ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա գործի դատաքննությունը կսկսվի 2013թ.-ի ապրիլի 16-ին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | December 20, 2012 13:30

Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 18-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունվել Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա գործը: Պատգամավորները վիճարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը:

Գործի դատաքննությունը որոշվել է սկսել 2013թ.-ի ապրիլի 16-ին, ժամը 10-ին:

Ինչպես նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ, «ելնելով հարցի հասարակական մեծ հնչեղությունից, ինչպես նաև հաշվի առնելով հիմնախնդրի սահմանադրաիրավական կարևորությունը», որոշվել է գործի դատաքննությունը անցկացնել բանավոր ընթացակարգով:

Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը:

Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավվել է ԱԺ կանոնակարգ-օրենքն ընդունած ԱԺ-ն:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության կողմից նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի տապալման կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ դիմելու ստորագրահավաք` ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը` արտահերթ նիստ կամ նստաշրջան անցկացնելու մասով, ՀՀ Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ առնվազն 27 պատգամավորի փոխարեն ստորագրահավաքին միացել էին 34 պատգամավորներ` «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների բոլոր անդամները, ինչպես նաև պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույն նիստի տապալման կապակցությամբ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով, որը դեկտեմբերի 7-ի որոշմամբ դիմումն ընդունել է քննության:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply