ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ. տարեդարձ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 23, 2010 9:59

Մարտի 9-ին  ականավոր բանասեր, մատենագետ, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանը կդառնար 88 տարեկան:

Նա իր երկրային կյանքն ավարտեց 73 տարեկան հասակում, երբ չնայած ծանր հիվանդությանը, դեռ լի էր ավյունով և բազմաթիվ ծրագրեր ուներ: Մինչև կյանքի վերջը չէր մոռանում Երկրորդ աշխարհամարտի արհավիրքները և կատակով ասում էր, թե «օրենքով» պիտի մահացած լիներ դեռ 20-22 տարեկան հասակում, գերության ծանր օրերին. «Բայց Աստված չտարավ, կյանք տվեց»: Այդ շնորհված կյանքն ավելի քան իմաստավոր, բեղուն ու բուռն էր.  երեք զավակ, թոռներ, գիտական կոչումներ, հազարավոր ուսանողներ, ավելի քան 50 անուն գրքեր ու  հարյուրավոր հոդվածներ, որոնք վերաբերում են հայ մատենագիտության, հայ գրքի պատմության, ժամանակակից հայերենի, հայոց լեզվի պատմության, հայ գրականության, հայոց պատմության հարցերին:

Ռաֆայել Իշխանյանն այն անձնավորություններից էր, որոնց մեջ զուգակցված են աշխատասիրությունը, հետևողականությունն ու համառությունը, կուռ տրամաբանությունն ու սկզբունքայնությունը, համարձակությունն ու տոկունությունը: Նա, ինչպես ասում են, չէր քայլում տրորված արահետներով և հաճախ հոսանքին հակառակ գնալու խիզախություն էր ցուցաբերում, ուստի շատ հիմնախնդիրներ դիտարկում էր նոր լույսի տակ`  պրպտելով նոր, դեռևս չհայտնաբերված կամ անտեսված փաստեր ու փաստարկներ ու մատուցելով ընդունված տեսություններից ու թեզերից միանգամայն տարբեր գիտական եզրահանգումներ: Այդ է պատճառը, որ նրա շատ աշխատություններ ու հոդվածներ  երևույթ էին դառնում գիտական ասպարեզում, բուռն բանավեճեր հարուցում և ընդդիմախոսության մեծ ալիք բարձրացնում, որին երբեմն ստիպված էր լինում դիմակայել մեն-մենակ:

Ռաֆայել Իշխանյանը հազվագյուտ մանկավարժ էր, ուսուցիչ` բառի ամենալիարժեք իմաստով, և նրա ձեռքբերումներն այս ասպարեզում նույնքան գնահատելի ու նշանակալի են, որքան գիտական նվաճումները:  Նա սոսկ գիտելիքներ չէր հաղորդում իր ուսանողներին,  այլև դաստիարակում էր և ջանում նրանց մեջ արմատավորել բարձր բարոյական արժեքներ: Եվ դա անում էր ոչ թե խրատներով, այլ սեփական օրինակով, այս կամ այն խնդրի վրա ուշադրություն հրավիրելով ու հավասարը հավասարի պես քննարկելով: Նրա նվիրումն ու տածած սերը իր սաների հանդեպ հատուցվում էր   ջերմ ու անկեղծ բարեկամությամբ, որ շարունակվում էր նաև համալսարանի պատերից դուրս, հատուցվում էր իր գործի շարունակությամբ, իր հարյուրավոր հետնորդների  գոյությամբ, որոնցով անկեղծորեն հպարտանում էր:

Վերջապես, Ռաֆայել Իշխանյանը խոր հետք է թողել հրապարակախոսության ոլորտում: Նա բացառիկ քաղաքացի էր, որ  այրվում էր մեր ազգային ինքնության պահպանման ու անկախ պետականության հաստատման  գաղափարներով: Ամբողջ կյանքում պայքարեց հանուն մեր մայրենի լեզվի մաքրության և համառորեն քարոզեց, որ իր հայրենակիցները ստանան հայկական կրթություն, մտածեն, խոսեն ու գրեն հայերեն, բայց և հաղորդակից լինեն համամարդկային արժեքներին և իրենց ավանդը մուծեն համաշխարհային քաղաքակրթության մեջ:  Սրանից էր բխում նրա եռանդը գիտական ու մանկավարժական ասպարեզներում, և սրան էին հանգում իր գործադրած ջանքերի պտուղները:

Այս տեսանկյունից  անգնահատելի է հատկապես նրա զարմանալի համառությունը, միայն և միայն իրեն բնորոշ հետևողականությունը: Գիտությամբ զբաղվելը նրա համար նպատակ չէր, այլ միջոց: Վերջնանպատակը  նրա համար ոչ թե պատմական փաստերն ու ճշմարտությունները հայտնաբերելն էր, այլ դրանցից դասեր քաղելն ու ինքնակատարելագործվելը: Դա էր համարում մեր հարատևության ու զարգացման գրավականը: Ուստի ձգտում էր, որ գիտական փաստերն ու ճշմարտությունները բոլորի սեփականությունը դառնան,  և բնավ չէր վշտանում  ու մանավանդ չէր հուսահատվում, երբ խստագույնս մերժվում էին իր առաջ քաշած դրույթներն ու վարկածները: Հավատում էր, որ բանավեճերի ու քննարկումների միջոցով է ճշմարտությունը ճանապարհ հարթում ու արմատներ գցում մարդկանց գիտակցության մեջ: Եվ, փաստորեն չէր սխալվում. նրա առաջ քաշած ու քարոզած շատ թեզեր ու հիմնախնդիրներ, որոնք վերաբերում էին հայերի և հայոց լեզվի ծագմանը, հայերենի ուղղագրությանը, լեզվի մաքրությանը, և’ օտարամոլության, և’ օտարատյացության բացառմանը և այլն, ժամանակին անընդունելի էին համարվում, իսկ այսօր արդեն շրջանառության մեջ մտած, անգամ առօրեական գաղափարներ ու իրողություններ են: Նրա ջանասիրության ու հետևողականության շնորհիվ հասարակության մտածելակերպն էր փոխվում, և սա է թերևս նրա ամենամեծ ծառայությունը հայագիտությանն ու հայ հասարակությանը:

Ռաֆայել Իշխանյանն այն տեսակն էր, որի կարիքը մեր հասարակությունն այսօր զգում է առավել, քան երբևէ:

Ասում են` մարդիկ ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց հիշում են: Ռաֆայել Իշխանյանին հիշում են ոչ միայն իր ժառանգները, այլև նրա հազարավոր ուսանողներն ու գործընկերները: Ասում են` նրանք, ովքեր հետք են թողնում պատմության մեջ, հավիտյանս բնակություն են հաստատում տվյալ  ժողովրդի հոգևոր կյանքում: Իշխանյանն իր գիտական  ժառանգությամբ ու պատվիրաններով վաղուց է մտել հավերժության ճանապարհը: Ասում են նաև` սերունդները նման երախտավորների հիշատակը նյութականացնում են անվանակոչություններով: Սակայն, այսօր Հայաստանում չկա մի ուսումնական հաստատություն, որը կրի նրա անունը:

Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply