Ընտրությունների օրը քաղաքում կշրջեն դեղին շապիկավորները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 20, 2009 16:55

Մայիսի 15-ից մինչև հուլիսի 1-ը մարդիկ կարող են զանգել 080-080-804 թեժ գծի անվճար հեռախոսահամարով և ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն` ընտրական իրավունքի վերաբերյալ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ-ն այս թեժ գիծը ստեղծել է «Իրավական նախաձեռնություն 2009-Երևանի ավագանու ընտրություններ» ծրագրի շրջանակներում: Նման հեռախոսագիծ գործել է նաև 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրություններին: Անցյալ տարի գրանցվել է մոտ 700 զանգ, որից 475-ը` ընտրությունների օրը:

«Նախորդ երկու ընտրություններին քաղաքացիները շատ ակտիվորեն են դիմել• մեր իրավաբաններն ընտրական իրավունքի հետ առաջացած խնդիրների լուծման ուղիներ են մատնանշում»,-ասում է հկ-ի տեղեկատվության պատասխանատու Թամարա Հովնանյանը:

Դեռևս թեժ գծին օրական 2-3 զանգ է լինում: Հովնանյանը համոզված է, որ այն գովազդելուց հետո զանգողները կշատանան: Մինչ օրս հիմնականում փորձել են ճշտել, թե ընտրական ցուցակներում իրենց անունների բացակայության դեպքում ինչպես պետք է վարվեն:

Ընտրությունների օրը ընտրատեղամասերում շրջելու են 20 շտապ արձագանքման մեքենաներ, որոնք արձագանքելու են նաև թեժ գծի ահազանգերին: Ամեն մեքենայում լինելու է դեղին շապիկով և գլխարկով մեկական իրավաբան, դիտորդ, լրագրող և կազմակերպության ակտիվիստ: «Մենք դիմել ենք լրատվամիջոցների խմբագիրներին, որ իրենց լրագրողները ընդգրկվեն շտապ արձագանքման մեքենաների անձնակազմում: Դիտորդներն էլ տեղական հկ-ների անդամ-դիտորդներն են լինելու»,- ասում է Հովնանյանը:

Ընտրական կարգի խախտումներ գրանցվելու դեպքում իրավաբանը տուժող կողմին խորհուրդներ կտա, թե ում դիմի և ինչպես դիմում լրացնի:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply