Ինչից է վատանում լսողությունը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | December 15, 2012 12:16Տարբեր պատճառներով պայմանավորված` մարդը հանկարծակի (երբեմն` մի քանի ժամում) կամ ժամանակի ընթացքում կարող է ունենալ լսողության վատացում: Սակայն չարժե հուսահատվել, քանի որ միշտ էլ գործընթացը կարելի է կասեցնել ու լսողությունը լիարժեք վերականգնել: Լսողության վատացման հավանական պատճառներից են ոչ միայն օտիտները (միջին ականջի բորբոքումներ), այլև ցանկացած վարակիչ հիվանդություն, որոշ դեղամիջոցների օգտագործում:
Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև նյարդերի բնածին արատների հետևանքով կամ անոթների խնդիրների, ծծմբային խցանով պայմանավորված, ռևմատիկ արթրիտի պատճառով: Բացառիկ դեպքերում լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:
Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:
Ականջները տարբեր պատճառներով կարող են ցավել: Օտիտից բուժվելուց հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջի մասնագետի մոտ ու համոզվել, որ լիարժեք բուժվել եք: Եթե մնացորդային երևույթներ լինեն, ապա բժիշկը կառաջարկի համապատասխան բուժում: Լսողության խնդիրների դեպքում հնարավոր է` նշանակվեն ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ:
Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:
Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է փորձել հեռացնել, ինչը շատ հեշտ կերպով անում են մասնագետները հաշված րոպեների ընթացքում:
Եթե լսողության խնդիրը լսողական նյարդի նևրիտն է, ապա 2-3 կաթիլ քաֆուրի (կամֆորա) ձեթը հարկավոր է խառնել մեկ պճեղ ճզմած սխտորի հետ , ստացվածը թանզիֆով դնել հիվանդ ականջի վրա: Թողնել այնքան, որ ականջը սկսի տաքանալ: Պետք է գործողությունը կատարել ամեն օր, քնից առաջ, այնքան, մինչև խնդիրը նահանջի:
Լիմոնի քառորդ մասը կեղևով ուտելն ամեն օր նույնպես բարելավում է լսողությունը:
Մրսածությունից հետո լսողության ծանրացման դեպքում ականջի մեջ կաթեցնել 7-8 կաթիլ նշի յուղ, մի օր աջ, մյուս օրը` ձախ ականջի մեջ:
Աղմուկը ականջներում
Աղմուկը, ղողանջը կամ էլ գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում` սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին ու ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ (օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենյերի հիվանդություն, եվստախյան փողերի պաթոլոգիա ևն): Դրանք առաջանում են ներքին ականջի մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով, որոնք պատասխանատու են թթվածնի ու սննդարար նյութերի փոխանակման համար:
Սովորաբար ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում: Ընդ որում, աղմուկի բարձրությունն ուղիղ համեմատական է հիվանդության զարգացման հետ: Հիվանդն այդ աղմուկը համեմատում է զանգի, ծղրիդների բնաձայնի հետ: Հետաքրքիր է, որ այդ աղմուկն ուժգնանում է լռության եջ:
Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված: Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որն արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի, պարանոցի շրջանի օսթեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել:
Եթե աղմուկը միշտ եք լսում, ապա խորհրդակցեք սրտաբանի, ներզատաբանի ու նյարդաբանի հետ:
Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան ու ֆիզիկական գրգռվածության, լարվածության ու հոգնածության հետևանքով, սովորաբար, նման երևույթն առանց բուժման էլ անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ:
Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս կարևորվում է աշխատանքի ու կյանքի ռիթմի կարգավորումը. սնունդը, քունը, զբոսանքը թարմ օդին և առանց լարման աշխատանքային պայմաններն ու աղմուկից հեռու հանգիստը:
Ոմանք փորձում են ականջներում հնչող աղմուկը «խլացնել» հատուկ ձայնագրած թռչունների ծլվլոցով, անձրևի, ջրվեժի ու նման հնչյուններով:
Երեխաների օրգանիզմը շատ զգայուն է շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ, ուստի յուրաքանչյուր ծնող բախվում է երեխայի լսողական խնդիրների հետ:
Հիմնական պատճառներից է օտիտը, որն ինքնին վտանգավոր է առաջացրած բարդություններով, ինչպիսին է լսողության կորուստը: Ուստի, եթե կասկած ունեք, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:
Կրծքի երեխաները հաճախակի են փսխում. ֆիզիոլոգիական առողջ այս պրոցեսը հաճախ օտիտի պատճառ է դառնում: Բացի այդ, երեխան մեծ մասամբ պառկած է, ինչը ևս նպաստում է, որ վարակն ականջ հասնի: Հետևաբար խորհուրդ է տրվում երեխայի դիրքը հաճախակի փոխել:
Հետաքրքիր փաստեր
1. «Ծանր լսողություն» ախտորոշմամբ երեխաների 90%-ի ծնողները չեն ունեցել լսողության լուրջ խնդիրներ:
2. Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ: Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հց:
3.Մարդը գիտակցում է ձայնը մինչև ականջին հասնելը, 35-175 մլվրկ-ում, ընդ որում դրանից շուրջ180-500 մլվրկ պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք:
4.Ականջները, ինչպես և քիթը, աճում են ողջ կյանքում:
5.Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:
6.Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց աղմուկի ազդեցության պատճառով:
7.Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90%-ով բարելավել լսողության որակը:
8.Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը: Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական ապարատ, սակայն 5-ից 4-ն այն չի կրում:
9.Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում ( կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, մենինգիտ):
10.Մարդու ականջը շատ զգայուն է 2000-2300 հց տիրույթում գտնվող ձայների նկատմամբ:
11.Փիղը լսում է 1 հց հաճախությամբ ինֆրաձայնը (մարդու համար նվազագույնը` 20 հց է): Նրանք ցեղակիցների հետ հաղորդակցման համար օգտագործում են ցածրհաճախական ձայներ: Ընդ որում, փղերը լսում են նաև ոտքերով. նրանք այդպես կարողանում են զգալ փղերի այլ երամակի տեղաշարժը մի քանի կմ հեռավորության վրա, ինչպես նաև լսել ու շրջանցել մարտի գոտիները:
2.Մորեխներն ու ծղրիդները լսում են մազմզուկներով պատված առջևի ոտիկներով, որոնցում ձայնի նկատմամբ զգայուն մեմբրանն է: Հոլանդացի գիտնականներին հաջողվել է վերարտադրել այդ օրգանը, որը, ինչպես պարզվեց, ամենազգայուն ակուստիկ գործիքներից է:
–Նկարիչ Վասիլի Կանդինսկին լսում էր ներկերի հնչողությունը, բանաստեղծ Արթյուր Ռեմբոն ձայնավոր հնչյուններին որոշակի գույներ էր հատկացնում: Կոմպոզիտոր Սկրյաբինը, որը համարվում է գունաերաժշտության հիմնադիրը, երաժշտությունը գույներով էր տեսնում, չնայած գունաերաժշտությունը շատ ավելի ուշ է ստեղծվել: 400 տարի առաջ արևային գունապնակի ու երաժշտության միջև կապ է տեսել նաև Նյուտոնը. դո–ն կամիր գույնի էր, ռե–ն` մանուշակագույն մի–ն` կապույտ, ֆա–ն երկնագույն, սոլ–ը` կանաչ, լյա–ն` դեղին, սի–ն` նարնջագույն: Գունավոր լսողությամբ էր օժտված նաև Նիկոլայ Ռիմսկի–Կորսակովը: Նա ասում էր, որ «Սադկո» օպերայի ծովային թեմատիկան հնչում էր կապտաերկնագույն տոնայնության մեջ: Նա տրամաբանորեն ենթադրում էր, որ մեղեդին կապտաերկնագույն դեկորացիաների հետ հոգեբանորեն կազդի ունկնդրի վրա: