ԽՈԺՈՌՆԻ. Ծտի բուն հիշեցնող գյուղում հայ հարևանների հետ համերաշխ ապրում է ադրբեջանցի Գյոլչակ տատը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 25, 2010 10:22

Խոժոռ եղանակ է: Փողոցի ծայրից տնական եփած ապուրի հոտ է գալիս:

Անցնող-դարձողը մի լավ ուսումնասիրում է դեսուդեն վազող լրագրողներին, որոնք մեկ հայերեն են խոսում, մեկ ադրբեջաներեն, հետո ռուսերեն, անգլերեն:

Վրաստանի Քվեմո Քարթլի տարածաշրջանում գտնվող Խոժոռնի գյուղի համար, որտեղ  հիմնականում ապրում են հայեր և ադրբեջանցիներ, մի քիչ անսովոր, մի քիչ էլ անգամ խենթ են համարում նրանց, ովքեր համարձակվում են անցնել կամ հաղթահարել գյուղ բերող չեղած ճամփան:

Փողոցի այդ տնակի փակուղուց կրկին սառը օդի պես քիթս ծակում է ճաշի բույրը, ու կրկին որոշում եմ շարունակել գյուղի անծանոթ ճանապարհը. հայկական տոլմայի հոտ է: Փողոց մտնող ճանապարհը սկիզբ է առնում անաղմուկ, փոշոտ ու քարուքանդ եղած մայթից, ուղիղ գալիս, թեքվում է աջ, շարունակվում  ծուռումուռ և  վերջանում քառակուսու տեսք ունեցող տան… չէ, ավելի ճիշտ` հյուղակի դարպասի շեմին:

Մոխրագույն երկաթե դարպասի ճռռացող դուռը բաց եմ անում ու ներս մտնում` հույսով, որ հայի տուն է:

-Կարելի է՞, տատի ջան,- ասում եմ` կարծելով, թե գյուղում ապրող տատիս պես ծաղկավոր խալաթ հագած, յաղլախը գլխին կապած տատը հայ է:

Հետևիցս ներս է մտնում Խոժոռնիի գյուղապետի տղան` Սամոն և վրա պրծած ձեռք ու ոտքով ինձ հասկացնում, որ ադրբեջանցու տուն եմ մտել: Վրա պրծնելու պատճառն այն չէր, որ իր համար դա անսովոր էր, այլ ինչպես հետո ասաց, մտածում էր, որ  հավանաբար չէի ուզենա թուրքի տուն մտնել:

Խոժոռնին, որ կարծես անկլավային ծտի բուն հիշեցնող գյուղ լինի, ուր տասնամյակներ արդեն կողք կողքի, միմյանց օգնելով ու դարդ դարդի տալով, թևութիկունք արած ապրում են հայն ու ադրբեջանցին, ստիպել է դարեր շարունակ միմյանց չհանդուրժող ազգերին բնավորվել ու հաց կիսել իրար հետ:

«Վի, բալա ջան, համեցեք, եկեք ըստի նստեք, տուն մտնենք, մի բաժակ չայ խմենք, համով է»,- դռնից դեռ ներս չմտած Տավուշի կամ Ղարաբաղի բարբառի պարզ հայերենով հորդորում է 65-ամյա Գյոլչակ տատը:

Ներսում եմ: Ամեն բան ինձ համար շատ ջերմ է, տնավարի: Տատն էնքան է ստիպում, որ հաց գցեն, մի կտոր հացուպանիր ուտենք, սամովարից սև թեյ խմելով` հարցազրույց անցկացնենք: Տատի շուրջն են հավաքվում հարևանները, հարսը և տղան: Թոռներն էլ գյուղամեջում խաղում էին:

«Դե գիտեք, որ հրեն, կողքին է սահմանը, երկաթգծից էլ հեռու ենք,  փայտ չենք կարողանում բերել, ապրելն էլ դժվար է: 85 լարի (մոտ 50 դոլար) թոշակ եմ ստանում, բայց դա ի՞նչ է որ: Երեք երեխա կա տանը, դպրոց են գնում, էս տղես ո՞նց հասցնի, այ բալա»,-  ասում է Գյոլչակ տատն ու ավելացնում, որ փայլուն հայերեն սովորել է` հայերի հետ տալ-առնելով, հարսանիքներին գնալով, հարևանություն անելով:

«Մենք տարբերություն չենք դնում հայի ու ադրբեջանցու մեջ, պապերի ժամանակից իրար հետ ապրում ենք, չենք ուզում ո՛չ Հայաստանից, ո՛չ Ադրբեջանից գան ու խառնեն մեզ: Իրարից տարբեր բաներ սովորում ենք ու յոլա գնում, ուրիշի հողի վրա ապրող մարդիկ ենք: Հայերի հետ հարսանիք էլ ենք գնում, տխրության էլ ենք իրար կանչում, օգնում, սոված լինեմ` կեթամ հայից հաց կբերեմ, կուտեմ, ի՞նչ կա»,-պատմում է Խոժոռնիում ծնված մեծացած տատն ու լցնում թեյի երկրորդ բաժակը:

Զրույցին է միանում տատի կրտսեր որդու` Աֆանդի Շարիֆովի կինը` Այնուրը , որ 6 հոգանոց ընտանիքի մայր է: Ժպիտով է հիշում այն երանելի տարիները, երբ Ալավերդի, Ստեփանավան, Կիրովական առևտրի ու հանգստի էին գնում. «Դե հիմա չենք գնում Հայաստան, բայց առաջ շատ էինք գնում Ալավերդի, հատկապես ամուսինս:Մոշ էինք տանում, գնում էինք Կիրովականի շուկա: Հիմա ստիպված միայն Մառնեուլ ենք գնում: Մենք գյուղում համերաշխ ենք հայերի հետ, բայց Հայաստան էլ չենք գնում, ափսոս»,- փաստում է Այնուրը և ֆոտոալբոմի մեջ ցույց տալիս հայաստանյան գեղատեսիլ վայրերում նկարված սև ու սպիտակ նկարները:

«Մեր ու ադրբեջանցիների մեջ ոչ մի կոնֆլիկտ, կռիվ չկա, այ բալա, հլը տենց բան չենք տեսել, չկա: Մենք ուրիշի հողի վրա ապրող մարդիկ ենք: Ո՛չ մենք իրավունք ունենք իրենց նեղացնելու, ո՛չ էլ իրենք կամ ուրիշները: Մեր երեխեքը իրանց լեզվով են խոսում, իրանց երեխեքը` մեր լեզվով»,- արագ-արագ ասում է կացնի հետևից եկած հարևանուհին` Ռոզա տատը ու շտապում տուն:

Գյոլչակ տատը պատմում է նաև, որ հարևան հայերից սովորել է ճաշեր եփել, և համոզում էր հյուրասիրվել ու մի կուշտ փորով հաց ուտել մինչև հարցազրույցի վերջը.

«Մեր հետ մնա, ճաշը էփի, հաց չդիս ուտիլ, էս թթուն լավն ա»,- ժպտադեմ տատը ափսեիս մեջ նորից պանիր ու լոշանման հաց է դնում:

Վրաստանի Քվեմո Քարթլիի նահանգի Մառնեուլի շրջանը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով, նրանք կազմում են տեղի բնակչության 86-87 տոկոսը:  Խոժոռնին Մառնեուլի այն սակավաթիվ գյուղերից է, որոնք մեծ մասամբ բնակեցված են հայերով: Ընդհանրապես Մառնեուլի շրջանի մեջ է մտնում  75 գյուղ, որոնցից միայն 9 են բացառապես հայկական` Ախկյորփին, Չանախչին, Գյուլուբաղը, Խոխմելը, Դամիան, Բրդաձորը, Կարմիրգյուղը, Շահումյանը, Ղուդրին:

Խոժոռնիի գյուղապետը հայ է` Մանվել Ղարիբյան, տեղակալը` ադրբեջանցի: Երկուսն էլ հիանալի տիրապետում են երկու լեզուներին ու հարցազրույց տալիս այն լեզվով, ինչ լեզվով հարմար է: Գյուղապետի խոսքով` 900 մարդ կա գյուղական համայնքում, որոնցից 110 ադրբեջանցիներ են:

Ղարիբյանը նույնպես փաստում է իրականությունը, որ Խոժոռնիում հայի ու ադրբեջանցու միջև հարցեր ու բախումներ չեն լինում, բայց մեկ է,  խառն ամուսնություններ դեռ չեն եղել: Ասում են, թե` գուցե սիրահարություններ լինում են, բայց կրոնի տարբերությունն, ի վերջո, իր խոսքն ասում է: Ի դեպ, Խոժոռնիում մզկիթ չկա, բայց եկեղեցի կա, այն էլ, ըստ գյուղապետի, XI դարի:

Լևոն Ղարիբյանը` գյուղի դպրոցի հույն տնօրենին փոխարինած նոր տնօրենը, պատմում է, որ 143 աշակերտ կա դպրոցում և 16 դասարան: Աշակերտներից 128-ը հայկական բաժնում են, 15-ը` ադրբեջանական, ու մեկը մյուսի լեզուն դպրոցում չեն անցնում, իսկ հայերենն ու ադրբեջաներենը սերտում են միմյանց հետ ընկերություն անելիս:

Գյոլչակ տատը, Ռոզան, գյուղի ահելն ու ջահելը հավաստիացնում են, որ ղարաբաղյան հարցին չեն անդրադառնում, ուստի երբեք էլ չեն  վիճում քաղաքական գործիչներին հուզող հարցերով, ուղղակի անիմաստ են համարում:

Տատի  տնից դուրս եկա մի լավ կշտացած ու ձեռքիս երկու խնձոր` դեղին ու կարմիր, որ երևի հենց այդ պահին խորհրդանշում էր հայ-ադրբեջանական բարեկամության ամրությունն ու հյուրընկալությունը:

Ճամփա ընկանք… Երթուղայինում տասը  կտոր ենք անում խնձորն ու հայ և ադրբեջանցի երիտասարդ լրագրողներով վայելում  հայկական հողում ադրբեջանցի տատի աճեցրած համեղ խնձորները: Մեկ էլ, ո՞սվ գիտի` երբ  կհանդիպենք:

Հոդվածը հնարավոր է եղել պատրաստել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հարևաններ» ծրագրի շրջանակներում` Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի նահանգ այցելության ժամանակ:


Դիտվել է 2549 անգամ:
Print Friendly

Leave a Reply