Նաիրա Նահապետյան «Հիդրոկայանները էներգիա ստանալու էկոլոգիապես մաքուր միակ աղբյուրն են»

Հարցազրույց | | December 14, 2012 16:44

«Անկախի» հարցազրույցը Փոքր Հ ԷԿ-երի միության նախագահ, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ և ֆինանսաբյուջետային տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ  գործարար կանանց գործարարության աջակցման  հանձնաժողովի  նախագահ Նաիրա Նահապետյանի հետ հիմնականում Հայաստանի էներգետիկ խնդիրների և ապագայի մասին էր:

 - Էներգետիկ պաշարների տեսանկյունից Հայաստանն ի՞նչ ապագա ունի:

- Ես փայփայում եմ հիդրոէլեկտրակայանների, էներգետիկ ոլորտի ձեռքբերումները. սա այն դաշտն է, որտեղ աշխատում եմ շուրջ 17 տարի: Հայաստանի ապագան հիդրոէլեկտրակայաններն են, ոչ թե ատոմակայանը: Կուզեի մի փոքր անդրադառնալ բնապահպաններին, որոնցից ես ոչ մի պահանջ չունեմ, սակայն կուզեի`  հասկանան, որ Հայաստանը շատ քիչ բնական պաշարներ, ռեսուրսներ ունի, և ՀԷԿ-երի կառուցումը ռազմավարական ոլորտ է, որը շարունակ պիտի զարգացնել:

 - Հանրապետությունում քանի՞ ՀԷԿ է գործում այսօր:

- 140-ը գործում է, մոտ 60 կայան շահագործման ընթացքի մեջ է:

 - Ձեր կողմից  եղե՞լ է կամ կլինի՞ առաջարկ դադարեցնելու  մի բուռ  Հայաստանի տարածքի վրա կառուցված աղետաբեր ատոմակայանի գործունեությունը:

- Ես այդպիսի առաջարկություն չեմ կարող անել, խոսել ատոմակայանի փակման մասին, քանի որ մենք այսօր ռեսուրսներ չունենք` լրացնելու ատոմակայանի արտադրած էներգիայի քանակը: Ես մեր հասարակությանն էլ եմ ուղղում խոսքս, որ ատոմակայանը հնարավոր չէ  փակել: Ամբողջ էներգիայի մատակարարման մոտ    45%-ն ապահովում է ատոմակայանը: Մենք պիտի պարզապես  շատացնենք  ՀԷԿ-երի թիվը, դա անվիճելի է:

 - Մինչ ատոմակայանի կառուցումը երևի Հայաստանի բնակչության աճն ավելին էր, չկար արտագաղթի այսօրվա պատկերը, ավելի շատ երեխաներ էին ծնվում, ավելի շատ գործարաններ էին աշխատում, և էներգիան բավարարում էր, իսկ այսօր առանց ատոմակայանի 40-45% էներգամատակարարման հնարավոր չէ՞ տնտեսվարել, կենցաղավարել:

- Ընդհանուր (Խորհրդային Միության) էներգահամակարգի մեջ ենք եղել նախկինում, և դեռևս 1920-28 թվականներից ԳՈԷԼՌՈ-ի ծրագրով էլեկտրաֆիկացվում էին Միության կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունները, մենք էներգիա էինք ստանում չնչին գումարով` կոպեկներով: Հայաստանում խորհրդային տարիներին որոշվեց կառուցել 13 հիդրոկայան, և հիմա շահագործվում են հնում` դեռևս 1928 թ. կառուցված հիդրոկայանները: 90-ականներին, երբ դուրս եկանք Խորհրդային Միության կազմից, դադարեց ատոմակայանի գործունեությունը. լույս չկար, մարդիկ ցրտի ու խավարի այդ տարիները մեծ դժվարությամբ հաղթահարեցին, տարիներ անց 90-ական թթ. ծնված երեխաների մոտ շատ տեսողական խնդիրներ առաջացան, էլ չեմ խոսում ցրտի պատճառով տարիքային տարբեր խմբերի մարդկանց մոտ զանազան հիվանդությունների  մասին: Եվ հիմա մի շարժում է սկսվում հիդրոկայանների, ատոմակայանի գործունեության դեմ, չէ՞ որ դրանք մեր տնտեսության զարգացման, գոյատևման, երկրի առաջընթացի անհրաժեշտ աղբյուրներն են:

 - Այլևայլ աղբյուրներից, հաղորդումներից ակնարկներ ենք լսում, թե փոքրիկ Հայաստանում աշխատող ատոմակայանը, այն էլ Արարատյան դաշտավայրում` մեր բանջարեղենի հիմնական շտեմարանի սրտում, քաղցկեղի առաջացման գործուն աղբյուրներից է, մանավանդ որ ատոմակայանի արտադրած էներգիայի մի զգալի մասն արտահանվում է:

-Անհիմն խոսակցություններ են արտահանման հետ կապված լուրերը: Մենք երջանիկ կլինեինք էներգիա ունենալ,  մեծ թվով էներգիա արտադրել և արտահանել, դա կլիներ մեր ոսկու պաշարը: Ցավոք, դա այդպես չէ: Եթե կարողանանք էկոլոգիապես մաքուր էներգիա արտադրող միակ աղբյուրը` հիդրոկայանները շատացնել, զարգացնել, իհարկե, ապագան փայլուն կլինի: Այսօր ունենք գործող 140 հիդրոկայան, 60-ն էլ կառուցվում են, սակայն կարողանում ենք ստանալ ընդամենը 10-12% էներգիա, մնացած 88%-ն ընկնում է ատոմակայանի, ՋԷԿ-ի վրա:

 - Ի՞նչ կասեք էներգիայի այլընտրանքային աղբյուրների մասին. էներգիա քամու, արևի օգնությամբ:

- Ցավոք, Հայաստանը չի տիրապետում քամու միջոցով էներգիա ստանալու հնարավոր աղբյուրներին: Եթե անգամ կարողանանք ստանալ էներգիա այդ աղբյուրից, անցնեք հողմային էներգիային, ապա 1կՎտ-ի համար 30 դրամ վճարող անձը թե՛ քամու, թե՛ արևի միջոցով ստացվող էներգիայի համար նվազագույնը կվճարի 70-100 դրամ: Սպառողի համար մատչելի չէ, դրա ստացումն ու օգտագործումը թանկ հաճույք են, մեր հանրապետությունը չունի այն ֆինանսական ռեսուրսները, որոնք թույլ տան իրեն վերականգնող էներգիայի (արևային) սարքերը  դնել շենքերի վրա և սպառել:

 - Տիկի΄ն Նահապետյան, հասկանալի է, որ բոլոր փոքր ՀԷԿ-երը թանկ են Ձեզ համար. մի քիչ խորթ կհնչի, բայց դրանք ասես Ձեր զավակներն են: Կա՞ դրանց շարքում մեկը, առանձնահատուկը, որի վրա ավելի շատ ջանք ու եռանդ եք թափել, ֆինանսներ ծախսել, և այն իրեն մշտապես արդարացնում է:

- Այո, դրանք ինչ-որ առումով իմ զավակներն են, որովհետև 17 տարի շարունակ դրանց հետ եմ եղել, հետևել ու կազմակերպել դրանց շահագործման, կառուցման աշխատանքները: Իհարկե, դրանց շարքում կա մեկը` դեռևս 1928 թ.  կառուցված  հայտնի  ԼենԳԷՍ-ը, որը վերանվանվել է Գյումրի ՀԷԿ: Այն բացել է Անաստաս Միկոյանը:

Այդ ՀԷԿ-ը կառուցվել է  ԳՈԷԼՌՈ-ի ծրագրով և կոչվել է Օրջոնիկիձեի անվամբ: Սնել է Շիրակի ողջ հարթավայրը, ունի 5.5 ՄՎտ  հզորություն: 1988 թ. երկրաշարժից հետո ՀԷԿ-ը 10 տարի չի աշխատել, սեփականաշնորհվել է 1997 թ., և շատ մարդիկ ձեռք են բերել աշխատատեղեր, վերականգնվել են նախկին աշխատատեղերը: Այսօր ներդրումային մեծ աշխատանք է արվում, 1-2 անգամ ավելացել է արտադրողականությունը: Այս կայանը շատ հզոր չէ, բայց պատմական երկար ճանապարհ է անցել և շուտով կտոնի իր 85-ամյակը:

 - Ծա՞նր է այս ոլորտը: Մշտապես հետևո՞ւմ եք նոր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներին:

- Չափազանց: Ես, բնականաբար, որպես միության տնօրեն, այդ գործունեության ոլորտ նոր ոտք դրած մարդկանց տեղեկացնում եմ ամեն ինչի մասին և հետևում ընթացող աշխատանքներին: Սա միակ ոլորտն է, որին անհրաժեշտ են երկարաժամկետ վարկային ծրագրեր. 10-12 տարի է պետք, որ գումարները վերադարձնես, այստեղ հնարավոր չէ  գումար ներդնել և արագ շահույթ ունենալ: Կան նաև մաշվածության, աղետալի իրավիճակի հետ կապված և ուրիշ այլ խնդիրներ: Այսինքն` այս ոլորտ ոտք դնողները պետք է զինվեն համբերությամբ:

 - Որտե՞ղ են կառուցվում հիդրոկայանները:

- Կայանները կառուցվում են դժվարամատչելի, հեռու բնակավայրերում և, բնականաբար, աշխատողներն ընտրվում են տվյալ բնակավայրից, ստեղծվում են աշխատատեղեր, որոնք գյուղերը, ավանները չլքելու լավագույն խթանն են:

 - Դրսի՞ց են գալիս մասնագետներ:

- Գալիս են դրսից, բայց ոչ աշխատելու, այլ փորձի փոխանակման համար. աշխատում են միայն տեղի բնակիչները:

 - Ո՞ր երկրների հետ եք համագործակցում:

- Նորվեգիայի հետ, քանի որ նրա բնակլիմայական պայմանները շատ նման են

Հայաստանին, համագործակցում ենք  ՌԴ-ի, Չեխիայի, Չինաստանի, Գերմանիայի

հետ:

- Ո՞ւմ և ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:

- Ունենք հասարակության, մարդկանց աջակցության կարիքը, որպեսզի հասկանալի դարձնենք հանրության լայն շերտերին, որ հիդրոկայանները էներգիա ստանալու էկոլոգիապես միակ մաքուր աղբյուրներն են: Ես ցավում եմ, որ մարդիկ, չուսումնասիրելով, անտեղյակ լինելով այս բնագավառից, թյուրիմացության մեջ են գցում հանրությանը: Խոսքս բնապահպաններին է վերաբերում: Թող նրանցից գան գիտակ մարդիկ, որոնք հասկանում են բնագավառից, և կզրուցենք:

Ես կարծում եմ` պիտի հակառակը լիներ, շարժում սկսվեր  հօգուտ ՀԷԿ-երի ապագայի. գուցեև մի 10 տարի անց ՀԷԿ-երի  արտադրած էներգիայի քանակը  հնարավորություն տա դադարեցնելու ատոմակայանի գործունեությունը: «Խողովակները մտցնում են գետի մեջ»,- այս արտահայտությունը չիմացության հետևանք է, այս պրոցեսը երբեք, երբևէ չի աղտոտում ջուրը. այ, թող բնապահպանները պայքարեն գետերը թափվող ու մեծապես աղտոտող գործարանային այլևայլ թափոնների, կեղտաջրերի, կենցաղային աղբի դեմ:

 

Զրույցը վարեց  Կարինե   Ավագյանը

 

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply