Ով ու՞մ է սատարում և ինչու՞. Քաղաքական բանավեճ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2012 18:00

Դեկտեմբերի 13-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ քաղաքական բանավեճ խորհրդարանական երեք ուժերի`ՀՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Մոտ երկու ամիս է մնացել նախագահական ընտրություններին, իսկ քաղաքական շատ ուժեր դեռևս չեն հայտարարել ընտրություններին` իրենց թեքնածուի և մասնակցության ձևաչափի մասին: «Ով ու՞մ է սատարում և ինչու՞» թեմայով բանավեճի ընթացքում դաշնակցական Արսեն Համբարձումյանը ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը` նշեց, որ դաշնակցությունը միշտ կարևորում է գաղափարական պայքարը: «Մենք ներկայացրել ենք քաղաքական օրակարգ, որը պիտի լինի քաղաքական դաշտում դերակատար ուժերի օրակարգ, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց կլինի հստակ և քաղաքական պայքար ծավալելու հնարավորություն կտա»: Դաշնակցության ներկայացուցիչը նաև ավելացրեց, որ առաջադրման համար իրենք ավելորդ շտապողականություն չեն ցուցաբերում, շարժվում են իրենց տակտիկայով և կարճ ժամանակում կհայտարարեն իրենց մասնակցության ձևաչափի մասին:
ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ Հանրապետական կուսակցությունն այն քաղաքական ուժն է , որը դեռևս երկու ամիս առաջ նշեց նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: «Տեսակետների ներկայացնումն ու մասնակցության մասին վաղ հայտնելը նպաստում է նրան, որ ընտրազանգվածն ու համակիրներն ավելի վաղ պատրաստվեն ընտրություններին, իսկ կազմակերպիչ ուժ էլ ապահովի ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ»:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով այս նախագահական ընտրություններն աննախադեպ են, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը դեռևս տատանվում է մասնակցելու-չմասնակցելու հարցի շուրջ, մի մասն էլ անիմաստ է համարում իր մասնակցությունը: Անդրադառնալով ԲՀԿ ընտրություններին չմասնակցելու հայտարարությանը, Ս.Սաֆարյանը նշեց` «Մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի չմասնակցելը նախագահական ընտրություններին աննախադեպ է այն իմաստով, որ ԲՀԿ որևէ կողմնորոշում չի արտահայտել նաև առաջադրված թեքնածուների հանդեպ, այն դեպքում, երբ դեռ բոլոր ուժերը չեն էլ հայտատարել իրենց մասնակցության մասին»: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նաև ավելացրեց, որ վերջին տարիներին քաղաքական ուժերն իրենց ստրատեգիաներն այնքան են կապակցել մեկը մյուսին, որ մեկի լռությունն ազդում է մյուսի դիրքորոշումն արտահայտելու վրա: Ըստ նրա. «Սկզբում Հանրապետական Կուսակցությունն ընկած էր Բարգաված Հայաստանի հետևից, ապա ՀԱԿ-ը, իսկ Գագիկ Ծառուկյանն իր երեկվա հայտարությամբ ասաց` գնացեք հեռու, ես չկամ: Կարծում եմ` Հայաստանի հանրապետությունը չշահեց այս ամենից»: ՀՀԿ ներկայացուցիչն չհամաձայնեց Ս.Սաֆարյանի հետ, նշելով որ ՀՀԿ երբեք ոչ ոքի հետևից չի ընկել: Դաշնակցական ներկայացուցիչն էլ ավելացրեց, որ ԲՀԿ-ի հայտարարությունը կարող է որոշակի ճշգրտումների խնդիրներ առաջացնել, սակայն նա ձեռնպահ մնաց նրա հայտարարությանը գնահատական տալուց: Վերջում էլ ավելացրեց, որ մեր երկրում քաղաքական ուժերը դեռ, դժբախտաբար կայանալու խնդիր ունեն:

Տաթև Կարակաշյան

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply