Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է 2012թ. լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 19, 2012 18:38

Մայրաքաղաքի “Դինամո” մարզադահլիճում առաջին անգամ կազմակերպված Երևան համայնքի 2012թ.-ի սպորտային, զանգվածային աշխատանքների և մարզադպրոցների մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցանակներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած երևանցիներին: Ամփոփիչ միջոցառումը մեկտեղել էր Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների մարզիկներին ու մարզասեր երևանցիներին:
Լավագույն մարզական արդյունքների համար ՀՀ նախագահի մրցանակով պարգևատրվածներն ու անցնող տարվա ընթացքում համաքաղաքային, հանրապետական ու միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած Երևան համայնքի մարզիկներն ու նրանց մարզիչները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու գավաթներով, իսկ «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի մասնակիցներին հանձնվել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթը: Վեց մարզաձևերում գրանցած արդյունքների ընդհանուր հաշվարկով 2012 թվականի լավագույն վարչական շրջան է ճանաչվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Պատվավոր երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանները:
Մարզական արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է պարային խմբերի, գեղարվեստական մարմնամարզուհիների, ակրոբատների, հոկեիստների ու գեղասահորդների ցուցադրական ելույթներով:
Պատասխանատուները վստահեցրել են, որ հաշվետու այս միջոցառումը կդառնա ավանդական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply