2012-ին ԿԳ ոլորտում 7 կարևոր ձեռքբերում ենք ունեցել. Արմեն Աշոտյանն ամփոփում է տարին

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 22, 2012 15:04

2012-ը դժվար, բայց նաև արդյունավետ տարի էր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով 2012-ը կրթության և գիտության ոլորտում:

Նախարարն առանձնացրեց 7 կարևոր ձեռքբերումներ, որոնք ունեցել են լուրջ բովանդակային և միջազգային կարևորություն և արձագանք:

Նախ, 2012-ին  Հայաստանի աշակերտական օլիմպիական թիմը միջազգային օլիմպիադաներում 6 առարկաներից նվաճել է 16 մեդալ: «Սրանով ապացուցեցինք, որ Հայաստանի կրթական համակարգը մրցունակ է միջազգային ասպարեզում»,- ասում է Աշոտյանը՝ հավելելով, որ հետխորհրդային երկրների տարածքում մեկ շնչին բաժին ընկնող մեդալների թվով Հաայստանը զիջել է միայն Էստոնիային:

Երկրորդ ձեռքբերումն  այն է, որ 2012-2015 թթ. Բոլոնիայի քարտուղարությունը գտնվելու է Հաայստանում: Սա , ըստ նախարարի, ոչ միայն կրթական ձեռքբերում է, այլ նաև արտաքին քաղաքականության հաղթանակ:

Երրորդը “Շախմատը դպրոցում” ծրագիրն է: Շախմատ առարկան դասավանդվում է արդեն նաև երրորդ դասարանում, ստեղծվել են համապատասխան առարկայական դասագրքեր, վերապատրաստվել են ուսուցիչները: “Շախմատը դպրոցում” նախագիծը հայաստանի կրթական համակարգի բրենդն է դարձել միջազգային ասպարեզում:

Ձեռքբերումների թվում ԿԳ նախարարը նշում է նաև ԱՊՀ երկրների մանկավարժների 2-րդ համագումարը և ԱՊՀ երկրների նախարարների կոնֆերանսը Հայաստանում:

Տարեվերջին հայաստանյան բոլոր դպրոցներում հասանելի է դարձել ինտերնետը:  Ընդունելության քննություններն էլ  նախարարը որակեց որպես աննախադեպ թափանցիկ, որոնք որևէ լուրջ քննադատության չեն արժանացել:

Վերջին կարևոր ձեռքվերումը  ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող “Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն” է, որի շրջանակներում երիտասարդ գիտնականներին է հատկացվել լրացուցիչ 100 մլն դրամ. գումարը տնօրինում է  երիտասարդ գիտնականներից կազմված խորհուրդը:

Շարունակելով գիտության ոլորտի հաջողությունները թվարկել` նախարարն ասում է, որ Հայաստանը ԱՊՀ տարածքում առաջատար է նաև միջազգային հեղինակավոր հրատարակություններում մեկ շնչին բաժին ընկնող տպագրությունների թվով և հղման ինդեքսով: «Գիտության բնագավառում այս երկու ցուցանիշները թույլ են տալիս ասել, որ անկախ գոյություն ունեցող խնդիրներից Հայաստանում գիտությունը մրցունակ է և առաջատար  ԱՊՀ երկրների շրջանակներում»,- ասում է Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով՝ նշված յոթ ձեռքբերումներով տարին չի սահմանափակվում:

Այս տարի առաջին անգամ հաստատվել է դպրոցների և բուհերի վարկանշավորման մեթոդաբանությունը,  հաստատվել է նաև բուհերի լիցենզավորման մեթոդաբանությունը, ուսման վարձերի սահմանման մեթոդաբանությունը, ուժեղացել է վերահսկողությունը պետական բուհերում:

Նախարրը նշեց նաև, որ 2012-ին վերապատրաստվել է շուրջ 10 հազար ուսուցիչ, մոտ 1000 դասախոս, 50 տոկոսով ավելացել են պետպատվերով տեղերն ուսումնարաններում, ստեղծվել է Ուսուցման ազգային հիմնադրամը, որը կապահովի կրթական համակարգ-աշխատաշուկա սերտ կապը, ինչպես նաև հանրապետության 1100 դպրոցներ արդեն ունեն ուսումնական զենք և դրանց համար համապատասխան սենյակներ, 70 համայնքներում էլ նախակրթարաններ են հիմնվել:

Անդրադառնալով դեռ կիսատ գործերին՝ Աշոտյանն ասում է, որ կոռուպցիան կրթական համակարգում նվազել է, բայց չի վերացել: Համենայնդեպս քայլեր են ձեռնարկվել կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ՝ փոփոխելով ընդունելության և ավարտական քննությունների կարգը: Հատկապես Երևանում նվազել է նաև դրամահավաքը դպրոցներում: Աշոտյանն ասում է, որ արգելում են ցանկացած առիթով դրամահավաքը ( այդ թվում և մանկական մշակութային միջոցառումների տոմսերի վաճառքը և այլն), ինչը վերջնական ու կատարյալ լուծում չէ:

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply