Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2012 17:08

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին աջակցության և մշտական ուշադրության համար:
Ի պատասխան լրագրողների հարցերի, քաղաքապետը նախ ողջունել է Գրողների միության կողմից գրախանութի բացման նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Հայ գրատպության 500-ամյակը նշող երկրի համար նման նախաձեռնությունները խորհրդանշական են ու պատվաբեր: «Ինչպես գիտեք, մենք այս տարի նաև հռչակվեցինք Գրքի համաշխարհային մայրաքաղաք և այդ առիթով տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին Երևանում: Ու բնական է, որ մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գրախանութների դերն ու մայրաքաղաքում դրանց քանակի ավելացումը, ինչն իր հերթին լուրջ խթան կհանդիսանա գրքի և ընթերցանության զարգացման հարցում: Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է գրախանութում, ծանոթացել ներկայացված գրականությանն ու դարձել գրախանութի առաջին գնորդներից մեկը: Հինգ երեխաների հայր Տարոն Մարգարյանը նախ և առաջ գնել է հայ մեծանուն գրողների հեքիաթների ժողովածուներ, ինչպես նաև այլ գրականություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply