Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 19, 2012 12:44

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվեցին և հավանության արժանացան նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձան մինչև 2020 թ. ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ կանխատեսումներին:
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկեցին Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական և ֆինանսական հարցերը, ինչպես նաև համաձայնեցրեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:
Հանդիպման օրակարգում էին հաջորդ տարի նախատեսվող ՀԱՊԿ-ում Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունները, նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերը:
Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Ղազախստանից փոխանցվեց Ղրղզստանին։

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply