Վարկանիշավորումը` ախտորոշիչ գործընթաց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 25, 2012 16:10

Վիվա Սել-ՄՏՍ ընկերությունում այսօր տեղի է ունեցել հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգերի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Շնորհանդեսի սկզբում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր երախտագիտությունն է հայտնել Վիվա Սել-ՄՏՍ ընկերությանը և անձամբ պարոն Յիրիկյանին. “Շնորհակալություն երկար և ձիգ տարիների ընթացքում կրթության ոլորտի նկատմամբ ունեցած խորքային գնահատականի և վերաբերմունքի, ինչպես նաև այս տարվա  խիստ առարկայական համագործակցային ծրագրերի հաջող իրականացման համար: Մեր համատեղ ծրագրերը, որոնք ունեն ռազմավարական բնույթ և երկարաժամկետ օգտագործման համար են նախատեսված, օգնում են կրթական համակարգին` ձեռք բերել լրացուցիչ հմտություններ` Հայաստանում ժամանակակից կրթական նոր մոտեցումներ ներդնելու համար: Վարկանիշավորումը հենց այդ երևույթի ամենավառ ապացույցներից մեկն է: Համաշխարհային մակարդակով վարկանիշավորման համակարգերը փայլուն են աշխատում և խիստ արժանահավատ են. շատ հաճախ ազգային կառավարությունները հիմք են ընդունում դրանք` ֆինանսական աջակցություն և տարկետում տրամադրելու համար: Վարկանիշավորման ազգային համակարգերը լրամշակվել են` աշխարհի լավագույն փորձը հաշվի առնելով”,-նշել է նախարարը` հավելելով, որ վարկանիշավորումը նպատակ ունի թափանցիկության և հաշվետվողականության, օբյեկտիվ հիմքերի վրա կրթական համակարգի իրական պատկերը ցույց տալ: “Մյուս կողմից վարկանիշավորումը հնարավորություն է տալիս ախտորոշել առկա խնդիրները, թույլ կետերը և կարևոր հող ստեղծել պետական քաղաքականության գործիքների` առավել թիրախային և նպատակային օգտագործման համար. հիմնականում հանրակրթության ոլորտում հայտնաբերել դպրոցներ, որոնք լրացուցիչ աջակցության կարիք են զգում: Այսինքն, վարկանիշավորումը ոչ միայն դափնիներ շնորհելու, այլև ախտորոշիչ գործընթաց է”,-ընդգծել է նախարարը:
Վիվա Սել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, անդրադառնալով վարկանիշավորման համակարգերին, նշել է, որ գործարար ոլորտի համար դա նշանակում է, որ կրթական ոլորտը կդառնա ավելի տեսանելի և թափանցիկ: “Վարկանիշավորումը Արևմուտքում կարևոր գործընթաց է, որն առաջին անգամ կկիրառվի նաև մեր երկրում: Այն խոշոր ընկերություններին թույլ կտա հասկանալ, թե իրականում ինչ մակարդակ է տիրում կրթության, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Մենք հավատում ենք, որ երկրի զարգացման, տնտեսական մրցունակության մակարդակի բարձրացման նպատակով ուշադրությունը նախևառաջ պետք է սևեռվի կրթական ոլորտին: Սա է պատճառը, որ Վիվա Սել-ՄՏՍ-ը վճռական կանգնած է կրթության ոլորտի կողքին և աջակցություն է ցուցաբերում այն բոլոր  ծրագրերին, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն օժանդակում են այն գաղափարին, որ մրցունակության մակարդակը մեր երկրում ավելի է բարձրանում, որն էլ իր հերթին երկրի զարգացման ընթացքն առաջ կտանի ավելի արագ քայլերով”:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ) ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկի մեխանիզմ)` ՀՀ կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:
Շնորհանդեսի ընթացքում լրագրողները հարցեր են ուղղել հիմնական բանախոսներին, մասնավորապես, լրագրողներին հետաքրքրել է, թե որ կազմակերպություններն են իրականացնելու վարկանիշավորումը և արդյոք գործընթացում առկա չեն կոռուպցիոն ռիսկեր: Հարցին ի պատասխան` նախարարը նշել է, որ 2013 թվականին իրականացվելիք փորձնական վարկանիշավորման պատասխանատու մարմինը կհանդիսանա ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` որպես մեթոդաբանության հեղինակ և քաղաքականության պատասխանատու: “Տարվա ընթացքում լրամշակելով նախագիծը` նախարարության ձեռքը կպահենք գործընթացի զարկերակին: Արդեն մեկ-երկու տարի հետո խնդիրը կարող ենք հանրային քննարկման դնել և թափանցիկ կերպով ընտրել ամենապրոֆեսիոնալ և ամենաարժանավատ այն կազմակերպությանը, որն ամենից շատ կվայելի հասարակության վստահությունը: Կարծում եմ` այս գործընթացում հանրային սեկտորն անփոխարինելի է: Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին` նշեմ, որ նախարարությունը փորձել է հաշվելի և չափելի դարձնել գնահատման ողջ համախումբը և  վարկանիշավորման ելքի վրա մարդկային գործոնի ռիսկը հասցնել նվազագույնի”,-նշել է նախարարը` հավելելով, որ բուհերի պարագայում  հատկապես վարկանիշավորումը կխթանի մրցունակության բարձրացմանը:
Շնորհանդեսի ավարտին կողմերը հայտնել են, որ հաջորդ տարեսկզբին նախատեսվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության միջև կնքել 2013 թվականի համար համագործակցության հուշագիր, որտեղ, ըստ բանախոսների, կպահպանվեն հին գերակայությունները և սկիզբ կդրվեն նոր ուղղությունների:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply