Այդ անկախատեսելի տասնյակը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 16, 2012 7:23

2012-ի մրցաշրջանը մոտենում է ավարտին: Ավանդույթի համաձայն` տարեվերջին որոշվում են Հայաստանի 10 լավագույն մարզիկները, լավագույն թիմերը: Ու թեև դա կատարվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով, լավագույնների անունների հրապարակումից հետո  անպակաս են տարաբնույթ խոսակցությունները: Դժգոհում են մարզիկները, մարզիչները, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահները: Աղմուկ են բարձրացնում նաև ոչ մարզական թեմաներով գրող, սակայն սրա կամ նրա ձեռքին գործիք դարձած, պատվերով աշխատող լրագրողները: Ինչ խոսք, այդ ամենը տհաճ է:

Մի ցայտուն օրինակ. դեպք է եղել, երբ լավագույնների տասնյակում չի եղել Հայաստանի որևէ ֆուտբոլիստի անուն: Եվ դրանից մեծ հիստերիա է առաջացել: Ընդ որում, այս տարի էլ նույնը կարող է կրկնվել, քանի որ Հայաստանի ազգային հավաքականը  ոչնչով չի ուրախացրել, առանձին ֆուտբոլիստներն էլ չեն փայլել իրենց խաղով: Այլ հարց  է, որ հավաքականի ներկայացուցիչներ Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը մեծ թվով գնդակներ են խփել մրցակիցների դարպասը Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում: Նրանք կարող էին հավակնել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հայ լավագույն ֆուտբոլիստների մրցանակներին: Բայց  այդպիսի անվանակարգերով մրցանակաբաշխություն ՀՄԼՖ-ն չի անցկացնում:

Եվ ահա, երբ քվեարկության արդյունքով լավագույնների շարքում ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար, մեր երկրի հեռուստաընկերություններից մեկի աշխատակիցը, որը մարզական մամուլի, ընդհանրապես սպորտի հետ ոչ մի առնչություն չունի, մի մեծ մեղադրական էր ներկայացրել ՀՄԼՖ-ի հասցեին, որ իր կարծիքով ցուցակում ցանկալի արդյունք` ֆուտբոլիստ չկա: Թերևս, պատճառն այն է, որ այդ հեռուստաընկերության ղեկավարությունն անմիջականորեն կապ ունի ֆուտբոլի հետ: Ի դեպ, այդ հեռուստաընկերությունից չորս մարդ էր մասնակցել քվեարկությանը, և բոլորն էլ ինքնակամ իրենց տեսակետն էին հայտնել ու ամենայն հավանականությամբ, այդպիսի քայլի համար հետագայում էլ  հարձակումների են ենթարկվել: Ամեն դեպքում նրանցից ոչ ոք իրենց գործընկերոջը հրապարակավ չասաց, որ գլուխը պատովն է տվել ու հաճոյանալու համար խելքից դուրս բաներ է ասել:

Մեկ այլ հեռուստաալիքի մարզական մեկնաբան, որի տերը նույնպես անմիջականորեն կապ ունի ֆուտբոլի հետ, անկողմնակալ քվեարկելուց հետո ստիպված էր եղել փոխել աշխատավայրը:

Ի դեպ, մարզական լրագրողների մի մասն այնքան էլ  մեծ ոգևորությամբ չի մասնակցում այս հարցմանը, առավել ևս, որ դրա արդյունքները թափանցիկ են` հրապարակվում են և բացահայտվում, թե ով ում օգտին է քվեարկել, որ մարզիկներին է  տվել նախապատվությունը: Նմաններին հասկանալ կարելի է, քանի որ մի բուռ ազգ ենք և նեղացողներ, ինչ էլ լինի, կգտնվեն:

Թերևս այդ է պատճառը, որ Հայաստանի առաջին հեռուստաալիքի չորս ներկայացուցիչ նախապես դիմել է ՀՄԼՖ, որպեսզի չմասնակցի քվեարկությանը: Այսպիսի դիրքորոշման պատճառն ամենևին էլ այն չէ, որ նրանք հասարակական կազմակերպության հետ որևէ խնդիր ունեն կամ անցանկալի վերաբերմունք են դրսևորում: Ի դեպ, վերջերս նրանցից մեկը դիմել է ՀՄԼՖ-ի աջակցությանը և այդ կազմակերպության երաշխավորագրով Մարզական լրագրողների միջազգային կազմակերպության անդամի տոմս ստացել: Այնպես որ, խնդիրը միայն քվեարկությունից հետո գլխացավանքի մեջ չընկնելն է:

 Իսկ քվերակությունը կատարվում է ժողովրդավարական սկզբունքներով: Կա կանոնակարգ, որում սահմանված են քվեարկության իրականացման սկզբունքները:

Իրականում հարցաթերթիկ կարող են լրացնել Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում առնվազն երեք տարի աշխատած, մարզական թեմաներով գրող, մարզական ոլորտի իրադարձությունները լուսաբանող  լրագրողները, մեկնաբանները, լուսանկարիչները: Փաստորեն, որևէ սահմանափակում չկա:

Ընդ որում, կանոնակարգում նշված է, որ քվեարկելիս նախընտրելի է, որ նախապատվությունը տրվի օլիմպիական, մասսայականություն վայելող մարզաձևերի ներկայացուցիչներին, և առաջին հերթին պետք է հաշվի առնվեն մեծահասակների միջազգային պաշտոնական մրցումներում` օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ձեռք բերված հաջողությունները և նվաճումները: Կողմնորշվելու համար առանձնացվում են նաև մեր այն մարզիկները, որոնք այդ փորձություններում մեդալների են արժանացել, սակայն դա դոգմա չէ, ամեն մի քվեարկող կարող է նշել ցուցակից բացակայող իր ուզած մարզիկի անունը: Լավագույն թիմերից էլ առանձնացվում են երեքը: Եվ յուրաքանչյուր քվեարկող ազատ է իր ընտրության հարցում:

Քվեաթերթիկում առաջինը նշված մարզիկը ստանում է 10 միավոր, երկրորդը`  9 միավոր, երրորդը` 8 միավոր, և այսպես շարունակ: 10-րդ տեղում հայտնված մարզիկին տրվում է մեկ միավոր: Քվեարկողը նշում է նաև 3 լավագույն թիմերի անունները, իսկ միավորների հաշվարկը կատարվում է համապատասխանաբար 5, 3, 1 տարբերակով:

Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է, բայց քվեաթերթիկները լրացնողների թվում կան մարդիկ, որոնք Հայաստանի մարզադահլիճների տեղերն անգամ չգիտեն, մրցումների չեն հաճախում: Եթե ավելացնենք, որ քվեարկողներից ոմանք էլ կախում ունեն այս կամ այն մարզական ոլորտի ղեկավարից,  ֆեդերացիայի նախագահից, ապա դժվար չէ ենթադրել, թե խիղճը գրպանը դնելու դեպքում ինչ արդյունքներ կարող են լինել: Այդ է պաճառը, որ լավագույնների տասնյակն անկանխատեսելի է:

Ի դեպ, նախկինում և այժմ էլ քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն լրատվամիջոցը, տարբեր սկզբունքներով հարցումներ անցկացնելով, հրապարակում է տարվա լավագույններին, սակայն դա աննկատ է մնում:

Այդ մասին խնդրեցինք տեսակետ հայտնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին: Նա նշեց, որ դա  նորմալ է: «Պարզապես Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀԱՕԿ-ը պաշտոնական են ընդունում լավագույնների այն տարբերակը, որը որոշվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով»,- ասաց Ռուստոմյանը:

Օրերս Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ընդլայնված նիստում քննարկվեց, թե ինչպես պետք է անցկացվի հերթական քվեարկությունը: Ի դեպ, առաջարկ է եղել, որ քվեարկեն ոչ թե առանձին մարդիկ, այլ այն  լրատվամիջոցները, որոնք լուսաբանում են մարզական անցուդարձը: Սակայն ընդունված կարգը վերանայելու համար բավարար հիմքեր չեղան: Բանն այն է, որ այս սկզբունքը կիրառվում  է տասնամյակներ շարունակ: Բացի այդ, մարզական բնագավառի աշխատանքը լուսաբանողի և լրատվամիջոցի ներկայացրած տարբերակները կարող են էականորեն տարբերվել: Լրատվամիջոցների տեսակետը ներկայացնելիս վճռորոշ դեր կարող է խաղալ դրա ղեկավարի տեսակետը և քվեարկությունը «բալեշչիկական» դառնա:

Ի դեպ, 2012-ին մրցաշրջանը մեդալների առումով այնքան էլ բերքառատ չէր Հայաստանի մարզական բնագավառի ներկայացուցիչների համար: Թերևս պատճառն այն է, որ հիմնական ուշադրությունն ուղղվել էր 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի  նախապատրաստությանն ու մասնակցությանը, և մեր ուժեղագույնների մեծ մասը բաց է թողել խոշորամասշտաբ ստուգատեսները:

Իսկ Անգլիայի մայրաքաղաքում Հայաստանի պատվիրակները տիրացել են երեք մեդալի: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը դարձել են արծաթե և բրոնզե մեդալակիրներ, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը բավարարվել է արծաթե պարգևով: Արթուրը և Արսենը Եվրոպայի առաջնությունում դարձել են նաև չեմպիոն և 3-րդ մրցանակակիր: Այնպես որ այս մարզիկների լավագույնների  տասնյակում հայտնվելը կասկած չի հարուցում: Հավակնորդների թվում են նաև ստենդային հրաձգուհի, Եվրոպայի չեմպիոն Երջանիկ Ավետիսյանը, Եվրոպայի առաջնության 3-րդ մրցնակակիրներ, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և ուրիշներ:

Այս մրցաշրջանում փայլուն է հանդես եկել շախմատի Հայաստանի ազգային հավաքականը և 3-րդ անգամ հաղթել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Շախմատիստուհիների «Միկա» ակումբն էլ արծաթե մեդալակիր է դարձել Եվրոպայի գավաթի խաղարկությունում, Հայաստանի ծանրամարտի հավաքականն էլ թիմային պայքարում երկրորդ տեղ է գրավել Համաշխարհային ուսանողական խաղերում: Այնպես որ, այնուամենայնիվ, ակնառու ձեռքբերումներ կան: Մնում է սպասել, թե ում կտրվի նախապատվությունը, և քվեարկության արդյունքով  ովքեր կհամարվեն 2012-ի լավագույն մարզիկները:

 

Դիտվել է 1912 անգամ:
Print Friendly

Leave a Reply