Եթե կա գյուղատնտեսություն, ապա այն միշտ էլ խորհրդի կարիք ունի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 14, 2012 16:15

Վերջին շրջանում ծայր առան մեկնաբանություններ ու կարծիքներ, թե գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական ծախսերը հոգալու համար նախատեսված 295 մլն դրամ պետական հատկացումներն արդյունք չեն տալիս: Սակայն պարզ է մի բան` աշխարհի այն երկրներում, որտեղ կա զարգացած գյուղատնտեսություն, կան նաև խորհրդատվական զարգացած ծառայություններ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը դեկտեմբերի 4-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, ընդգծեց, որ ուսումնասիրելով 2013 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը` հանդիպել է մի շարք անհեթեթ կետերի ու, մեղմ ասած, տարօրինակ հատկացումների, որոնք, հաշվի առնելով մեր կառավարության այն պնդումները, թե մեր պետությունը չունի անհրաժեշտ միջոցներ նվազագույն աշխատավարձի բարձրացման, ուսանողներին տրվող կրթաթոշակների ավելացման կամ հասարակությանը հուզող նմանատիպ այլ առաջնային ու ավելի անհրաժեշտ սոցիալական խնդիրների լուծման համար,  ևս մեկ անգամ ապացուցում են մեր կառավարության ոչ ադեկվատ գործելաոճը:

«Ես որոշեցի կազմել աբսուրդային հատկացումների թոփ-տասնյակ և հնչեցնել այն ԱԺ ամբիոնից, քանի որ համոզված եմ, որ բնակչության մի ստվար զանգված նույնիսկ գաղափար չունի պետական բյուջեում տեղ գտած այս հատկացումների մասին»,- հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը և ներկայացրել իր հայտնաբերած թվերը:

Այդ թվերի մեջ էր նաև  ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղական խորհրդատվական ծառայությունների համար հատկացվող  295.000.000 ՀՀ դրամը, որը, պատգամավորի կարծիքով` անարդյունավետ ու անհեթեթ ծախս է:

Պատգամավորը ընդգծել է, որ միայն այս կետերի վերացման արդյունքում հնարավոր կլիներ այլ նպատակներին ուղղել շուրջ 2 միլիարդ դրամ: Մեկնաբանությունները ԲՀԿ-ական պատգամավորը թողել է հասարակությանը:

ԳԱՄԿի ներկայացուցիչն այլ կարծիքի է

Մենք դիմեցինք Գյումրու ԳԱՄԿ-ի տնօերն Ջիվան Ասլանյանին, այս որակման մասին նրա կարծիքն իմանալու համար: Նա մեզ ներկայացրեց իր ղեկավարած ԳԱՄԿ-ի գործունեությունը, կազմակերպած դասընթացները, սեմինար-քննարկումները, խորհրդատվական ծառայությունները: Ասլանյանը մեզ ներկայացրեց նաև կառավարության կողմից Գյումրու ԳԱՄԿ-ին հատկացված գումարները` մոտ 26 մլն դրամ: Ապա նշեց, որ իրենց հիմնարկում աշխատում են 11 գյուղատնտեսական փորձագետ-խորհրդատուներ, ու նրանց, ինչպես նաև աշխատակազմի աշխատավարձերի համար նախատեսված է գումարների մոտ 18 մլն դրամը, ներառյալ` սոցվճարումները: Յուրաքանչյուր փորձագետ-խորհրդատու ստանում է ամսական 48-50 հազար դրամ աշխատավարձ: Բայց դա, ըստ Ասլանյանի, շատ փոքր թիվ է նշանակալի արդյունքի հասնելու համար:

«Գյուղացիներն առաջին հերթին զգում են սերմացուի, վառելանյութերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների կարիք: Եթե մտնենք գյուղեր ու հարցնենք, թե ինչ աջակցություն են նրանք ակնկալում, ապա կտեսնենեք, որ հիմնականում այս հարցերն են բարձրացնում: Ես կավելացնեմ նաև, որ գյուղացուն անհրաժեշտ է տրամադրել երկար ժամկետներով և ցածր տոկոսադրույքներով վարկեր, նվազեցնել հարկերը, ներմուծել գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության ինստիտուտը և այլն: Սակայն այսօր  շատ գյուղացիներ, որոնք ունեն թե՛ հող, թե՛ սերմացու, թե՛ պարարտանյութեր, թե՛ քիմիկատներ, մի խոսքով` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ, ու հենց նրանք էլ զգում են մեր խորհրդատվության կարիքը: Իմ խորին համոզմամբ` ոչ թե պետք է մեզ տրամադրվող գումարները շատ համարել, այլ դեռ մի բան էլ ավելացնել»,- նշեց Ջիվան Ասլանյանը:

Նա բերեց հետևյալ թվերը. իրենց ԳԱՄԿ-ում աշխատում է 11 խորհրդատու, որոնք պետք է սպասարկեն մոտ 100 գյուղերի ավելի քան 32 հազար գյուղացիական տնտեսությունների` նրանց խորհդատվություն մատուցելով: Հետևաբար ամեն մի խորհրդատուին բաժին է հասնում մոտ 10 գյուղ և մոտ 2800-2900 գյուղացիական տնտեսություն: Սա նշանակում է, որ եթե այդ խորհրդատուն աշխատի նույնիսկ` իրեն պատառոտելով, չի հասցնի բոլորին իդեալական խորհրդատվություն տրամադրել: Նա նշեց նաև, որ այսօրվա դրությամբ` իրենց ԳԱՄԿ-ն ակտիվորեն համագործակցում և խորհրդատվություն է մատուցում Շիրակի մարզի ավելի քան 4000 գյուղացիական տնտեսությունների:

Վիճակագրություն և իրականություն

Ինչ խոսք, նույնիսկ 4000 գյուղացիական տնտեսությանը խորհրդատվություն մատուցելը քիչ գործ չէ: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այդ տնտեսությունների մեծ մասը միջին և խոշոր ֆերմերներ են: Իսկ յուրաքանչյուր միջին ֆերմեր ստեղծում է առնվազն 4-5 աշխատատեղ: Սա Հայաստանի պես աղքատ երկրի համար ամենևին էլ վատ ցուցանիշ չէ:

Բացի այդ, այս հարցը մի այլ կողմ էլ ունի: Ամբողջ Հայստանում գործում են 10 ԳԱՄԿներ: Նրանց աշխատանքներում ընդգրկված են 213 խորհրդատուներ: Այս մարդիկ ստանում են ամսական 48-50 հազար դրամ աշխատավարձ: Բայց ԳԱՄԿներում աշխատում են նաև այլ մարդիկ` տեխնիկական, գրասենյակային աշխատողներ և այլն: Ընդունենք, թե աշխատում է ընդհանուր 300 հոգի, չնայած ավելի շատ մարդ է աշխատումՍտացվում է, որ եթե այս ԳԱՄԿներին տրվող գումարները կտրվեն, ապա գոնե 300 հոգի կմնա առանց աշխատանքի, և մեր հայրենի կառավարությունը կսկսի նրանց նպաստներ տալ` գործազրկության և այլնի համար` 35-40 հազար: Այսինքն` սոցիալական վճարները բարձրացնելու պատճառաբանությամբ ևս 300 հոգու գործազրկության մղելը մի քիչ  անհեռատես ցանկություն է: Ավելի հարմար չէ՞, որ այս մարդիկ գործազրկության համար տրվող նպաստից մոտ 10 հազար դրամ ավելի գումար ստանան, բայց ինչոր աշխատանք կատարեն` խորհրդատվություն մատուցեն թեկուզ 32  հազար տնտեսությունից 4000-ին:

Մենք հանդիպեցինք նաև Շիրակի մարզի մի ֆերմերի, որն ապրում և իր տնտեսությունն է վարում Շիրակի մարզի բարձրլեռնային Ձորաշեն գյուղում: Նա Հովհաննես Շաբոյանն է, որ ունի գյուղատնտեսական կրթություն, ավարտել է Ստեփանավանի գյուղատնտեսական տեխնիկումը, այնուհետեև` Երևանի այն ժամանակվա անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, 54 տարի աշխատել է գյուղատնտեսության ոլորտում` տնտեսագետից մինչև սովխոզի նախագահ: Այժմ այս մարդն ունի մոտ 350 գլուխ ոչխար և 50 մեղվաընտանիք: Բայց նշում է, թե շատ է զգում ԳԱՄԿ-ի կարիքը, մոտ 8 տարի համագործակցել է այս կառույցի հետ և նրանցից ստացել թե՛ անհրաժեշտ գրականություն, թե՛ խորհրդատվություն նոր տեխնոլոգիաների ու գիտության նոր նվաճումների մասին, թե՛ խորհրդատվություն` շուկայական պայմաններում ճիշտ տնտեսվարելու համար և այլն:

Իհարկե, կա նաև ճշմարտություն ԳԱՄԿ-ների ընդդիմախոսների  կարծիքներում, թե այս կառույցների աշխատանքն անարդյունավետ է: Բնականաբար, այդպես էլ պետք է լինի, քանի որ փոքրիշատե զարգացած գյուղատնտեսություն ունեցող բոլոր երկրներում գյուղատնտեսության ոլորտին պետությունը բավականին մեծ դոտացիաներ է հատկացնում` թե՛ ապահովագրություն կիրառելով, թե՛ նոր տեխնոլոգիաներ ստեղծելու և ներդնելու առումով, թե՛ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելով, թե՛ տեխնիկայի հետ կապված հարցերը լուծելով, թե՛ որակյալ կադրեր պատրաստելով, թե՛ գյուղատնտեսական արտադրանքի համար իրացման հնարավորություններ ու շուկաներ ստեղծելով: Իսկ Հայաստանում այս ամենը կա՛մ չկա, կա՛մ անհրաժեշտ մակարդակի վրա չէ: Ու այս պայմաններում հուսալ, թե խորհրդատուները կարող են արդյունավետ աշխատել, միամտություն կլինի, եթե ոչ` անմտություն:

 

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply