Եվրոպական նոր խաղեր, այն էլ` Բաքվում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 23, 2012 7:05

2015-ի հունիսին Ադրբեջանի  մայրաքաղաք Բաքուն  հյուրընկալելու է առաջին անգամ անցկացվելիք  եվրոպական խաղերի մասնակիցներին: Այդ որոշումն ընդունվել է օրերս Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նստաշրջանում: Թե ինչպես է դա տեղի ունեցել, խնդրեցինք ներկայացնել միջոցառմանը մասնակցած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամառային մարզաձևերի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանին:

 – 49 երկրների պատվիրակներ էին հավաքվել: Հայաստանը ներկայացնում էինք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ես: Ի դեպ, նախատեսված էր, որ նստաշրջանը կազմակերպվի Իսրայելի Էյլաթ քաղաքում, սակայն մի շարք երկրների ներկայացուցիչներ բողոքել էին, թե այդ երկրում խաղաղ չէ, և միջոցառման վայրը փոխվեց: Բազմաթիվ հարցեր քննարկվեցին: Տրվեց  2012-ին Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերի հաշվետվությունը: Լսվեց, թե ինչպես է ընթանում 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի, 2016-ին Ռիո  դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական  խաղերի, 2013-ի Եվրոպայի ամառային և ձմեռային օլիմպիական փառատոների, պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի նախապատրաստությունը: Հարցերից մեկն էլ այն էր, որ Բաքվում անցկացվեն  եվրոպական առաջին խաղերը: Ընդ որում, այլ երկիր հայտ չէր ներկայացրել: Ինչ վերաբերում է այդ  ստուգատեսին, ապա մտահղացումը նոր չէ. կազմակերպվում են պանամերիկյան, ասիական խաղեր: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում և նպաստում սպորտի զարգացմանը: Ադրբեջանի պատվիրակները ներկայացրին իրենց հնարավորությունները, համապատասխան մարզաբազաները, ենթակառուցվածքները: Բացի այդ, հայտարարվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նաև այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն է գլխավորում, մեծ ներդրումների է պատրաստ և գայթակղիչ առաջարկ է կատարում, որ կազմակերպական  ծախսերի զգալի մասն Ադրբեջանն իր վրա է վերցնելու: Անցկացվեց փակ քվեարկություն: Ի վերջո, գրանցվեց 38 կողմ, 8 դեմ, 2 ձեռնպահ: Մենք նախապես հայտարարել էինք, որ քվեարկությանն ընդհանրապես չենք մասնակցելու, և այդպես էլ արեցինք:

 Նախապես  ասվե՞լ էր, որ այդպիսի հարց է քննարկվելու, կամ պետք է հայտեր ներկայացվեն Եվրոպական առաջին խաղերի  մայրաքաղաքի կոչման համար մրցույթին մասնակցելու նպատակով:

– Ոչ, մրցույթ` որպես այդպիսին, չկար: Պարզապես, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից այդ մասին վերջին պահին հայտարարվեց, որը մեզ համար անսպասելի էր:

 Խաղերի ծրագրի մասին ի՞նչ է հայտնի, քանի՞ մարզաձև է ընդգրկված լինելու:

– Ներկայումս այդ ամենը քննարկվում է: Եվրոպայի օլիմպիական կոմիտեում հատուկ հանձնաժողով է ստեղծվել: Ի դեպ, մի շարք մարզաձևերի ներկայացուցիչննր չեն ցանկանում մասնակցել խաղերին: Դա արդեն պետք է որոշեն տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները: Մասնավորապես, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները դեմ են, որ այդ մարզաձևը խաղերի ծրագրում լինի: Համամիտ չէ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայելո Մարտինետին: Նա ներկայումս նպատակահարմար չի համարում, որ ըմբշամարտը  խաղերի ծրագրում ընդգրկվի: Հնարավոր է, որ հետագայում այս կարծիքը վերանայվի: Փոխարենն առայժմ համաձայնություն են հայտնել նետաձգության, բադմինտոնի, բռնցքամարտի, կանոեի, սուսերամարտի, ձյուդոյի, հրաձգության, հանդբոլի, ռեգբիի, վոլեյբոլի, սեղանի թենիսի ֆեդերացիաների ներկայացուցիչները: Չի բացառվում նաև խաղերին աթլետների և լողորդների մասնակցությունը: Առայժմ պարզ չէ, թե ինչպես է արվելու, հետագա քայլերն ինչպիսին են լինելու: Հայտ են ներկայացրել, որ խաղերի ծրագրում ընդգրկվեն նաև ոչ օլիմպիական երկու մարզաձևեր` մարզական պարերը և կարատեն: Սակայն դեռևս ոչ մի բան ճշգրտված չէ:

 Պատվիրակներ ուղարկելու հարցում ինչպիսի՞ն է մեր երկրի ներկայացուցիչների դիրքորոշումը:

– Նախ` պետք է  հաստատ մասնակցենք: Ինչո՞ւ խուսափենք, ընդհակառակը` անհրաժեշտ է գնալ և ցույց տալ, թե ինչի է ունակ մեր երկիրը: Ինչ վերաբերում է նախապատրաստությանը, ապա դա պետք է կատարվի լրջորեն, խնդիր դրվի, որ Բաքվում հնչի Հայաստանի օրհներգը, բարձրացվի եռագույնը: Իսկ միայն մասնակցելու համար պատվիրակներ ուղարկելն անիմաստ է:

 Այդ ցանկությունն ինչքանո՞վ է իրատեսական: Կարելի է չկասկածել, որ Բաքվում ամեն ինչ կարվի, որ հայ մարզիկներն անմասն մնան խաղարկվելիք պարգևներից:

– Եթե խաղերի ծրագրում ընդգրկված լինեն ըմբշամարտը, ծանրամարտը, միանշանակ մերոնք կարող են Բաքվում մեդալների տիրանալ, սակայն մյուս մարզաձևերի ներկայացուցիչների հնարավորությունները սահմանափակ են: Թերևս կարելի է այդ առումով հույսեր կապել նաև մեր բռնցքամարտիկների հետ:

 Նախապատրաստվելու մասին որոշումը ե՞րբ կկայացվի:

– Դեռ ժամանակ կա: 2013-ին խաղերի անցկացման հետ կապված որոշ հարցեր երբ կհստակեցվեն, դրանից հետո միայն կորոշենք մեր անելիքները:

 Նախկին փորձը ցույց է տվել, որ Բաքվում անցկացվող միջոցառումների ժամանակ ադրբեջանական կողմը Հայաստանի ներկայացուցիչներին անվտանգության լիարժեք երաշխիքներ չի տալիս: Ի՞նչ պետք է արվի, եթե պատմությունը կրկնվի:

– Այս խաղերն ավելի լուրջ բնույթ ունեն, քան Բաքվում կազմակերպված նախորդ ստուգատեսները: Մասնավորապես, սա ավելի խոշորամասշտաբ միջոցառում է, քան, ասենք, 2012-ի օլիմպիական խաղերից առաջ Ադրբեջանում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որը նաև վարկանիշային էր օլիմպիական խաղերի համար:

 Եվրոպայի օլիմպիական կոմիտեն կարո՞ղ է երաշխավորել, որ Հայաստանի ներկայացուցիչները Բաքվում որևէ ճնշման, չեն ենթարկվի, նաև` հոգեբանական:

– Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հետ կապերը սերտ են, որի նախագահն իռլանդացի Պատրիկ Հիկեն է: ՀԱՕԿ-ն այդ կազմակերպության հետ համատեղ մի շարք ծրագրեր է իրականացնում: Այնպես որ` աջակիցներ կունենանք:

Որևէ խոսակցություն չեղա՞վ, երբ Հայաստանի ներկայացուցիչները քվեարկությանը չմասնակցեցին:

– Պատրիկ Հիկեն մոտեցավ մեզ և հայտնեց, որ դիվանագիտական մոտեցում ենք դրսևորել` նախապես հայտարարելով, որ քվեարկությանը չենք  մասնակցելու: Ինքս էլ պարզաբանեցի, որ գերադասում ենք սպորտը քաղաքականությանը չխառնել: Այդ է պատճառը, որ բողոք չենք ներկայացրել, անգամ քվեարկության ժամանակ դահլիճից դուրս չենք եկել: Խնդրեցի, որ մեր այս դիրքորոշումն առանց մեկնաբանությունների թողնվի: Ի դեպ, մասնակից մյուս երկրների պատվիրակություններն էլ մեր քայլը ճիշտ համարեցին:

 Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկա՞ էր նստաշրջանին:

– Իլհամ Ալիևը բացակայում էր, սակայն ներկա էին Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը, այդ կազմակերպության, քաղաքապետարանի վարչական մի շարք աշխատողներ, Ադրբեջանի սպորտի նախարարը:

 Խաղեր անցկացվելու են միայն ամառային մարզաձևերի՞ց:

– Առայժմ  որոշվել է միայն ամառային մարզաձևերի մրցումներ անցկացնել: Չի բացառվում, որ հետագայում նաև ձմեռային մարզաձևերի խաղեր կազմակերպվեն:

 Պանամերիկյան, ասիական խաղերի փորձն ի՞նչ է ցույց տվել, եվրոպական խաղերի ծրագրում ո՞ր մարզաձևերն են ավելի շատ հավակնում ընդգրկվելու:

– Հիմնականում նախապատվությունը տրվում է խաղային մարզաձևերին: Կարծում եմ, որ մենապայքարային մարզաձևերից անպայման կընդգրկվի  բռնցքամարտը: Ջրային մարզաձևերը նույնպես մեծ հավակնություններ ունեն, թիավարության մրցաձևերը և այլն:

 

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply