Կարեն Անդրեասյան. «Մինչև օրս որևէ քաղաքական ճնշում կամ ուղղորդում չի եղել»

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | December 10, 2012 12:35

2012թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կայացրել է պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 27 որոշում: Այդ մասին այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, լրագրողներին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծեց, որ խախտման որոշումներ կայացվում և դրանց մասին հրապարակայնորեն հայտարարվում է միայն այն դեպքում, եթե պետական մարմինները «դիմադրում են» խախտումների մասին Պաշտպանի առաջարկներին:

Ըստ վիճակագրության, 6-ական խախտման որոշումներ են կայացվել Դատախազության ու Պաշտպանության նախարարության հանդեպ, 4 նման որոշումների է արժանացել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, 3՝ Արդարադատության նախարարությունը, 2-ական Երևանի քաղաքապետարանն ու Ոստիկանությունը, 1-ական՝ Կրթության ու գիտության, Արտաքին գործերի նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն ու Պետական գույքի կառավարման վարչությունը:

Այս տարի Պաշտպանին է դիմել 5600 մարդ, 2290 դիմումներին ընթացք է տրվել, դրանցից 820-ի դեպքում պարզվել է, որ քաղաքացու բողոքը հիմնավոր է: Բողոքներից 167-ը վերաբերել են Ոստիկանությանը, 97-ը՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը, 91-ը՝ Արդարադատության նախարարությանը, 68-ը՝ Պաշտպանության նախարարությանը և 52-ը՝ Երևանի քաղաքապետարանին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, երկրում, մարդու իրավունքների «ամենամեծ խոցն ու քաղցկեղը» դատարաններն են, սոցիալական հարցերը երկրորդ տեղում են՝ աղքատության մեծ չափեր է ընդունել, խնդիրներ կան նաև՝ կապված տնտեսական ազատ մրցակցության պայմանների հետ: Ընտրական գործընթացներն էլ, Պաշտպանի դասակարգմամբ, երրորդ տեղում են՝ հասարակությունը չի վստահում այդ գործընթացներին, և դրա մեղավորը խախտումների մասին բողոքների քննության ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության ու դատախազության «ձևապաշտական դիրքորոշումն է»:

Այն հարցին, թե Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կա՞ն աղանդավորականներ, Պաշտպանը նշեց, որ տեղյակ չէ դրա մասին: Կ. Անդրեասյանը միաժամանակ ընդգծեց, որ մարդկանց աշխատանքի ընդունելիս «չի քննում» նրանց խիղճը, նա նաև հավաստիացրեց, որ ցանկացած տեսակի քարոզ չի հանդուրժի: «Թիկնապահների կողմից մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերը սովորություն են դարձել» հարցի առնչությամբ Պաշտպանը նշեց, որ անհավասար վերաբերմունքը բնորոշ է ոչ միայն պետական մարմիններին, այլև հասարակությանը, որի ուշադրությունից դուրս են մնում հանրային հետաքրքրություն չներկայացնող ծեծի դեպքերը:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ Պաշտպանը հայտարարեց, որ իրեն ընտրել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, սակայն ինքը ՀՀԿ-ին պարտական չէ: «Մեկուկես տարվա ընթացքում, մինչև օրս որևէ քաղաքական ճնշում կամ ուղղորդում չի եղել»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply