Դատավորները նախընտրում են դրամական միջոցները. թանկարժեք իրեր նրանք չեն հայտարարագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2012 12:40

Հայաստանյան դատավորները, անկախ սեռից և տարիքից, ունեն մի յուրահատուկ ընդհանրություն. նրանք չունեն թանկարժեք իրեր և արժեթղթեր, նաև` չնչին բացառություններով, անշարժ և շարժական գույք: Իհարկե, կարելի է ենթադրել, որ առնվազն բնակարանները կամ առանձնատները, որտեղ նրանք բնակվում են, սեփականության իրավունքով պաշտոնապես պատկանում են ընտանիքի անդամներին: Սակայն, դատելով 2011թ.-ի համար Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից, դա այդպես չէ. մեր դատավորների հետ փոխկապակցված անձինք` ամուսինները, ծնողները և զավակները, ևս անշարժ գույք չեն հայտարարագրել:

Այդուհանդերձ, գրեթե բոլոր այս պաշտոնյաները հայտարարագրել են բավականին զգալի դրամական միջոցներ. նաև եկամուտներ, ինչը բացատրելի է, հաշվի առնելով նրանց` ՀՀ քաղաքացիների գերակշռող մասի համեմատ ստացած բարձր աշխատավարձերը:

Սակայն հայտարարագրված եկամուտների ուսումնասիրությունը, մեղմ ասած, առաջացնում է որոշ հարցեր: Օրինակ` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը, սեփականության իրավունքով անշարժ գույքի իսպառ բացակայության պարագայում, տարվա կտրվածքով ստացել է 9 մլն դրամի եկամուտ` որպես վարձակալության գումար: Նա հայտարարագրել է 20 մլն 873 հազար 499 դրամի չափով տարեկան եկամուտներ, որոնցից 8 մլն 873 հազար 499 դրամը` աշխատավարձ, 9 մլն դրամ` վարձակալությունից, իսկ 3 մլն դրամ` գույքն օտարելուց ստացված եկամուտ: Իսկ որպես փոխկապակցված անձ հայտարարագիր ներկայացրած նրա տիկինը` չհայտարարագրելով որևէ գույք, ներդրումներ, արժեթղթեր, 2011թ.-ին հայտարարագրել է 3 մլն 675 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 մլն 209 հազար դրամը` շահաբաժին, մնացածը` աշխատավարձ: Աբրահամյան ամուսինները հայտարարագրել են նաև դրամական միջոցներ. դատարանի նախագահը տարեսկզբին ունեցել է 1 մլն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 500 հազար դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ նրա տիկինը` տարեսկզբին 500 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 300 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի եկամուտները 2011թ.-ին կազմել են 61 մլն 705 հազար 232 դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար, որից աշխատավարձը` 7 մլն 105 հազար 232 դրամ, մնացածը` վարկ կամ փոխառություն: Դրամական միջոցները` տարեսկզբին 8 մլն դրամ և 1 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 30 մլն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար: Տ. Պետրոսյանի հետ փոխկապակցված անձանցից նրա տիկինը եկամուտներ չի ունեցել, իսկ դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին եղել են անփոփոխ` 500 հազար դրամ: Դատարանի նախագահի դուստրը 2011թ.-ին ձեռք է բերել AUDI Q5 մակնիշի ավտոմեքենա` 10 մլն դրամ արժողությամբ: Դրամական միջոցները տարեսկզբին և տարեվերջին անփոփոխ են` 4 մլն դրամ, իսկ եկամուտները` 1 մլն 463 հազար դրամ (աշխատավարձ) և 25 հազար ԱՄՆ դոլար (վարկ կամ փոխառություն):

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը և նրա տիկինը հայտարարագրել են միայն տարեկան եկամուտներ, որոնք գոյացել են բացառապես նրանց ստացած աշխատավարձի գումարներից` համապատասխանաբար 10 մլն 157 հազար 268 դրամ և 780 հազար դրամ:

Նշենք, որ վերոհիշյալ անձանց հայտարարագրերին անդրադառնալը բացառապես պայմանավորված է Երևանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների հայտարարագրերի թեման շարունակելու մտադրությամբ: «Pastinfo.am»-ն ավելի վաղ անդրադարձել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության յոթ դատարանների նախագահներից միայն չորսի հայտարարագրերին. Աջափնյակ և Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահների հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում այդ պահին տեղադրված չէին:

Նախորդ նյութին կարելի է ծանոթանալ հետևյալ հասցեով. www.pastinfo.am/node/4139

«Փաստինֆո»

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply