Աշխեն-Վալերի Գործունյան. «Եթե ամուսինս ցանկանա ինձ բերել Հայաստան, ամուսնուս հետ կգամ…»

Հարցազրույց | | December 20, 2012 14:45

«Փարիզյան սուրճ» ընկերության նախկին տնօրեն Աշխեն Գործունյանի հետ «Անկախը» մեկ-երկու անգամ հանդիպել է, հատկապես երբ ընկերության գործերն արդեն խառն էին: Սա մեր երկրորդ հարցազրույցն է նրա հետ Հայաստանը լքելուց հետո:

 - Աշխեն, երբ գնում էիք Հայաստանից, ասացիք. «Ես հեռանում եմ, պարոն պետություն, ես չեմ ենթարկվում ձեր ճնշումներին»:

- Այս երկրի մեջ եթե իրենց օրենքներով չլինես, չես կարող գործել: Եթե իրենց պես կաշառակեր չլինես կամ կաշառակերությամբ չզբաղվես, չես կարող աշխատել: Գիտես, Հայաստանում շատ դժվար է այդ օրենքներով աշխատելը: Ես չգիտեմ ու չեմ կարող կաշառել մարդկանց, ոչ էլ ուզում եմ, մտքովս անգամ չի անցել:

- – Բայց Դուք 15 տարուց ավելի ղեկավարում էիք «Փարիզյան սուրճ» ընկերությունը և գործերն այնքան էլ վատ չէին:

- Ես սկզբից իմ ամուսնու հետ էի աշխատում, նա հայաստանցի էր: Ու ինչ անում էր, ես չէի տեսնում: Բայց երբ տարիներ առաջ բաժանվեցինք, ամեն ինչ խառնվեց իրար: Նա կապ ուներ այդ ընկերության հետ, կապ ուներ պետության մարդկանց հետ, ու շատ դժվար էր ինձ համար աշխատելը:

Երբ ինձ մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, ես Երևանից մեկնեցի Փարիզ` բուժման: Վազգենը ասաց, թե ժամանակավոր ինձ երաշխիք տուր` գործարքներն իրականացնելու համար: Ես էլ միամտաբար տվեցի: Նա չգիտեր էլ` սուրճն ինչ է, իսկ սուրճն իմ ու ընտանիքիս կենսագրությունն է, բոլորը դա գիտեն:

Վազգենը փաստորեն այդ ամբողջ ժամանակահատվածում ինձ «քցելով» էր զբաղվում, հասցրեց վաճառել Աբովյան փողոցի իմ շենքից հարկեր, ցանկանում էր վաճառել նաև սրճարանն ու իմ տունը:

Նա մտածում էր, որ մահը մոտ է ինձ, ու այդ ամենն իրեն է մնալու: Մանր-մունր շատ այլ բաներ էլ կային, չեմ ցանկանում վերհիշել: Ուղղակի ես Ֆրանսիայի բանկից ահռելի գումար վարկ էի վերցրել, որը մինչև հիմա մարում եմ: Մնացել է մոտ 150.000 եվրո, իսկ դա քիչ գումար չէ: Ինչո՞ւ ես այդքան ներդրում արեցի մի երկրում, որտեղ հիմա ինձ ծաղրում ու վատաբանում են:

- Այսինքն՝ ամբողջ բիզնեսն իրականացնում էր ձեր նախկին ամուսի՞նը:

- Ես տեղյակ էի միայն մի մասով: Սուրճը դրսից էր գալիս, ամբողջը ես էի ներմուծում: Թղթերը, ամեն ինչ ես էի անում: Բայց այն գործերը, որ Հայաստանում նա էր կատարում, վաճառելը, հարկային և այլ հարցերը, ես չէի իմանում: Չգիտեմ, նա երևի իրենց պես էր անում, իրենց ձևով, բայց համաձայն չեմ այդպիսի բաներին: Դե, Վազգենը լավ գիտեր՝ ում հետ ընկերություն անել, ինչպես անել, որ բոլորը գոհ լինեն:

Ես ուղղակի չեմ ուզում անգամ հիշել, թե ինչքան վատ օրեր եմ ապրել Հայաստանում, ինչպես են վարվել ինձ հետ: Ինչքան էր նա ինձ վախեցնում: Անընդհատ ասում էր, թե բոլորը գիտեն, որ դու ընդդիմություն ես, թելեֆոնով ձայնագրում էր ինձ: Չեմ ուզում անդրադառնալ, որովհետև շատ տգեղ պատմություն է:

- Ի՞նչ ընդդիմություն, ո՞ւմ էիք ընդդիմանում:

- Եթե ես չեմ ընդունում օլիգարխային պետությունը, այո՛, ես ընդդիմադիր եմ: Եթե  չեմ ընդունում, որ իմ Հայաստանի ժողովուրդը այսչափ աղքատության մեջ լինի այսօր, այո՛, ես ընդդիմադիր եմ: Եթե չեմ ընդունում, որ Հայաստանի մեջ այսօր երիտասարդությունը հույս չունի և լքում է երկիրը, անպայման պետությունը մեղավոր է: Հասկանո՞ւմ ես, ուրեմն ես ընդդիմություն եմ:

- Աշխեն, տեղեկություններ են շրջանառվում, թե իրականում չեք վաճառել «Փարիզյան սուրճ» ընկերությունը: Այն ձերն է, ու դուք հեռակա կառավարում եք:

- Ո՞նց չեմ վաճառել: Նրանք ինձ ինչքա՜ն ստիպեցին, որ վաճառեմ: Երանի վաճառած չլինեի: Ո՛չ, դժբախտաբար «Փարիզյան սուրճը» մեկ տարի է արդեն, որ իմ սեփականությունը չէ: Նախ՝ ես «Փարիզյան սուրճը» երկու մասի բաժանեցի: «Փարիզյան սուրճի» անունը վաճառել եմ «Հայ կոլային», այսինքն՝ բրենդը և սուրճի արտադրանքը, իսկ «Փարիզյան սուրճի» տարածքը (Աբովյան 23)՝ սրճարանը և իմ առանձնատունը, վաճառել եմ այլ մարդկանց: Ես այլևս սեփականություն չունեմ Հայաստանում:

- Ասում են՝ Երևանում բնակվում եք նույն տանը, իսկ դուք ասում եք՝ վաճառել եք...

- Պետք է ասեմ, որ նոր սեփականատերը նորոգում է սրճարանը, և շուտով իմ առանձնատունը կվերածվի սրճարանի: Արդեն աստիճանները դրել են, և շուտով այն կծառայի որպես սրճարան:

- Երբ դեռ Հայաստանում էիք, շատ ակտիվ մասնակցում էիք ֆեյսբուքյան քննարկումներին: Մեկնաբանություններ էիք անում և հիմա էլ շարունակում եք անել՝ թիրախ ընտրելով քաղաքական զարգացումները

- Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ցավալի վիճակում է: Եվ դրա մեղավորը քաղաքական մարդիկ են: Այն օլիգարխներն են, որոնք երկրի հարստությունը մոնոպոլ են դարձրել և ուրիշ երկիր սարքել: Ես քեզ մի բան ասեմ. վերջին իրադարձություններից հետո, որ եղան իմ մասին, երևի անջատեմ «Ֆեյսբուքը» և էլ ոչ մի բանի չմասնակցեմ: Ու երևի իմ կապերը լրիվ կտրեմ Հայաստանից, այդ դեպքում երևի կհասկանան, որ լրիվ հեռացել եմ Հայաստանից:

Եթե մարդ ինձ նման հայասեր է և պայքարում է հայության համար, նրան օգտագործում են ուրիշ նպատակներով ու դարձնում ինչ-որ հեքիաթ: Ուղղակի զզվելի է, հոգնել եմ արդեն: Եթե հարցազրույց են ուզում, որոշ մարդկանց ճանաչում եմ ու զրուցում եմ: Բայց հարցազրույցներից հետո հայկական լրատվամիջոցները վատաբանում են ինձ, կամ երևի ես անչափ կարևոր մարդ եմ նրանց համար, կամ էլ չգիտեմ, մտածում են, որ մենք հայ ենք ու ապրում ենք Հայաստանով: Սխալվում են: Ես հայ եմ եղել սովետի ժամանակներից: Ես միշտ էլ դրսում պայքարել եմ հայության համար: Ես չեմ սպասել՝ Հայաստան գամ, նոր պայքարեմ, ես պայքարել եմ:

- Դուք պայքարում էիք նաև այն ժամանակ, երբ Առնո Բաբաջանյանի հա՞րսն էիք:

- Երբ Առնո Բաբաջանյանի հարսն էի, պայքար չկար: Բայց պայքարողներ եղել են, ես էլ եմ եղել նրանց կողքին: Եվ դա բոլորը գիտեն: Չպետք է մտածել, որ ես հայ եմ դարձել այն ժամանակ, երբ եկել եմ Հայաստան: Ես եկա Հայաստան, որովհետև հայասեր էի, թե չէ ես Փարիզում շատ ավելի լավ էի, երանի չգայի: Այդքան փող չէի կորցնի, իմ կյանքս կշարունակեի, ոչ էլ վտանգի մեջ կդնեի, ոչ էլ այդքան մարդու կհանդիպեի, որ ինձ «քցեին» ու դավաճանեին: Շատ վրդովված եմ այսօր, կներես:

- Աշխեն, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ Փարիզում շարունակելու եք բիզնես գործունեությունը: Ի՞նչ նորություններ կան:

- Ո՛չ, ոչ մի բան էլ չարեցի: Արդեն 1 տարին մոտենում է, որ ես Փարիզում եմ, նոր շունչ եմ քաշում, հանգստանում եմ, նոր իմ տեղը գտա Փարիզում, իմ մայրիկի ու երեխաների հետ եմ զբաղվում: Իմ կյանքը դասավորում եմ, տակավին գործ չեմ անում:

- Լսել եմ, որ նորից եք ամուսնացել...

- Եթե կարողանամ վերադառնալ Հայաստան, կվերադառնամ իմ ամուսնու հետ: Դեռ չեմ ամուսնացել, բայց նման նպատակ ունեմ:

- Ո՞վ է Նա և ինչո՞վ է զբաղվում:  

- Օ՜, կներես, դա չեմ կարող ասել, որովհետև դա անձնական է: Եվ ամենակարևոր գաղտնիքը ասեմ՝ հայ չէ:

- Ուրեմն ֆրանսիացի՞ է:

- Ո՛չ, ֆրանսիացի էլ չէ: Օրը կգա, կիմանաս, կտեսնես: Հիմա չեմ ուզում առաջ ընկնել ու շատ բաներ ասել:

- Աշխեն, փետրվար ամսին նախագահական ընտրություններ են Հայաստանում: Գիտե՞ք` մի քանի կին էլ են որոշել մասնակցել ընտրություններին

- Ես միշտ ասում եմ՝ երանի այն օրը, որ Հայաստանը կունենա կին նախագահ: Դա շատ լավ կլիներ: Շատ լավ է, որ կին թեկնածուներ կան: Իհարկե, այդ թեկնածուներին չեմ ճանաչում, բայց ուրախ եմ: Չնայած համոզված եմ, որ նորից կընտրվի Սերժ Սարգսյանը, ընտրության գնալ էլ նույնիսկ պետք չէ:

- Սերգո Երիցյանը, երբ դեռ լրագրող էր Ազգային ժողովում, հարց տվեց նախագահ Տեր-Պետրոսյանին, թե երբ ենք լավ ապրելու: Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Սերգո ջան, լավ կապրես, երբ լուծվի Ղարաբաղի հարցը»: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ե՞րբ հայերը լավ կապրեն:

- Երևի պարոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է ասել: Եվ եթե, իրոք, Ղարաբաղի հարցը լուծվի, հայերը կարող են լավ ապրել: Կբացվեն Հայաստանի սահմանները, և դա կլինի երաշխիք, որ մարդիկ լավ ապրեն:

- Աշխեն, սփյուռքն այսօր ի՞նչ տրամադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, չի՞ կոտրվել...

- Սփյուռքը շատ է կոտրվել: Ես սփյուռքի անունից սովորաբար չեմ խոսում, ինչպես հաճախ անում են: Ես ինձ մեծ մարդու տեղ չեմ դնում, գոնե դու ինձ շատ լավ ես ճանաչում: Բայց սփյուռքը, իրոք, կոտրված է, սկսում է շատ լուրջ մտահոգվել Հայաստանի իրադարձություններով և ժողովրդի վիճակով, որ շատ է լքում երկիրը: Այստեղ հաճախ ժողովներ են լինում, երբեմն ես էլ եմ մասնակցում: Չգիտեմ, պետք է օգնենք Հայաստանի հասարակական շարժումներին, որ Հայաստանը փոխվի և հայը չլքի իր երկիրը:

  - Աշխեն, իսկ ե՞րբ կհանդիպենք «Փարիզյան» սրճարանում ու կխմենք երկուսիս սիրած Փարիզյան N 3-ը:

- Չգիտեմ, Միքայել ջան: Եթե իմ ամուսինը ցանկանա ինձ բերել Հայաստան, ես ամուսնուս հետ կգամ…

 - Ի՞նչ ունեք ավելացնելու:

- Երևի ավելի պայքարած մարդիկ ենք, քան այդ ջահել ժուռնալիստները, որոնք վատաբանում են մեզ: Գոնե թող հարգեն մեզ: Գրել էին՝ թե մեծ, տարիքով կին եմ: Այո՛, ես շատ հպարտ եմ, որ տարիքով կին եմ: Իմ կյանքի փորձն այնքան հարուստ է, որ երևի այդ ժուռնալիստներին 10 կյանք է պետք, որ իմ փորձառություններն ունենան:

- Ի դեպ, դուք ապարանջան ունեիք, որի վրա պատկերված էր Հայաստանի խորհրդանշանը, դեռ կրո՞ւմ եք...

- Գիտես, ընկերուհիներս շատ են պայքարում, որ հանեմ: Մինչև հիմա չեմ հանել: Իմ պայքարն ու իմ հայությունը կմեռնի ինձ հետ: Ոչ մի ժուռնալիստ չի կարող ինձ փոխել:

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply