Հայ ռեժիսորները սիրում են մայրիկին, բայց չեն սիրում մայրենի լեզուն,լուսանկարներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 19, 2012 17:50

Ալեն Դելոն. «Մինչ այս տեղյակ չէի, որ Հայաստանում ինձ այդքան սիրում են»

«Շնորհավոր ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար Երևան էր ժամանել  ֆիլմի դերակատարներից Ալեն Դելոնը: Մեկօրյա այցի ընթացքում Դելոնը, ֆիլմի պրեմիերային մասնակցելուց բացի, հանդիպում ունեցավ նաև կաթողիկոսի, նախագահի և լրագրողների հետ:

Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ նա ասաց` մինչ այս չգիտեր, որ իրեն  Հայաստանում այդքան սիրում ու գնահատում են.  «Առաջին անգամ եմ Հայաստանում, այսօր հանդիպեցի Հայաստանի նախագահի հետ և նրան էլ ասացի, որ մինչ այժմ տեղյակ չէի, որ Հայաստանում ինձ այդքան սիրում են: Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, բայց նույնիսկ նա այդ մասին ինձ չի ասել: Ինչպես ենթադրեց նախագահ Սերժ Սարգսյանը, Շառլը երևի պարզապես վախեցել է, որ ես երես կառնեմ, եթե իմանամ, թե ինչքան են ինձ սիրում ձեր երկրում»:

Քանի որ ֆիլմը մայրերի մասին է, Դելոնը ևս խոսեց իր մայրիկի մասին` նշելով, որ եթե նա ողջ լիներ, նրան որևէ նվեր չէր անի, պարզապես կաշխատեր ամեն րոպե   նրա կողքին լինել. «Ես ընդհանրապես չեմ սիրում մայրիկիս մասին խոսել, բայց պետք է ասեմ, որ ինչի ես հասել եմ կյանքում, նրա շնորհիվ է: Ե՛վ տաղանդի համար եմ նրան պարտական, և՛  արտաքինիս»:  Դելոնը լրագրողներին ցույց տվեց նաև իր մայրիկի նվերը` փոքրիկ խաչը, որը միշտ իր հետ է:

Ֆիլմում Դելոնը խաղում է ինքն իրեն:  «Առաջին անգամը չէ, որ ինքս ինձ եմ խաղում:  Ֆիլմում նկարահանվելու հրավերքն ընդունեցի, քանի որ գաղափարն ինձ դուր եկավ»,- ասում է Դելոնը:  Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանն էլ հավելեց, որ Դելոնն անգամ հրաժարվել է հոնորարից:

Ֆիլմում Դելոնը երազի պես հայտնվում է Փարիզ երազանքների հետևից եկած հիվանդ կնոջ կյանքում, նրան պարի է հրավիրում՝ իրականացնելով Դելոնին տեսնելու նրա երազանքը և  նույնքան հանկարծակի էլ անհետանում է:

Կադր «Տեսնել փարիզը և…» նովելից

Մայր-երեխա սիրո 5 պատմություն` մեկ ֆիլմում

«Շնորհավոր Ամանոր, մայրեր» քնարական կատակերգությունը հինգ տարբեր պատմությունների մեկտեղում է. «Մայրերի պատերազմ»,  «Թավջութակահարը», «Երջանիկ թվեր», «Տեսնել Փարիզը և … », «Սողոմոնի որոշում»:

Ամեն նովել առանձին ռեժիսոր է նկարահանել: Յուրաքանչյուրը պատմում է մոր և երեխայի սիրո մասին:

Ընդհանուր ֆիլմում հինգ նովելները միմյանց չեն հաջորդում, այլ հենց 5 տարբեր պատմություններ միահյուսված են միմյանց: Արդյունքում ֆիլմը դիտելիս հանդիսատեսը մեկ ծիծաղում է, հանկարծ հուզվում` հազիվ զսպելով արցունքները, ապա նորից ժպտում` տեսնելով էկրանից ժպտացող մորն ու երեխային: Պատմությունները տարբեր են, նույնն է միայն ծնողական անսահման սերը և նվիրվածությունը երեխաներին:

Ռեժիսոր Արտեմ Ակսենենկոյի նկարահանած «Մայրերի պատերազմ» նովելում երկու հերոսուհիները ժամանակին անբաժան ընկերուհիներ են եղել, քանի դեռ նրանցից մեկը չի հաղթել  «Միս փաթիլ» մրցույթում, իսկ մյուսը` պարտվել: Այժմ նույն մրցույթին են մասնակցում հերոսուհիների աղջիկները: Կանայք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց երեխաները դառնան մրցույթի հաղթողը:  Մանկիկները, սակայն, այլ լուծում են գտնում` հայտարարելով, որ երկու ընկերուհիներով կլինեն «Միս փաթիլ»:

Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի «Թավջութակահարը» նովելում էլ ծնողները ժամանակին միջոց չեն խնայել, որպեսզի իրենց որդին թավջութակահար դառնա: Ձախողված տղան ծնողներին չհիասթափեցնելու համար նրանցից թաքցրել է ճշմարտությունը: Եվ ահա մայրը Մոսկվա է գալիս` տղայի երկար սպասված մենահամերգին մասնակցելու:  Որդին, որ մերկապարի աստղ  է, դժվար իրավիճակում է հայտնվում` չցանկանալով ցավ պատճառել մայրիկին:

«Սողոմոնի որոշում» նովելի ռեժիսորն էլ  Կլիմ Պոպլավսկին է: Հերոսուհի Վիկտորյան հաջողակ գործարար է, բարձր պաշտոն ունի, աշխատանքի պատճառով, սակայն, ուշադրությունից դուրս է մնում նրա 7-ամյա դուստրը: Ամանորի նախաշեմին աղջնակը Ձմեռ պապին նամակ է գրում` խնդրելով, որ իր դայակը դառնա իր մայրիկը, և իրենք միշտ միասին լինեն: Վիկտորյան փորձում է շտկել սխալը` վերականգնելով մայր և աղջիկ հարաբերություններում առաջացած ճեղքը:

«Տեսնել Փարիզը և…» նովելի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է: Ֆրանսերենի ուսուցչուհի Վերան, ով անբուժելի հիվանդ է, միշտ երազել է տեսնել Փարիզը և Ալեն Դելոնին: Եվ ահա նրա որդին որոշում է կյանքի մայրամուտին իրականություն դարձնել մոր երազանքը:

Անտոն Բոռմոտովի «Երջանիկ թվեր» նովելի հերոսներն էլ արդեն քանի տարի ամուսնացած են, սակայն երեխաներ չունեն: Եվ ահա ամուսնության 7-րդ տարեդարձին նվեր ստացած յոթ սիրելի թվերով սիմ քարտը դառնում է նրանց երջանկության բանալին` ապահովելով ընտանիքի այնքան բաղձալի համալրումը:

Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Ֆրանսիայում:  Ֆիլմի բյուջեն 6 մլն դոլար է:  Կինոթատրոնում այն ցուցադրվելու է դեկտեմբերի 27-ից:

Պրոդյուսերներից Վալերի Սահարյանն ասում է, որ մեր օրերում քիչ են այն ֆիլմերը, որոնք կարելի է գնալ դիտելու մայրիկի հետ: Իսկ այս ֆիլմը հենց այդպիսին է, այնպես որ թեկուզ ֆիլմի դիտմանը միասին գնալով` ամեն ոք կարող է նվեր մատուցել իր մայրիկին:

«Շնորհավոր ամանոր, մայրեր»  ֆիլմի պրեմիերան առաջինը կայացավ Երևանում` դեկտեմբերի 18-ին, մեկ օր անց` Մոսկվայում: Սահարյանն ասում է, որ սա էլ, կարելի է ասել, նվեր է իր մայրիկին, որը Երևանում է ապրում և առաջին անգամ կդիտի  ֆիլմը:

 Հայերի համար` արհամարհելով հայերենը

Չնայած ֆիլմի ռեժիսորների և պրոդյուսերների թվում կան հայկական անուն- ազգանուններով անձինք` Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, և ասուլիսի ընթացքում էլ  վերջիններս անընդհատ խոսում էին իրենց հայկական արմատների մասին ու նշում, որ ցանկացել են հայերի համար մի լավ բան անել, իրենց վարքով այլ բան էին փաստում:

Ասուլիսի մեկնարկից դեռ առաջ ասուլիսի կազմակերպիչները հայտարարեցին ու անգամ պահանջեցին, որ լրագրողները հարցեր հնչեցնեն միայն ռուսերենով: Չազդեց նաև այն փաստարկը, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ասուլիսի գլխավոր հյուր Ալեն Դելոնն էլ ռուսերեն չի խոսում: Ասուլիսի ողջ ընթացքում ֆիլմի հայազգի արտադրողները գեթ մեկ բառ հայերենով չարտաբերեցին, չնայած առիթը բաց չթողեցին նշելու, որ ծնվել են Հայաստանում, հայ են և այլն:

Ստեղծված իրավիճակը «համեմեցին» մի քանի լրագրողներ, որոնք Դելոնին հարց ուղղեցին ֆրանսերենով: Ի պատասխան ֆրանսիացի դերասանը հայ լրագրողին կոչ արեց հարցը տալ հայերենով, որ մյուսներն էլ հասկանան:

Ամոթալի է, որ անկախ Հայաստանում օտարերկրացին է մարդկանց հիշեցնում ազգային արժանապատվության մասին:

Դիտվել է 2345 անգամ:
Print Friendly

Leave a Reply