ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակը բարձրացավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 7, 2012 14:27

Մերձավորարևելյան զարգացումների ընդհանուր խորապատկերում հետաքրքիր գործընթացներ են  դիտարկվում ԻսրայելՊաղեստին հարաբերությունների ոլորտում:

Նախ` նոյեմբերի 29-ի երեկոյան ՄԱԿում Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծ  քննարկվեց: Քվեարկության արդյունքում Պաղեստինը ստացավ դիտորդ պետության կարգավիճակ:

 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման որոշման նախագծին կողմ  քվեարկեց 138 պետություն, այդ թվում` Ռուսաստանը, Ֆրանսիան և Չինաստանը: ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան և ևս 9 պետություն դեմ են քվեարկել: Գերմանիան և Մեծ Բրիտանիան ձեռնպահ են եղել:

Որոշումը հաստատում է Պաղեստինի ինքնորոշման իրավունքը Իսրայելի կողմից 45 տարի առաջ օկուպացված տարածքներում` Հորդանանի արևմտյան ափին, Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում: Բացի դրանից, Պաղեստինն արդեն իրավունք ունի դիմելու Հաագայի միջազգային քրեական դատարան և մեղադրանք ներկայացնելու Իսրայելին:

Սա կարևոր է հատկապես մեզ համար, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը մեկ անգամ ևս կարևորեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Բայց հարց է առաջանում` արժե՞ արդյոք, որ մենք շատ ոգևորվենք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի այս որոշումից և զուգահեռներ տանենք ԼՂՀ հիմնախնդրի հետ:

«Չպետք է մոռանանք, որ Պաղեստինը ճանաչված է ավելի քան 100 երկրների կողմից: Այսինքն` նա, ի տարբերություն ԼՂՀ-ի, որ ոչ մեկի կողմից ճանաչված չէ, բազմաթիվ երկրների կողմից ճանաչված է: Իսկ ճանաչումն անհատական բնույթ ունի: Այսինքն` ամեն մի պետություն իր համար առանձին է ճանաչում որևէ այլ երկրի: Երբ հայտնվում է կարծիք, թե ՄԱԿ-ը ճանաչեց Պաղեստին պետությունը, դա, ըստ էության, ճիշտ  ձևակերպում չէ, քանի որ ՄԱԿ-ը չի ճանաչել, այլ նրա անդամ երկրները քվեարկել են ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման համար: Իսկ Պաղեստինը չի դառնում ՄԱԿ-ի լիիրավ անդամ, որովհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկու երկիր` ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունը, դեմ են: Հետևաբար, մի կողմից մեզ համար լավ է, որ ինքնորոշման հիման վրա նոր երկրներ են ի հայտ գալիս, կամ կարգավիճակ է որոշվում, բայց մյուս կողմից էլ չպետք է գերագնահատենք այս երևույթը, որովհետև ԼՂՀ-ն, ի տարբերություն Պաղեստինի, դեռևս ճանաչում չունի: Ղարաբաղյան կոնֆլիկտի էությունն ուրիշ է»,- այս հարցի կապակցությամբ հայտնեց նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Իհարկե, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Մեծ Բրիտանիան ասում են` կաջակցեն Պաղեստինին` ՄԱԿ-ում կարգավիճակի բարձրացման հարցում: Սակայն այստեղ խնդիրը նաև Պաղեստինի մեջ է: Այս կոնֆլիկտի սկզբում` 1947 թ., ՄԱԿ-ը քվեարկեց և որոշեց ենթամանդատային Պաղեստինի վրա ստեղծել երկու պետություն` Իսրայել և Պաղեստին: Արաբական երկրները չճանաչեցին Իսրայելի գոյությունը: Եվ երբ 1948 թ. մայիսի 18-ին հռչակվեց Իսրայելը, արաբական երկրները հարձակվեցին այս երկրի վրա` նպատակ ունենալով ոչնչացնել այն: Այսինքն` արաբների այդ գործողությունն ուղղված էր ոչ միայն Իսրայելի, այլև ՄԱԿ-ի դեմ: Այդ պատերազմի ընթացքում արաբները և հիմնականում պաղեստինցիներն ունեցան տարածքային կորուստներ. Պաղեստինի այն հատվածը, որը հետագայում պետք է դառնար Պաղեստին պետության հիմքը, նվաճվեց Իսրայելի կողմից: Եվ հիմա հարցը հետևյալն է. պաղեստինցիները կամ պաղեստինյան իշխանությունները պետք է ճանաչեն Իսրայել երկրի գոյության իրավունքը, որպեսզի Իսրայելն էլ ճանաչի իրենց գոյության իրավունքը: «Այսինքն` եթե Մեծ Բրիտանիան ասում է` կաջակցի Պաղեստինին, իհարկե կաջակցի, ԱՄՆ-ն էլ կաջակցի, նույնիսկ Իսրայելն էլ կաջակցի Պաղեստին պետության գոյությանը, պայմանով, որ Պաղեստինն էլ աջակցի Իսրայելի գոյության իրավունքին»,- նշեց Արա Պապյանը:

  Ազգերի ինքնորոշման իրավունքը կարևոր է, բայց ԼՂՀ հակամարտության խնդիրն  այլ է

 

Բացի այս հանգամանքից, շուտ ոգևորվելուց խուսափելու ևս մի լուրջ պատճառ կա: Այն, որ ՄԱԿ-ի այս որոշմանը դեմ է Իսրայելը, և այս երկիրը կանի ամեն ինչ, որպեսզի իր շահերը գերակայեն:

«ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի փոփոխությունը կարող է Արցախի համար հետաքրքիր օրինակ դառնալ, սակայն պետք է հիշենք նաև, որ Պաղեստինը մինչ այդ արդեն ներկայացված էր ՄԱԿ-ում, իսկ միջազգային հանրությունն էլ տասնամյակներ առաջ է ճանաչել պաղեստինցի արաբների անկախ պետություն ունենալու իրավունքը: Մենք նաև պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ Պաղեստինի միակողմանի նախաձեռնությունը հանգեցնելու է տարածաշրջանում կոնֆլիկտային պոտենցիալի աճի և արաբ-իսրայելական դիմակայության խորացման: Առհասարակ, «արաբական գարուն» կոչվածը հավանաբար հանգեցնելու է վերջնարդյունքում նաև տարածքային վերաձևումների, որոնք կարող են լինել նաև մեր սահմաններից ոչ հեռու: Սա նշանակում է, որ մենք պետք է շատ շրջահայաց լինենք և ամենակարևոր հարցը, որ մեզանում լուծման կարոտ է` մեր գործող իշխանական համակարգի որակական փոփոխությունն է, քանզի դրա ներկայիս որակները հանգեցնում են մեր հավաքական ներուժի թուլացմանն ու կաթվածի»,- այս հարցի առնչությամբ ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Եվ իրոք, Իսրայելը կտրականապես դեմ է ՄԱԿ-ի Գլխավոր  վեհաժողովի` պաղեստինյան պետականությունը ճանաչելու որոշմանը և հայտարարում է, որ մտադիր է պաշտպանել իր իրավունքը «վիճելի տարածքների» առնչությամբ:

«Իսրայելի ժողովուրդը բնական, պատմական և իրավական իրավունք ունի իր հայրենիքի և իր հավերժական մայրաքաղաք Երուսաղեմի վրա: Իսրայել պետությունը` հրեա ժողովրդի պետությունը, պաշտպանելու է իր իրավունքը  վիճելի Էրեց-Իսրայել տարածքներում»,- ասվում է իսրայելական կառավարության հայտարարության մեջ և նշվում, որ Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի ԳՎ որոշումը:

Ի դեպ, ՄԱԿ-ի որոշումից հետո Իսրայելը մտադիր է պատժել պաղեստինցիներին` Հորդանանի արևմտյան ափին թույլատրել հրեա վերաբնակների համար 3000 տների կառուցումը և սառեցնել Պաղեստինի կարիքների համար հավաքվող գումարների փոխանցումը:

Իսրայելի այս քայլից հետո Մեծ Բրիտանիան քննարկում է իր դեսպանին Իսրայելից հետ կանչելու տարբերակը: Այդ մասին Sky հեռուստաընկերությանը հայտնել են երկրի ԱԳՆ-ից` հավելելով, որ չի բացառվում նաև առևտրային հարաբերությունների դադարեցումը:

Այդպիսով` Լոնդոնը փորձում է ճնշում գործադրել Իսրայելի վրա` պահանջելով նոր բնակավայրեր չստեղծել Արևելյան Երուսաղեմում:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նույնպես համաձայն է բրիտանացիների հետ և հայտարարել է, որ Իսրայելի վրա ճնշում գործադրելը անհրաժեշտ է, սակայն միաժամանակ ընդգծել է` դեսպանին հետ կանչելը ծայրահեղ միջոց է:

Արևելյան Երուսաղեմի շրջանում բնակավայրերի կառուցումը փաստացի կտրում է այնտեղ բնակվող պաղեստինցիներին Հորդանանի արևմտյան ափի ազգային ինքնավարությունից: Ընդ որում, իր  ծրագրերի մասին Իսրայելը հայտարարել է Պաղեստինի` ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալուց հետո, և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակեն բնակավայրեր հիմնել այնտեղ, որտեղ պահանջում են երկրի ռազմավարական շահերը:

Գերմանիան նույնպես դեմ է իսրայելական նոր բնակավայրերի կառուցմանը: Գերմանիայի իշխանությունները Իսրայելի կառավարությանը կոչ են անում դադարեցնել նոր տների շինարարությունը Հորդանանի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Շտեֆան Սայբերտը: Վերջինս նշել է, որ Իսրայելն այդ գործելակերպով կասկածի տակ է դնում խաղաղ երկխոսությանը մասնակցելու պատրաստակամությունը:

Թե ինչ կլինի այս ամենի արդյունքում, դեռ դժվար է ասել, բայց մի բան հստակ է` օր օրի միջազգային հանրությունը ավելի ու ավելի է կարևորում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Սակայն երբ հարցը հասնում է ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցերին, միջազգային հանրության դիրքորոշումները փոխվում են: Հավանաբար մեր տարածաշրջանի առանձնահատկություններն են դա թելադրում. մեր տարածաշրջանում միջազգային յուրաքանչյուր խաղացող մեր հիմնախնդիրը փորձում է օգտագործել սեփական շահերին ծառայեցնելու մղումով, իսկ ԼՂՀ հակամարտությունը մնում է չլուծված:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply