Ինչո՞ւ են անջատում մեր քաղաքացիների էլեկտրականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 11, 2012 12:10

Քաղաքացիները դժգոհում են, որ վերջին շրջանում էլեկտրական հոսանքի տատանումներ են լինում, կամ օրվա ընթացքում պատահում են դեպքեր, ընդ որում` հաճախակի, որ առանց նախապես հայտնելու` իրենց բնակարաններում և աշխատավայրերում էլեկտրականությունը անջատվում է. առանց  նախապես հայտարարված պլանային աշխատանքներ կատարելու համար անջատումների: Հետևանքն այն է, որ էլեկտրաէներգիայով աշխատող սարքավորումները հայտնվում են փչանալու վտանգի առջև:

Ո՞վ է պատասխանատու էլեկտրականության անհարկի անջատումների համար

 

Փորձեցինք պարզել, թե որն է նման երևույթի պատճառը: Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002 թ. մայիսին` պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման չորս ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ, և ընկերությունը սպասարկում է մոտ 935 000 սպառողի:Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ դուստր ընկերություն: Իսկ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատորը: Ռուսական ընկերության կողմից ձեռքբերման ժամանակ էլ, ինչպես հիշում են բոլորը,  «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն խոստացել էր խոշոր ներդրումներ կատարել Հայաստանի այս ոլորտում: Նույնիսկ «ՀԷՑ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում էլ է նշվում, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն ամենամյա ներդրումներ է նախատեսում ցանցերի վերակառուցման և զարգացման համար: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության կողմից ներկայացված 2007-2009 թթ. ներդրումային ծրագրերը, որոնցում նախատեսված է ենթակայանների, մալուխային և օդային գծերի և այլ էներգետիկ օբյեկտների կառուցում, վերակառուցում և վերազինում:

Ի լրումն` ճապոնական միջազգային համագործակցության բանկի կողմից ընկերությանը տրամադրվել է արտոնյալ վարկ 110 կՎտ 13 ենթակայանների վերակառուցման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ենթակայանների հիմնական սարքավորումների փոխարինում, լարման 110-35-6(10) կՎտ մակարդակների վրա:

Ըստ պաշտոնական լրատվության` աշխատանքներ են տարվել տվյալների բազաները նոր տեղեկատվական ծավալներով հարստացնելու ուղղությամբ, որոնք պետք է հնարավորություն տան ավելի լիարժեք արտացոլելու ընկերության գործունեությունը առևտրային և ինժեներական ոլորտներում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը բարձր լարման ցանցում ԷՀՀԱ (էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման ավտոմատացված) համակարգի ամբողջական ներդրման բարեհաջող ավարտից հետո շարունակել է գործընթացը, այս անգամ` ցածր լարման ցանցում (6/10կՎտ և 0,4կՎտ): Ներկայումս այն պիլոտային ծրագրերի հիման վրա ներդրվում է ընկերության սպասարկման տարածքի 2%-ի վրա: 2008 թ. նախատեսվում է նմանատիպ ծրագրերի հիման վրա PLC տեխնոլոգիաների ներդրումը շարունակել` կիրառելով սպասարկման տարածքի 8-10%-ի վրա, իսկ հետագայում ներդնել ամբողջապես»,- դեռևս 4 տարի առաջ ասում էին ընկերությունից:

«ՀԷՑ» ՓԲԸ ղեկավարության որոշմամբ 2011 թ. օգոստոսի 1-ից 35-110 կՎտ ենթակայանների սարքավորումների և օդային գծերի վերանորոգման բոլոր գործառույթներն էլ իրականացվելու էին սեփական միջոցներով: Աշխատանքի վերակազմակերպումը, որը նախկինում իրականացվում էր աութսորսինգի սխեմայով, պայմանավորված էր 35-110 կՎտ ենթակայանների սարքավորումների և օդային գծերի վերանորոգման աշխատանքներին ուղղված ծախսերի օպտիմալացմամբ, ընկերություն մասնագետներ ընդունելու միջոցով կադրային ներուժի ամրապնդմամբ, վերոհիշյալ աշխատանքների որակի ու օպերատիվության բարձրացմամբ, ինչպես նաև բոլոր տեխնոլոգիական հարցերը որոշելու համար պատասխանատվությունը կենտրոնից ընկերության մասնաճյուղերին փոխանցելով:

Նշված բոլոր միջոցառումները պետք է ծառայեին մեկ նպատակի` Հայաստանում բնակիչների էլեկտրամատակարարման որակն ու ծառայությունները հասցնել նոր մակարդակի, հնարավորինս բացառել վթարները և ապահովել անխափան ու որակյալ էլեկտրամատակարարում:

Հին էլեկտրահաղորդման գծերը նորացման կարիք ունեն

 

Բայց արդեն 2012 թվականն է, ու քաղաքացիները դեռ բողոքում են էլեկտրականության անհարկի ու չզգուշացված անջատումներից:

«Անկախը» զրուցեց «ՀԷՑ» աշխատակիցներից Ս.Ա.-ի հետ, որը, բնականաբար, չցանկացավ ներկայանալ. աշխատանքը կորցնելու վտանգ կա: Նա պատմեց, որ թեև ընկերությունը, որպես ներդրումային ծրագիր, պետք է փոխի էլեկտրական գծերը, որոնք հին են և հաճախակի վթարների ու էլեկտրամատակարարման խափանման պատճառ են դառնում, սակայն ընկերությունում դեռ չեն շտապում փոխել այդ էլեկտրալարերը. դա հսկայական գումարների հետ է կապված:

Հենց սրա հետևանքով էլ օրվա մեջ լինում են դեպքեր, երբ էլեկտրականությունն անջատվում է: Դա լինում է երբեմն մի քանի վայրկյանով, երբեմն` րոպեով, երբեմն էլ` ժամերով: Երբ մի քանի րոպեով կամ ժամով են լինում խափանումները, դեռ ոչինչ, բնակիչները կարողանում են անջատել իրենց էլեկտրական սարքերը, ու էլեկտրականության միացումից հետո դրանք տատանումից չեն փչանում: Սակայն երբ տատանումներ են լինում վայրկյանների ընթացքում, ոչ ոք չի հասցնում անջատել կամ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, և էլեկտրական սարքավորումները, որոնց մեծ մասը թանկարժեք է, հայտնվում են փչանալու վտանգի տակ: Իսկ այդ դեպքում բավականին դժվար է «ՀԷՑ»-ից թերացման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում պահանջելը, քանի որ դեռ պետք է ապացուցել, որ հենց այդ տատանումներն են եղել վնասի առաջացման պատճառը, այդ տատանումները ընկերության թերացման արդյունքն են և այնուհետև դատական կարգով ապացուցել, որ ընկերությունն է մեղավոր դրա համար: Մի խոսքով` բյուրոկրատական քաշքշուկների մի ամբողջ շարան, որի վերջն էլ դեռ կասկածելի է:

Մենք փորձեցինք «ՀԷՑ» ՓԲԸ-ից ստանալ պաշտոնական պարզաբանում թե՛ ընկերության կատարած ներդրումների չափի ու ոլորտների, թե՛ էլեկտրահաղորդման լարերի փոփոխությունների հետ կապված մանրամասների, թե՛ էլեկտրականության հաճախակի կրկնվող, չհայտարարված անջատումների վերաբերյալ: Սակայն այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանի հետ. գործավարուհին այդպես էլ չկարողացավ մեզ միացնել նրա հետ: Սակայն անկեղծ հույս ու ակնկալիքներ ունենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ն դեռ կներկայացնի անհրաժեշտ պարզաբանումները:

 

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply