Մարզերում բժշկի 259 թափուր հաստիք կա. Առողջապահության նախարարն ամփոփում է տարին
ԱՌՈՂՋԱԿԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | December 26, 2012 14:372012-ին Առողջապահության նախարարությունը շարունակել է 2007-ից մեկնարկած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը: 2012-ին շահագործման է հանձնվել առաջին լիովին բազմապրոֆիլ հիվանդանոցը Գյումիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ամփոփելով 2012-ը:
Այս տարի մեկնարկել է նաև 13 բժշկական ամբուլատորիաների շինարարությունը և Ալավերդու, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնների վերակառուցման աշխատանքները: 2013-ին ԱՆ-ն նախատեսում է սկսել Մեղրու նոր բժշկական կենտրոնի և Վանաձորում 190 մահճակալ հզորությամբ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները:
«Բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով խնդիրները չեն լուծվում,- ասում է Դումանյանը:- Որպեսզի հիվանդները չշարունակեն գալ Երևան բուժվելու, պետք է մարզային հիվանդանոցները ապահովվեն նեղ մասնագետներով: Ըստ վիճակագրության` մարզերում բնակվող հղիների և հիվանդների մեկ երրորդը դիմում է Երևան քաղաքի կլինիկաներ»:
Նախարարն ասում է, որ ներկայում բժշկական կադրերն անհամաչափ են բաշխված, Երևանում նկատվում է գերհագեցում, մինչդեռ մարզերում բժշկի 259 թափուր հաստիք կա: Մարզերում պահանջարկված են հիմնականում վիրաբույժները, մանկաբարձ-գինեկոլոգները, անեսթեզիոլոգները: Խնդիրը որոշակիորեն լուծելու համար Առողջապահության նախարարությունը սեպտեմբերին 25 մասնագետ է գործուղել մարզեր: Աշխատանքի ընդունված 15 սիրիահայ բժիշկների կեսն էլի մարզերում է տեղավորվել:
Նախարարի հրամանով 2012-ին մարզում մեկ նորմալ ծննդի համար հատկացվող գումարն հավասարեցվել է Երևանում գործող գներին, ինչի շնորհիվ 115 մլն լրացուցիչ գումար է ուղղվել մարզային ծննդատներ: Դեպի մարզեր ուղղվող միջոցները մեծացնելու նպատակով Կառավարությանն առաջարկվել է 2013-ի բյուջեում վերաբաշխումներ կատարել և լրացուցիչ գումար հատկացնել մարզերին:
Մարզերում մասնագիտական բժշկական օգնությունը հասանելի դարձնելու նպատակով 2012-ին Երևանի բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին: Հոկտեմբերից տարբեր մարզերում Երևանյան հիվանդանոցների բժիշկները հետազոտել ու բուժում են նշանակել ավելի քան 8500 մարդու:
«Առաջիկայում նախատեսում ենք բոլոր բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրերում նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան վերահսկողություն սահմանել ինչպես բժշկական սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների վրա: Պայմանագրերում կամրագրվի նաև տվյալ բուժհաստատության անձնակազմի նվազագույն աշխատավարձի սահմանման կարգը»,- ասում է Դումանյանը:
Ծննդօգնության գծով 2008-ից իրականացվում են բարեփոխումներ: Դեկտեմբերի 1-ից հրաման է եղել, որ ծննդօգնության ոլորտում հավելյալ ոչ բժշկական ծառայությունների դիմաց սահմանված բոլոր տեսակի վճարները հանվեն, բացառությամբ հիվանդասենյակների համար վճարը. «Մինչև հիմա և այցելության, և հիգիենիկ պարագաների համար էր գումար սահմանված, տարբեր լրացուցիչ մասնագետներ հրավիրելու համար և այլն: Նման գանձումներ այլևս չեն լինի»:
ԱՆ-ն մշակել ու շրջանառության մեջ է դրել «Դեղերի մասին» օրենքի նոր նախագիծը, ըստ որի դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքի ամրագրումը, դեղերի տեղական արտադրության խթանումը:
Նախագծում ամրագրված են նաև պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, բաշխման պահպանման գործունեությունների կանոնները: «Դրանց ներդրման արդյունքում ողջ կենսաշղթայում կշրջանառվեն պատշաճ որակ ունեցող դեղեր, մեծապես կկանխվի կեղծ, չգրանցված, անօրինական դեղերի մուտքը,- ասում է Դումանյանը:- Շատ կարևոր է, որ նոր օրենքով կամրագրվի դեղերի մեծածախ առևտրի լիցենզավորման պահանջը»:
Դումանյանը տեղեկացրեց , որ նախարարությունը սկսել է աշխատել նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի այն 2014-ից աստիճանաբար ներդրվի: