Մեղադրողը միջնորդեց Սամսոն Ղազարյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 18, 2012 13:58

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ գործով այսօրվա նիստում հայտարարվեց դատաքննության ավարտի մասին:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված համարեց առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը: Այն, ըստ մեղադրողի, ապացուցված է գործի փաստական ապացույցներով՝ տուժողի, վկաների ցուցմունքներով, նաև նախաքննության գրեթե ավարտական փուլում ամբաստանյալի մասնակի խոստովանական ցուցմունքով:

Ս. Հարությունյանը հաստատված համարեց, որ տուժող Մեխակ Գաբրիելյանը Ս. Ղազարյանից պարտքով վերցրած գումարի դիմաց պարտաճանաչ վճարել է 3.5-5-10 տոկոս, ինչպես նաև մարել պարտքի մայր գումարը: «Եվ այս ամենից հետո Սամսոն Ղազարյանի մոտ մնացել է ցանկություն մի փոքր էլ ավելին ստանալ՝ 10 հազար ԱՄՆ դոլար, սակայն չհասնելով իր նպատակին, այսինքն՝ չստանալով հավելյալ 10 հազար ԱՄՆ դոլարը, ամբաստանյալը մեղմ ասած՝ զայրացել է և հավանաբար այս պատճառով, չմտածելով հետևանքների մասին, իր մոտ պահած, ըստ էության ոչնչացման ենթակա ստացականը ներկայացրել է դատարան և պահանջել ոչ ավել, ոչ պակաս՝ 60 հազար ԱՄՆ դոլար և իրավունք է ձեռք բերել տուժողի գույքի նկատմամբ»,- ասաց մեղադրողը, հավելելով՝ ամբաստանյալը կատարել է հափշտակություն խարդախության եղանակով:

Ս. Հարությունյանն ընդգծեց, որ վկաները միաբերան հաստատել են, որ Ս. Ղազարյանը տոկոսով գումար է տվել և ամբողջությամբ ստացել մայր գումարն ու տոկոսները, ընդ որում, վճարված տոկոսների գումարը գերազանցել է մայր գումարը:

Ըստ մեղադրողի, Սամսոն Ղազարյանը կատարել է ծանր և միջին ծանրության հանցագործություններ, որոնք «վերջին շրջանում լայն տարածում են ստացել մեր կյանքում» և հասարակական վտանգավորություն են ներկայացնում, ուստի միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Տուժողն ու պաշտպանական կողմը միջնորդեցին իրենց երկշաբաթյա ժամանակ տրամադրել ճառերը պատրաստելու համար, և դատական նիստը հետաձգվեց մինչև 2013թ. հունվարի 11-ը:

«Փաստինֆո»

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply