  բազմաթիվ մշակութային միջոցառումների: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հսկողությամբ քաղաքապետարանի ենթակայության  դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները ապահովվել են  ջեռուցմամբ:

Վերացվել են նաև նախկինում ոչ լիարժեք ջեռուցվող դպրոցների թերությունները: Քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 24000-ից հասել է 31500-ի:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունները երեխաներին մատուցվող սննդի որակի և այլ բաղադրիչների վերահսկման նպատակով պարբերաբար հսկողություն են իրականացրել մանկապարտեզներում: Հայտնաբերված թերությունների հետևանքով 6 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 8-ը ստացել են նկատողություններ:

Մանկապարտեզների գույքի թարմացման և վերանորոգման մասով անցկացվել է նաև մոնիտորինգ, որի արդյունքում տասնյակ մանկապարտեզներ նորոգվել են, համալրվել նոր գույքով, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն 2013 թվականին: Այս տարի հիմնանորոգման ենթարկվեց Նուբարաշեն վարչական շրջանում գործող միակ մանկապարտեզը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply