Ինչ է դեմոդեքսը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 8, 2012 7:16

Դեմոդեքսը  0,2-0,5 մմ չափսերով  ենթամաշկային տիզ է, որը մարդու  ու կաթնասունների մազապարկում, ճարպագեղձերում  է բնակվում:  Հիմնականում բնադրվում է դեմքին և ականջի անցումներում, չնայած լինում են դեպքեր, երբ տեղակայվում է մեջքին ու կրծքի շրջանում: Այս մակաբույծը չափազանց փոքր է, սակայն կարող է մեծ վնաս պատճառել նրան, ով վարակվել է:

Մարդկանց 97%-ը տառապում է  դեմոդեկոզից: Թիվը պատահական չէ.  դրա համար հետազոտվել է ավելի քան 1 մլն մարդ, տարբեր տարիքի, ազգության, սեռի, խավի պատկանելության ու զբաղմունքի: Ի դեպ, հետազոտությունը տևել է շուրջ 50 տարի:

Դեմոդեկոզի վնասը

Հիվանդությունը կոչվում է դեմոդեկոզ: Դեմոդեքս տիզի պատճառով հիվանդի մաշկը կարմրում է, մազաթափություն է սկսվում, առաջանում է մաշկի խոր շերտերի գրգռում : Այս տիզի զարգացման ու սնվելու համար պահանջվում են նյութեր, որոնք  տարբեր գեղձերում են արտադրվում: Տիզը թափանցում է մաշկի տակ, մազարմատի մեջ ու արմատից, մազից և գեղձերից կուլ տալիս բոլոր նյութերը:  Բացի դրանից, դեմոդեքսն օրգանիզմ է փոխանցում շատ վտանգավոր մանրէներ: Բանն այն է, որ ամեն օր երեկոյան տիզը դուրս է գալիս  մաշկի մակերես, որից հետո վերադառնում է կրկին մազապարկ` իր հետ տանելով մեծ թվով մանրէներ, որոնք մինչ այդ գտնվում  էին մաշկի վրա, դրա հետևանքով բորբոքվում է ճարպագեղձը և ի վերջո հանգեցնում գրգռման ու կարմրության,  պզուկների ու կորյակների առաջացման: Մաշկի ծակոտիները լայնանում են, մաշկը յուղոտում  է ու միևնույն ժամանակ` թեփոտում: Վարակվածը կարող է մաշկի քոր ու ցավ զգալ, ինչպես նաև կարող է զգալ, թե ինչպես է ինչ-որ բան սողում ու տեղաշարժվում:

Ախտանշանները

Արտաքին ախտանշաններով այն ալերգիա է հիշեցնում կամ արտահայտվում է պզուկների ու կորյակների տեսքով, որոնց պատճառը դեմոդեքս տիզի կենսագործունեությունն է:

Դեմոդեկոզի ախտանշաններից է բլեֆարիտը. կոպերի եզրերը բորբոքվում ու կարմրում են, առաջանում է քոր, իսկ երեկոյան  այն այնքան է ուժգնանում, որ դիմանալը դժվարանում է: Այս երևույթն ուղեկցվում է արցունքի կամ փրփրանման արտադրությամբ:

Հաճախ դա կարող է թարթիչները կորցնելու պատճառ դառնալ: Հիվանդության զարգացման հետ դիտվում է մշտական արցունքահոսություն, կարմրություն,  հիվանդին կարող է թվալ, թե աչքի մեջ  օտար մարմին կա:

Դեմոդեկոզի առաջացման  պատճառները

Ուսումնասիրությունները  ցույց  են տվել, որ մարդկանց մեծ մասը նույնիկ գլխի չի ընկնում դրանց գոյության, գտնվելու տեղի ու ակտիվության մասին: Բանն այն է, որ մինչև 3 առանձնյակի առկայությունը գեղձում ոչ մի էական փոփոխություն չի կարող առաջացնել օրգանիզմում ու մաշկի վրա, սակայն դրանց մեծ թիվը կարող է հանգեցնել հիվանդության տարածման: Տիզը գործում ու զարգանում է այնպես, որ մաշկի բնական միկրոֆլորան խախտվում է. դա հիվանդության տարածման նախնական փուլն է:  Հիմնականում դեմոդեքսը մաշկի մակերեսային դիրքում է հիմնավորվում, սակայն երբեմն կորտիկոստերոիդային քսուքների երկարատև կիրառման պատճառով տիզի էգը ձվադրումը կատարում է  մաշկի ավելի խոր շերտերում:

Օրգանիզմում ռեակցիաներ են սկսվում, ինչպիսին է, ասենք, ճարպի քիմիական բաղադրության փոփոխությունը, ինչը կապված է դեմոդեքսի կենսագործունեության հետ: Դրա հետևանքով  մաշկը բորբոքվում է: Մի համոզմունք կա մասնագետների մեջ, որ դեմոդեկոզի քրոնիկ տարբերակը իմունիտետի թուլացման հետ է պայմանավորված, ինչը նպաստում է  տիզի բազմացմանը: Դրա առաջացման պատճառ կարող են դառնալ, ասենք` ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, երկարատև նյարդային լարվածությունը, սթրեսները, ճարպափոխանակության խանգարումները, նյարդաներզատիչ ու հոգեկան, ինչպես նաև իմունային համակարգի հետ կապված հիվանդությունները:Դեմոդեկոզով վարակվելու պատճառ կարող են դառնալ նույնիսկ հայտնի մակնիշի դիմահարդարման պարագաները, եթե դրանց բաղադրության մեջ հորմոններ, կենսահավելումներ կան: Թխեցման մեծ ցանկության դեպքում, սաունա ու բաղնիք հաճախելը ևս հղի է դեմոդեկոզով վարակվելու վտանգով:

Թեստ. ունե՞ք արդյոք դեմոդեքս

Դրա համար հարկավոր է  հետևել, թե ունե՞ք արդյոք, թվարկված  հետևյալ ախտանշանները:

Եթե մաշկը կարմիր է,  բորբոքված, կոշտանում է ու մազաթափություն է դիտվում, ուրեմն, տիզերի ակտիվացում կա:

Հաստատ  դեմոդեքսի վկայություն է  գլխամաշկի ու երեսի քորով ուղեկցվող   ցավի զգացումը: Սովորաբար  դեմոդեքսի  կողմից խոցելի են  այտերը, քթի ներքևի հատվածն ու ճակատը: Ախտանշանները հայտնվում են երեկոյան, այդ ժամանակ է, որ առավելագույն ակտիվություն է նկատվում,  տիզն այդ ժամերին մաշկի մակերեսին է գտնվում ու բազմանում:

Այն զգացումը, որ ինչ-որ բան քոր է գալիս, իսկույն  ուշադրություն չի գրավում. այդ է  պատճառը, որ շատերը,  առանց հատուկ ուշադրության, մեխանիկորեն քորում կամ քորն անգիտակցորեն մեղմացնում են տրորելով: Կողքից դիտողները հաճախակի կարող են տեսնել, թե ինչպես են իրենց շրջապատողները քորում քիթը, ճակատը, այտերը ու նույնիսկ չեն  էլ զգում դա:

Սակայն քորը դեմոդեկոզի պարտադիր պայման չէ: Երբեմն կարող է նույնիսկ քորի զգացում չլինել:Դեմոդեկոզը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում. թարախակույտ, պզուկ, կորյակ, խոց ևն: Հետագայում հիվանդությունը զարգանում է և ընդգրկում  կրծքամաշկը, ոտքերը, ուսերը և թիկունքը:

Դեմոդեկոզի այլ նշաններ

Մեծանում է հիվանդի քիթը: Երբեմն` խիստ էական, ու  կապտակարմիր սալորի գույն է ստանում (այն բժշկության մեջ «ռինոֆիմա» անունն ունի):

Առաջանում է տարատեսակ քոր, այդ թվում` գլխամաշկի, ու երբեմն հանգեցնում գլխի մազերի, թարթիչների թափվելու,  կամ մազերը որակապես խիստ տուժում են,դառնում նոսր ու փխրուն, կարող են նույնիսկ փշրվել: Դեմքի մաշկի տակ թվում է` ինչ-որ բան է տեղաշարժվում, խուտուտ տալիս ու քոր գալիս: Երբեմն դա մարդու համար այնքան աննկատ է, որ նա ակամա է տրորում  դեմքը, մեխանիկորեն: Հատկապես վիճակը սրվում է երեկոյան ու անցնում լուսադեմին: Դեմքի վրա առաջանում են վարդագույն կամ կարմիր գույնի հետքեր, մաշկի ծակոտիները զգալիորեն լայնանում են: Մաշկը թեփոտում է, հետն էլ յուղոտում: Մաշկի վրա առաջանում են կոշտ գնդեր:

Դեմոդեկոզի բուժումը յուրաքանչյուրն ինքը պետք է ընտրի` կախված հիվանդանալու ժամանակից, մաշկի տեսակից, իմունիտետից : Գոյություն ունի  բուժման ենթադրվող ժամանակ` միջինը` 8 շաբաթ: Դրա համար հարկավոր է այդ ժամանակը բաշխել հետևյալ փուլերի.

Բուժման առաջին փուլում պետք է վերանայել սննդակազմը, փորձել հեռու մնալ սթրեսներից, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներից: Հայտնի է, որ մաշկային խնդիրներում մեծ է ստամոքսաղիքային տրակտի «մեղքը»:

Երկրորդ փուլը պետք է սկսել մակաբույծի դեմ անմիջական պայքարով. դրա համար հատուկ քսուքներ և օճառներ կան:

Երրորդ փուլում հարկավոր է մաշկի բորբոքման  պատճառը վերացնել:

Այստեղ թերևս հարկ չկա ներկայացնել դեղացանկ, սակայն կարելի է փորձել բուժվել առաջարկվող  ժողովրդական միջոցներից ամենահասարակ տարբերակով.

6 պճեղ սխտորը պետք այնքան մանրացնել, որ մածուկի նմանվի, ապա վրան ավելացնել կես թ/գդալ արևածաղկի ձեթ ու խառնել: Ստացված խառնուրդից քսել թանզիֆին ու ու դնել ախտահարված մասին: Վրայից` պոլիէթիլեն դնել  ու հնարավորության դեպքում` կապել: Նման թրջոցը պետք է կես ժամ պահելուց հետո հանել, ապա լվացվել  տաք ջրով:

Դիտվել է 14511 անգամ:
Print Friendly

Leave a Reply